23/08/2026

EU – Armenia

Եվ անցել է ընդամենը 36 տարի … Անկախության ծննդյան վկայականը և ազգային արժանապատվության վերականգնման հարցը

36 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, ես Երևանի Մելիք-Ադամյան փողոցում էի՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստերի դահլիճի դիմաց։

Այդ օրը այնտեղ ծնվում էր մի փաստաթուղթ, որը մեզ համար պարզապես իրավական ակտ չէր։ Այն Հայաստանի անկախ պետականության ծննդյան վկայականն էր՝ Անկախության հռչակագիրը։

Բնականաբար՝ այն ընդունվեց։ Եվ այդ ընդունումը միայն խորհրդարանի պատերի ներսում տեղի ունեցող քաղաքական իրադարձություն չէր։ Այն դրսում կանգնած հազարավոր մարդկանց համար պատմության մի պահ էր, երբ թվում էր՝ դարերի ընթացքում կուտակված երազանքը վերջապես մարմին է ստանում։ Հայաստանը կրկին գնում էր դեպի անկախ պետականություն։

Այդ օրը տոն էր։ Ցնծություն էր։ Հետո այդ ցնծությունը տեղափոխվեց Ազատության հրապարակ։ Մարդիկ երգում էին, գրկախառնվում, հուզվում։ Շատերի աչքերին երջանկության արցունքներ էին։ Ես էլ այնտեղ էի։

Այդ ժամանակ ես Հայաստանի Հանրապետության Հատուկ գնդի Աշտարակի վաշտի կամավոր զինվորներից մեկն էի։ Ժամանակին՝ ֆիդայի, այդ պահին՝ ազատամարտիկի կարգավիճակում։ Եվ այդ օրը ինձ համար առանձնահատուկ էր նաև այն պատճառով, որ հայրիկիս կողքին էի։

Ես հիշում եմ ոչ միայն քաղաքական իրադարձությունը, այլև զգացողությունը։ Այն զգացողությունը, որ մենք վերջապես մեր երկրի տերն ենք լինելու։ Այն հավատը, որ անկախ Հայաստանը այլևս ոչ ոք չի կարող մեզնից վերցնել։ Այն հպարտությունը, որ մեր պայքարը, մեր զոհերը, մեր երիտասարդության նվիրվածությունը, մեր նախնիների երազանքը վերածվում են պետական իրականության։

Օգոստոսի 23-ը հենց այդ պատճառով ինձ համար պարզապես տարեդարձ չէ: Այն իմ կյանքի հիշողության մեջ կապված է Հայաստանի պետականության վերածննդի հետ։

Եվ անցել է ընդամենը 36 տարի…

36 տարի պատմական ժամանակի մեջ գրեթե ակնթարթ է։ Մի ամբողջ սերունդ դեռ հիշում է 1990 թվականի օգոստոսի 23-ը։ Շատերն այդ օրը եղել են հրապարակներում, փողոցներում, Գերագույն խորհրդի շենքի մոտ։ Շատերն են հիշում այն զգացողությունը, որ Հայաստանը ոչ թե պարզապես Խորհրդային Միության կազմում գտնվող հանրապետություն էր, այլ պետական անկախության ճանապարհին կանգնած ժողովուրդ։

Եվ այսօր, 36 տարի անց, մենք կանգնած ենք մի իրողության առաջ, որն ինձ համար ոչ միայն քաղաքական, այլև ազգային արժանապատվության հարց է։ Այսօր իշխանությունը խոսում է նոր Սահմանադրության մասին, և այդ գործընթացը կապվում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։

Բայց այստեղ ամենակարևոր հարցը պետք է տա հենց Հայաստանի քաղաքացին. Ի՞նչ գին ենք մենք պատրաստ վճարել խաղաղության համար։

