ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատության է ենթարկել իշխանությունների վարած բանակցային քաղաքականությունը՝ պնդելով, որ բանակցելու անհրաժեշտ կարողությունների բացակայությունը Հայաստանին պարբերաբար խնդիրների առաջ է կանգնեցնում։
Նրա գնահատմամբ՝ իշխանությունը մի շարք դեպքերում չի կարողացել արդյունավետ բանակցություններ վարել և արդյունքում կորցրել է տարբեր գործընկերների։ Կարապետյանը նաև նշել է, որ իշխանությունները սեփական բանակցային անհաջողությունների պատասխանատվությունը հաճախ փորձում են վերագրել այլ կողմերի։
Խմբակցության ղեկավարը Փաշինյանի բանակցային մոտեցումը բնութագրել է որպես «կա՛մ-կա՛մ» տրամաբանություն՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը պետք է ենթադրի նաև այլընտրանքային տարբերակների որոնում։ Նրա խոսքով՝ Արցախյան հակամարտության բանակցային փուլում ևս իշխանության մոտեցումը սահմանափակվել է երկու տարբերակի ընտրությամբ՝ պատերազմի կամ զիջումների միջև։
Կարապետյանի համոզմամբ՝ բանակցություններում միայն երկու հակադիր տարբերակների առկայությունը սահմանափակում է դիվանագիտական հնարավորությունները, մինչդեռ արդյունավետ բանակցությունների նպատակը նոր լուծումների և փոխզիջումային տարբերակների որոնումն է։
«Բանակցությունների բազային կարողությունների բացակայությունն արդեն որերորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում, ուղղակի չեն կարողանում նորմալ բանակցել, արդեն որերորդ գործընկերոջն են կորցնում:Այսքան ժամանակ չի եղել մի ոլորտ, որտեղ կարողանան լավ բանակցել, իր բանակցային ոճն այսօրվա ելույթում վառ արտահայտվում է՝ «կա՛մ-կա՛մ» է, «և՛-և՛» չկա։ Արցախյան հակամարտության այն փուլում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կա՛մ պատերազմի, կա՛մ զիջման, իր տեսլականը երկու տարբերակ էր, բայց միշտ կան երրորդ տարբերակները, դիվանագիտությունն էլ դրա մասին է»,- պնդել է Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ այն գնահատելով որպես նրա մոտեցումների և բանակցային մտածելակերպի արտահայտություն։
Կարապետյանի խոսքով՝ Փաշինյանն իր ելույթի ընթացքում մի շարք հարցերում բացահայտել է այն դիրքորոշումները, որոնց մասին ընդդիմությունն, իր պնդմամբ, երկար ժամանակ բարձրաձայնում էր։
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի հետ կապված վարչապետի հայտարարություններին՝ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանն ուղղակիորեն կապ է տեսել ստեղծված իրավիճակի և Արցախի թեմայի միջև։ Նրա մեկնաբանությամբ՝ խնդրի հիմքում Արցախի հիշատակումն ու այդ թեմայի բարձրաձայնումն է, մինչդեռ իշխանության ներկայացրած մյուս պատճառները, ըստ նրա, օգտագործվում են որպես միջոց՝ հոգևոր կենտրոնի նկատմամբ քաղաքական ազդեցություն ապահովելու համար։
Կարապետյանը նշել է, որ Փաշինյանի վերջին հայտարարությունները հնարավորություն են տվել առավել հստակ հասկանալու իշխանության մոտեցումները ինչպես եկեղեցու, այնպես էլ Արցախի հարցի վերաբերյալ։
«Մի քանի տեղ բացեց խաղաքարտերը, վերջապես մի քանի տեղ այն, ինչը մենք ամիսներով ասում էինք, ինքը քիչ առաջ ասաց»,- ասել է Կարապետյանը։

Բաց մի թողեք
Ուշադրություն դարձրեք Փաշինյանի այսօրվա ելույթին և տեսեք, թե ուր է նա մեզ տանում
Պետք է լինեն նոր ընտրություններ, առանց սրանց
Անձամբ ՔԵԶ էր անհրաժեշտ, որ հասկանայիր, Նիկոլ Փաշինյան