Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և ներկայացրել արտաքին քաղաքականության այս ուղղության վերաբերյալ իշխանության մոտեցումը։
Նրա խոսքով՝ որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չներառել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Փաշինյանը նշել է, որ այդ որոշման պատճառների վերաբերյալ հանրությանը բացատրություններ ներկայացնելու անհրաժեշտությունը քննարկվում էր, սակայն միջազգային զարգացումները, ըստ նրա, ավելի ակնհայտ ցույց տվեցին հարցի շուրջ առկա գործընթացների էությունը։
Վարչապետը որպես օրինակ անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ նշելով, որ այդ նախաձեռնությունը, իր գնահատմամբ, որոշակի փուլում կանգ է առել։ Փաշինյանի պնդմամբ՝ այս գործընթացները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության թեման միջազգային հարաբերություններում երբեմն օգտագործվում է քաղաքական շահերի շրջանակում։
Նա ընդգծել է, որ նման իրավիճակում պատմական ողբերգության հիշատակը կարող է վերածվել տարբեր երկրների միջև քաղաքական պայքարի գործիքի, որի հետևանքները, ըստ նրա, առաջին հերթին զգում է Հայաստանը. «Միջազգային խաղացողները, ներողություն ձևակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում, նահատակների ոսկորները զենքայնացնում են, կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում»։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի փորձագետն անդրադարձել է Սուրեն Պապիկյանին՝ նրան «հիմար» անվանելով
Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին
Սա ոչ թե ակադեմիական քաղաքն է, այլ` ակադեմիական լուծում քաղաքում