26/08/2026

EU – Armenia

«Пашинян взялся за тех, кого давно ждут в Баку»․ Ադրբեջանի ցինիկ հրճվանքը

Սպասելի էր, որ Ադրբեջանում ցնծություն կառաջացնի ՀՀ նախկին նախագահների եւ նրանց ընտանիքների նկատմամբ փաշինյանական իրավապահների հարձակումը, եւ մեծ ոգեւորությամբ կլուսաբանեն օգոստոսի 25-ի առավոտից Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անդամների (Հայաստանի 2-րդ նախագահի եւ նրա ավագ որդու՝ Սեդրակի ձերբակալման, Քոչարյան կրտսերի՝ պատգամավոր Լեւոնի տան խուզարկության, նրա կնոջ՝ Սիրուշոյի ընկերության եւ ընտանիքին պատկանող այլ ընկերությունների խուզարկությունների եւ այլ գործողությունների) նկատմամբ բռնաճնշումների նոր ալիքը։

Ընդ որում՝ լուսաբանել են ամենայն մանրամասնությամբ, ուղիղ եւ առցանց հրապարակումներով․ այդպիսի բան լինում է միայն Իլհամ Ալիեւի մասնակցությամբ որեւէ միջոցառման լուսաբանման դեպքում։ Այդպես եղել է նաեւ Հայաստանի, Հայ եկեղեցու եւ Արցախի խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման, ինչպես նաեւ հայասեր մյուս գործիչների, սրբազանների եւ այլոց դեմ քրեական հետապնդումների պարագայում։ Բաքվի հրճվանքն ու ցինիզմն այնտեղ են հասել, որ բացեիբաց խոստովանում են՝ Пашинян взялся за тех, кого давно ждут в Баку։ Իսկ Բաքվում, հիշեցնենք, ապօրինի ազատազրկված են Արցախի միայն երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Արցախի ռազմաքաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ։
«Երեքշաբթի օրը հիանալի լուրեր ստացվեցին Երեւանից։ Հայաստանում ծավալվում է աղմկահարույց կոռուպցիոն սկանդալ, որը վերաբերում է ոչ միայն առանձին պաշտոնյաների կամ գործարարների, այլեւ միանգամից երկու նախկին նախագահների։ Առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտե է բերվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին կարճ ժամանակ անց հաջորդել է նաեւ նրա որդին՝ Սեդրակը։ Հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ ձերբակալվել է վեց մարդ։ Ավելի ուշ կոմիտե է ժամանել նաեւ երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի անունը նույնպես հիշատակվում է գործի նյութերում»,- գրում է հակահայ ադրբեջանական կայքը` Մինվալ․ազ-ը։

Հոդվածագիրը չի թաքցնում հայատյաց հրճվանքի պատճառը․ «Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն արդեն երկար տարիներ գտնվում են Ադրբեջանի իրավապահ մարմինների ուշադրության ներքո։ 2022 թվականին Ադրբեջանի ռազմական դատախազությունը տեղեկացրեց, որ Հայաստանի երկու նախկին նախագահների նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ կապված ղարաբաղյան հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների հետ»։ Իսկ այն, ինչ հարեւան ու, մեղմ ասած, ոչ բարեկամ երկրում որակում են որպես «հանցագործություն», Արցախյան ազատագրական պայքարն է։ Եվ Ադրբեջանում մեծ ցանկությամբ սպասում են Ռոբերտ Քոչարյանին, նաեւ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որին նույնպես օգոստոսի 25-ին հրավիրել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ «Սպասում» են նրանց, որոնք ծնկի են բերել մեր արյունռուշտ թշնամուն, որոնք ազատագրել ու պահում էին Արցախը, աշխարհի հետ սկսել էին խոսել «դու»-ով՝ հավասարը հավասարի պես, կամ առնվազն հարգանք ու վստահություն էին վայելում։

Իսկ փաշինյանական հրոսակախումբը՝ կամակատար իրավապահների ձեռամբ, այս ընթացքում դատում է Վեհափառ հայրապետին, որը համարձակվել է պաշտպանել Արցախն ու արցախցիներին, Արցախի հայկական, պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։ Անգամ Բաքվում են նկատել` իրենք դատում են Հայաստանին, իսկ Երեւանում՝ Արցախին։ Ալիեւ-Փաշինյան «զուգապարն» ակնհայտ է այս պարագայում։ Որքա՞ն է երկարելու այս վտանգավոր խրախճանքը։ Դրա պատասխանն այսօր ավելի, քան երբեւէ, պետք է տա հայ ժողովուրդը։ Ոչ միայն տա, այլեւ ստանձնի կարեւոր պատասխանատվություն՝ ազգադավ վարչախմբին օր առաջ հեռացնելով․․․