Եվ արդյո՞ք խաղաղություն է այնպիսի պայմանավորվածությունը, որի դիմաց Հայաստանի Հանրապետությունից պահանջվում է գաղափարապես նահանջել իր անկախ պետականության հիմնարար փաստաթղթից։

Եթե Հայաստանի նոր Սահմանադրության նախաբանից հանվում է Անկախության հռչակագրի հղումը, ապա դա չի կարելի ներկայացնել որպես պարզապես տեխնիկական կամ իրավական խմբագրում։ Որովհետև Անկախության հռչակագիրը Հայաստանի անկախ պետականության գաղափարական հիմքերից մեկն է։ Այն փաստաթուղթն է, որով 1990 թվականին Հայաստանի ժողովուրդը հայտարարեց իր քաղաքական կամքը՝ վերականգնելու անկախ պետականությունը։ Ուստի հարցը միայն այն չէ, թե Սահմանադրության նախաբանում ինչ բառեր են լինելու կամ չեն լինելու։

Հարցն ավելի խորն է. Ի՞նչ է մենք հասկանում Հայաստանի Հանրապետություն ասելով։ Անկախությունը չի կարելի վերածել սակարկության առարկայի: Ես այն սերնդից եմ, որը անկախությունը պարզապես դասագրքից չի սովորել։ Մենք այն ապրել ենք։ Մենք դրա համար կանգնել ենք սահմանին։ Մենք զենք ենք վերցրել։ Մենք կորուստներ ենք ունեցել։ Մենք հավատացել ենք, որ մեր երեխաները ապրելու են անկախ Հայաստանում։

Եվ այսօր, երբ իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ որոշակի սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են խաղաղության հասնելու համար, բնական է, որ առաջանում է շատ պարզ հարց. Իսկ ո՞վ է որոշել, որ Հայաստանի պետական ինքնության հիմքերը կարող են դրվել բանակցային սեղանին։

Խաղաղությունը կարևորագույն արժեք է։ Ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ցանկանալ պատերազմ։ Ոչ մի հայր չի ցանկանում իր որդուն ուղարկել պատերազմի։ Ոչ մի մայր չի ցանկանում ապրել պատերազմի սպասումով։ Բայց խաղաղությունը չի կարող նշանակել ազգային ինքնության, պատմական հիշողության և պետական ինքնիշխանության աստիճանական հրաժարում։

Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Խաղաղությունը պետք է լինի փոխադարձ։ Խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե մեկ կողմի մշտական զիջումների, այլ երկու պետությունների իրավահավասարության վրա։ Հակառակ դեպքում դա խաղաղություն չէ, այլ պարտադրված դադար՝ հաջորդ պահանջին սպասելու համար։

Իսկ եթե պահանջները շարունակվե՞ն

Այսօր մենք լսում ենք, որ որոշակի սահմանադրական փոփոխություն կարող է ճանապարհ բացել խաղաղության պայմանագրի համար։ Բայց պատմության մեջ չկա որևէ երաշխիք, որ մեկ զիջումը վերջին զիջումն է լինելու։ Եթե այսօր պահանջը Անկախության հռչակագրի հետ կապված ձևակերպումներն են, վաղը կարող են առաջանալ նոր պահանջներ։ Եվ այստեղ պետք է շատ պարզ մտածել՝ առանց վախի, առանց քարոզչական աղմուկի և առանց որևէ իշխանության նկատմամբ կույր հավատարմության։

Ի՞նչ է լինելու հաջորդը։ Որտե՞ղ է ավարտվելու զիջումների սահմանը։ Ո՞վ է այն գիծը որոշելու։ Եվ ամենակարևորը՝ ո՞վ է երաշխավորելու, որ Հայաստանի Հանրապետությունը չի հայտնվի այնպիսի քաղաքական գործընթացի մեջ, որտեղ յուրաքանչյուր նոր զիջում ներկայացվելու է որպես «խաղաղության վերջին անհրաժեշտ քայլ»։

