Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, որը Մանվել Գրիգորյանի սանիկն է, եւ որին 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան, որովհետեւ փորձել է Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը հանել քաղաքից, պարզվում է՝ մեդալներ եւ պարգեւներ ստանալու հանդեպ մեծ սեր ունի եւ այս առումով՝ հարուստ կենսագրություն։
«Հրապարակ» թերթը գրել է․ Ավելի «մեծ պատմություն», քան իր աշխատանքային գործունեությունն է: Իհարկե, քավորի՝ Մանվել Գրիգորյանի անունն արդեն հուշում է, թե ում շնորհիվ է նա հասել այդ «փառքին»:
Ըստ պաշտոնական կենսագրության՝ Անանիկ Ոսկանյանը 1989 թվականին դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին (1989-1994թթ․): 1994-1997թվականներին աշխատել է Պեմզաշենի շինիրերի կոմբինատում` որպես վարպետ, եւ 28.05.1997 թվականին պարգեւատրվել է Մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանով:
31 տարեկան հասակում (2003-2007թթ.) նա սովորել եւ ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ֆինանսատնտեսական ֆակուլտետը, միաժամանակ աշխատել է որպես «Արթուր-91» ՍՊԸ-ի քարարդյունաբերական հիմնարկի տնօրեն եւ զբաղեցրել ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահի պաշտոնը: 2005թ․ պարգեւատրվել է ԼՂՀ նախագահի «Մարտական ծառայություն» եւ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, 2006 թվականին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով, 2007 թ․՝ ՀՀ Երկրապահ կամավորական միության նախագահի «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով եւ «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով: 2010 թվականին ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալ է ստացել, իսկ 2012 թվականին՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ, «5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհուրդ» հուշամեդալ եւ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ:
2014 թվականին ՀՀ վարչապետի կողմից «ՀՀ վարչապետի անվանական զենք» է նվեր ստացել, 2015թ․՝ «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալ, 2017թ․՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի «ՀՀ Ազգային ժողով» հուշամեդալ, 28.11.2017 թ․ ՀՀ վարչապետի հուշամեդալ։ Սակայն այսքանով ցանկը չի ավարտվում: Մեր աչքից չվրիպեց, որ 2014 թվականին Անանիկ Ոսկանյանը պարգեւատրվել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Անվեհեր փրկարար» մեդալով: «Անվեհեր փրկարար» մեդալը Հայաստանի Հանրապետության փրկարարներին տրվող գերատեսչական պարգեւ է, շնորհվում է ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Մեդալով պարգեւատրվում են բացառապես փրկարար ծառայության աշխատակիցները։ Պարգեւը շնորհելու իրավասություն ունի համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Մի խոսքով, Արթիկի համայնքապետը ե՛ւ մեր երկրի լավագույն երկրապահներից է, ե՛ւ լավագույն մարտիկներից ու ծառայողներից, ե՛ւ լավագույն փրկարարը։

Բաց մի թողեք
ՔՊ-ն պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը
Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ․ Լուսանկար
Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան