Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, վկայակոչելով թռիչքների դիտարկման տվյալները, հայտնել են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռը, օդ բարձրանալով Ռիգայից, վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։
Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այդ տեղեկությունը չի հաստատել, բայց և չի հերքել։ Նա ընդամենը ասել է, որ այդ «ինքնաթիռի մասին տեղեկություն չունի, ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ հանդիպում այս շաբաթ նախատեսված» չէ։
Պեսկովը միաժամանակ ասել է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Պուտինը կունենա մի շարք հանդիպումներ, որոնք «հրապարակայնացման ենթակա» չեն։
Լեհաստանյան Nexta առցանց լրատվամիջոցի տեղեկությամբ՝ «Մոսկվա է ժամանել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ռեթկլիֆը», բայց «որևէ այլ մանրամասնություն հայտնի» չէ։
Ավելի վաղ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի հավանականության մասին մամուլին տեղեկացրել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը՝ հաստատելով, որ կողմերը «մշտական կապի մեջ» են։
Ուկրաինական «Быть или» թելեգրամ-ալիքի գնահատմամբ՝ Ռեթկլիֆի Մոսկվա այցից Ուկրաինան «մտահոգվելու ոչ մի առիթ չպետք է ունենա, քանի որ նա Ուկրաինայի բարեկամն է, անգամ ավելի շատ, քան՝ Ռուբիոն և Բեսենթը։ Եվ նրա Մոսկվա այցը ավելի դրական է, քան եթե Ուիտկոֆը և Քուշները գաղտնի մտնեին Կրեմլ»։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա վերջին այցը կայացել է շուրջ հինգ տարի առաջ՝ 2021թ․ նոյեմբերին, երբ Ուլիյամ Բեռնսը նախագահ Բայդենի հանձնարարությամբ հանդիպել է Պատրուշևի, Նարիշկինի և ռուսաստանյան այլ բարձրաստիճան պաշտոնայների հետ, որպեսզի «փորձի Ուկրաինայի դեմ զինված հարձակման հարցում տարհամոզել Վլադիմիր Պուտինին»։
Ի՞նչ առաքելությամբ է Մոսկվա ժամանել ԱՄՆ ԿՀՎ տնօրենը, գաղտնիք է։ Կարելի է ենթադրել, որ օրվա «հրապարակայնացման ոչ ենթակա» հանդիպումներից մեկը ՌԴ նախագահ Պուտինը կանցկացնի նրա հետ։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան հեռահար հրթիռների «բացադրիչների գաղտնիքը» մտադիր է փոխանցել Ուկրաինային։ Նույն օրը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն գրեթե բաց տեքստով ասել է, որ Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցությունը «պարտադիր անհրաժեշտություն» է։
ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Մոսկվա է ժամանել Ռիգայից։ Դա նշանակում է, որ նա հանդիպումներ է ունեցել մերձբալթյան երկների հատուկ ծառայությունների ղեկավարների և, ամենայն հավանականությամբ, քաղաքական առաջնորդների հետ։
Պատերազմին Բելառուսի մասնակցությունը նշանակում է, որ Լեհաստանը և Մերձբալթիկան վերածվում են ռազմաճակատային գոտու։ Հինգ տարի առաջ ԱՄՆ-ին չի հաջողվել Ուկրաինայի դեմ հարձակումը կանխել։ Ոչ մի երաշխիք չկա, որ այս անգամ կհաջողվի ռուս-ուկրաինական պատերազմի համաեվրոպականացումը զսպել։

Բաց մի թողեք
Հայացք ԵՄ-ից․ «Ազդանշան Կրեմլին». Հայաստանը ձերբակալել է նախկին նախագահ Քոչարյանին՝ կոռուպցիայի մեղադրանքով
Ուկրաինայի 23 միլիարդ եվրոյի ֆինանսավորման պակասը ԵՄ-ին դրել է դժվարին իրավիճակում, քանի որ Զելենսկին արագ դրամական միջոցներ է փնտրում
Էնդի Բարնհեմը պետք է ձևավորի Մեծ Բրիտանիայի սոցիալական ցանցերի արգելքը