Ահա այստեղ է, որ իմ մտքում հնչում է ամենածանր մտավախությունը՝ Հայաստանը չպետք է հայտնվի սեփական պետական ինքնությունից աստիճանաբար հրաժարվելու ճանապարհին։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող ադրբեջանական քաղաքական թեզերը հենց այդ պատճառով պետք է շատ լուրջ ընդունել։

Մենք չպետք է ապրենք ինքնախաբեությամբ: Պետք է տեսնենք ոչ միայն այն, ինչ այսօր գրված է փաստաթղթերում, այլև այն քաղաքական պահանջների տրամաբանությունը, որոնք հնչում են Ադրբեջանի կողմից։ Պետությունը պարտավոր է մտածել ոչ միայն այսօրվա պայմանագրի, այլև վաղվա Հայաստանի մասին։

1990-ի Հայաստանը և 2026-ի Հայաստանը

1990 թվականին մենք անկախությունը պատկերացնում էինք որպես բացվող ճանապարհ։ Այսօր նույն ճանապարհի վրա կանգնած ենք մեկ այլ կետում։ Եվ սա ամենացավոտ հակասությունն է։

Այն ժամանակ մենք պայքարում էինք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա ավելի ինքնիշխան։ Այսօր ստիպված ենք պայքարել, որպեսզի ինքնիշխանության իմաստը չսահմանափակվի միայն պետության անունով և պետական դրոշով։

Ինքնիշխանությունը նաև քաղաքական կամքն է։ Պատմական հիշողությունն է։ Սեփական պետականության հիմքերի նկատմամբ հարգանքն է։ Սեփական ժողովրդի արժանապատվությունն է։ Եվ եթե իշխանությունը հասարակությանը ասում է՝ «սա պետք է անել, որովհետև այլ ճանապարհ չկա», ապա ժողովրդավարական պետությունում պատասխանը պետք է լինի. Իսկ ինչո՞ւ չկա այլ ճանապարհ։ Ո՞վ է այն փնտրել։ Ի՞նչ այլընտրանքներ են քննարկվել։ Ի՞նչ երաշխիքներ են ձեռք բերվել։ Ի՞նչ է Հայաստանը ստանում ոչ միայն այսօր, այլև տասը, քսան, հիսուն տարի հետո։ Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումների մեջ ադրբեջանական պահանջը պետք է դառնա հայկական սահմանադրական գործընթացի չափանիշ։

Այս հարցը միայն Նիկոլ Փաշինյանի մասին չէ

Այստեղ ես ուզում եմ ավելի լայն հարց բարձրացնել։ Խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանը չէ։ Խնդիրը միայն ՔՊ-ախտ ուսպարկերը չեն։ Խնդիրը նաև այն քաղաքական մշակույթն է, որի պայմաններում իշխանությունը կարող է մտածել, թե ժողովրդի փոխարեն ինքն է որոշում՝ ինչ չափով կարելի է զիջել ազգային պետականության գաղափարական հիմքերը։

Իշխանությունը գալիս է և գնում։ Կառավարությունները փոխվում են։ Վարչապետները փոխվում են։ Խորհրդարանները փոխվում են։ Բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է մնա։ Եվ հենց այդ պատճառով ոչ մի ժամանակավոր իշխանություն չպետք է իրեն նույնացնի պետության հետ։

Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ։ Հայաստանը Քաղաքացիական պայմանագիրը չէ։ Հայաստանը որևէ կուսակցության սեփականությունը չէ։ Հայաստանը մեր բոլորինն է։ Եվ իշխանությունը, որը ժամանակավորապես ստացել է ժողովրդի քվեն, պարտավոր է հիշել, որ իրեն տրված է ոչ թե Հայաստանի պատմությունը վերաշարադրելու, այլ պետությունը կառավարելու մանդատ։

Ի՞նչ անել

Այս հարցի պատասխանը պետք է լինի ոչ թե բռնությունը, ոչ թե քաոսը, ոչ թե ներքին թշնամանքի խորացումը։ Հայաստանին այսօր անհրաժեշտ է քաղաքական, քաղաքացիական և ազգային արժանապատվության վերականգնման խաղաղ պայքար։ Եթե իշխանությունը գնում է այնպիսի ճանապարհով, որի հետ քաղաքացին համաձայն չէ, ապա քաղաքացին ունի ժողովրդավարական գործիքներ։

Պետք է օգտագործել դրանք։ Պետք է պահանջել հանրային լայն քննարկումներ։ Պետք է պահանջել բաց և թափանցիկ բանակցային գործընթաց։ Պետք է պահանջել, որ սահմանադրական փոփոխությունների հարցը չդառնա որևէ արտաքին ուժի հետ պայմանավորվածության գաղտնի գին։ Պետք է պահանջել քաղաքական ուժերից ոչ թե անձնական հաշվեհարդար, այլ պետական ռազմավարություն։ Պետք է ձևավորվի այնպիսի քաղաքական օրակարգ, որտեղ Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնությունը կլինեն ոչ թե նախընտրական կարգախոսներ, այլ պետական քաղաքականության հիմք։

Եվ եթե ժողովուրդը որոշի, որ գործող իշխանությունը կորցրել է իր վստահությունը, ապա դրա լուծումը պետք է լինի ազատ և արդար ընտրությունը։ Ոչ թե փողոցային բռնությունը։ Ոչ թե ներքին պատերազմը։ Ոչ թե վրեժը։ Իշխանությունից կարելի է ազատվել ընտրությամբ։ Պետությունը կարելի է փրկել միայն պետական մտածողությամբ։

Ազգային արժանապատվությունը չի նշանակում պատերազմ

Սա նույնպես պետք է հստակ ասել։ Հայաստանի ազգային արժանապատվության վերականգնումը չի նշանակում պատերազմի վերադարձ։ Հայրենասիրությունը չի նշանակում ատել հարևանին։ Խաղաղասիրությունը չի նշանակում հրաժարվել սեփական ինքնությունից։ Այս երկու ծայրահեղությունների միջև կա երրորդ ճանապարհը՝ արժանապատիվ խաղաղությունը։ Մենք կարող ենք խաղաղություն ցանկանալ և միաժամանակ պաշտպանել մեր պատմական հիշողությունը։ Մենք կարող ենք ճանաչել հարևանների գոյության իրավունքը և միաժամանակ չընդունել այն քաղաքական թեզերը, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի գոյության իրավունքը։

Մենք կարող ենք հրաժարվել պատերազմից՝ առանց հրաժարվելու ինքներս մեզնից։ Սա է հասուն պետության ճանապարհը։

Այսօր ես կրկին հիշում եմ հայրիկիս

36 տարի առաջ ես Մելիք-Ադամյան փողոցում էի։ Հայրիկիս կողքին։ Աչքերիս առաջ՝ այն Հայաստանը, որի անկախությունը վերջապես դառնում էր իրականություն։ Հիշում եմ մարդկանց դեմքերը։ Հիշում եմ ցնծությունը։ Հիշում եմ այն երջանկության արցունքները, որոնք այդ օրը շատերի աչքերին էին։ Եվ այսօր, 36 տարի անց, ես ինքս ինձ հարց եմ տալիս. Եթե այդ օրը հայրիկիս հետ կանգնած լինեի նույն տեղում և իմանայի, թե 36 տարի հետո ինչպիսի քննարկման առաջ է կանգնելու Հայաստանը, ի՞նչ կասեի նրան։

Գուցե միայն սա. Մենք դեռ պետք է պահենք այն, ինչի համար այդ օրը ուրախանում էինք։ Որովհետև Անկախության հռչակագիրը պարզապես 1990 թվականի փաստաթուղթ չէ։ Այն մեր պատմության մի պահն է, երբ ժողովուրդը բարձրաձայն ասաց՝ մենք ուզում ենք լինել անկախ պետություն։ Այդ խոսքը չի կարելի դարձնել օտար քաղաքական պահանջների առարկա։

Օգոստոսի 23-ը նաև մտածելու օր է

Այսօր տոն է։ Բայց այսօր նաև մտածելու օր է։ Մտածելու այն մասին, թե ինչու 36 տարի առաջ մենք երջանկության արցունքներ էինք թափում, իսկ այսօր ստիպված ենք անհանգստանալ, թե արդյոք մեր անկախ պետականության գաղափարական հիմքերը չեն դառնալու քաղաքական սակարկության առարկա։ Մտածելու այն մասին, թե ինչ Հայաստան ենք թողնելու մեր երեխաներին։ Մտածելու այն մասին, թե արդյոք մեր սերունդը իրավունք ունի այնպիսի որոշումներ ընդունելու, որոնց հետևանքները կարող են կրել մեր թոռները։ Մտածելու այն մասին, թե ինչ է նշանակում հայ լինել սեփական պետության մեջ։ Եվ վերջապես՝ մտածելու այն մասին, թե ինչպիսի իշխանություն է պետք Հայաստանին։

Ինձ համար պատասխանը պարզ է. Հայաստանին պետք է իշխանություն, որը չի ամաչում Հայաստանի պատմությունից։ Իշխանություն, որը չի փորձում ազգային ինքնությունը ներկայացնել որպես խոչընդոտ։ Իշխանություն, որը խաղաղություն է փնտրում, բայց ոչ սեփական արժանապատվության հաշվին։ Իշխանություն, որը բանակցում է, բայց չի ծնկում։ Իշխանություն, որը հասկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի նվերը չէ։ Այն ստեղծվել է սերունդների պայքարով, զոհողություններով, հավատով և պետական մտածողությամբ։ Եվ մենք իրավունք չունենք այդ ամենը կորցնելու՝ այն անվանելով «խաղաղության գին»։

36 տարի առաջ ես հորս կողքին կանգնած էի և ուրախանում էի Հայաստանի անկախության ծննդյան համար։ Այսօր ես նույն Հայաստանի համար մտահոգված եմ։ Բայց մտահոգությունը չպետք է վերածվի հուսահատության։ Այն պետք է վերածվի գիտակցության։ Քաղաքացիական դիրքորոշման։ Քաղաքական պայքարի։ Պետական մտածողության։ Եվ, ամենակարևորը՝ ազգային արժանապատվության վերականգնման վճռականության։ Որովհետև անկախությունը մեկ անգամ հռչակվող փաստաթուղթ չէ միայն։ Անկախությունը ամեն օր պահպանվող պատասխանատվություն է։

Եվ եթե 1990 թվականի օգոստոսի 23-ին մեր սերունդը կանգնեց Հայաստանի անկախության կողքին, ապա այսօր մեր սերնդի պարտքն է կանգնել նրա պետականության, ինքնիշխանության և արժանապատվության կողքին։

Օգոստոսի 23-ը ծննդյան օր է։ Բայց նաև երդման օր է։ Երդման՝ երբեք չմոռանալու, թե ինչի համար էր այդ օրը մեր աչքերում երջանկության արցունքներ։ Եվ երբեք թույլ չտալու, որ Հայաստանի անկախության ծննդյան վկայականը վերածվի Հայաստանի անկախությունից հրաժարվելու փաստաթղթի։

Հայաստանը պետք է խաղաղ ապրի։ Հայաստանը պետք է անկախ ապրի։ Հայաստանը պետք է արժանապատիվ ապրի։ Եվ այդ երեքը միմյանց հակասող նպատակներ չեն։ Դրանք նույն ազգային նպատակի երեք կողմերն են։

Սիմոն Սարգսյան