01/09/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանը բավականին ձեռնտու է Ռուսաստանին

Քաղաքագետ, վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, իր բոլոր հակասություններով հանդերձ, բավականին ձեռնտու է Ռուսաստանին:

Հրապարակ թերթը գրել է․ Ձեռնտու այն իմաստով, որ մի տեսակ բուֆերի դեր է կատարում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մեր տարածաշրջանում: Այլ խոսքով՝ Փաշինյանին թույլատրված է հակառուսական դեմարշներ անել մինչեւ մի որոշակի գիծ, որից այնկողմ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը կարող է վերաճել զինված առճակատման: Դա Ռուսաստանի շահերի կարմիր «գիծն է», որ Փաշինյանն իրավունք չունի հատելու:

Ես հավելեմ միայն, որ Փաշինյանն իր «հակառուսական» կեցվածքով ձեռնտու է նաեւ Արեւմուտքին: Արեւմուտքը, իհարկե, Փաշինյանից ավելի մեծ սպասելիքներ ունի եւ, կարելի է ասել, կդրդի նրան՝ հատել հյուսիսային կարմիր գծերը, եթե պատրաստ լինի Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ (ուկրաինական ճակատին զուգահեռ) բացելուն: Ստեղծվել է մի վիճակ, երբ մեզ հետ թվացյալ կապ չունեցող երկու այլ հակամարտություն (ԱՄՆ-Իրան եւ Ռուսաստան-Ուկրաինա) լրջորեն կաշկանդում են Արեւմուտքին եւ Ռուսաստանին՝ Հարավային Կովկասում վճռական գործողությունների անցնելու: Եվ Փաշինյանը, փաստորեն, շատ հարմար է երկուսին էլ` թե՛ ժամանակ շահելու եւ թե՛ նշված առճակատումներից ուշքի գալու համար:

Արժե՞ խոսել այն մասին, որ Փաշինյանն ամենահարմար «գործընկերն» է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, որոնց կշիռն այս տարածաշրջանում զգալիորեն ավելացել է գլոբալ հակամարտությունների՝ Արեւմուտք-Ռուսաստան, ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-Իրան, ֆոնին: Թուրքիան ու Ադրբեջանը շատ լավ են գիտակցում, որ Փաշինյանը բուֆերի դեր ունի նաեւ իրենց եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում: Ռուսաստանը, իր խնդիրներով պայմանավորված, որոշակի ազատություններ է տվել Նիկոլ Վովաեւիչին, ինչից օգտվելով էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են իրենց բաժին շագանակները հանել կրակից: Թերեւս կրկնենք՝ այս վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի հատի, իսկ ավելի ճիշտ՝ քանի դեռ Արեւմուտքը նրան չի դրդի հատել ռուսական շահերի կարմիր գծերը:

Տեսնենք՝ ինչ կլինի Բիշքեկից հետո: Առանձնապես մեծ սպասելիքներ չունենք, որ Փաշինյանի դերակատարման մեջ նշանակալի փոփոխություններ տեղի կունենան: Նա այնքան է «մասնագիտացել» բուֆերի դեր կատարելու մեջ, որ հազիվ թե որեւէ մեկը կարողանա նրան համոզել իր «վարած քաղաքականության» մեջ վերջապես առաջնորդվել Հայաստանի շահերով: Փաշինյանը լավ է գիտակցում, որ այս իրավիճակում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերով (ավաղ, ուշացած) առաջնորդվելն ամենաքիչը կարժենա «վարչապետի աթոռ», իսկ առանց այդ աթոռի ինքը կվերածվի մի շարքային ընտրակեղծարարի ու թալանչու, կդառնա քավության նոխազ այն բոլոր դառնությունների ու դժբախտությունների համար, որ պատճառել է Հայաստանին ու հայ ժողովրդին:

Այնպես որ, ինչքան ձգվի Փաշինյանի «բուֆերային» վիճակը, այնքան լավ իր համար եւ այնքան վատ Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Փաշինյանը շահում է, մենք՝ կորցնում: Արեւմուտքը շահում է, Ռուսաստանը շահում է, ԱՄՆ-ն շահում է, Թուրքիան շահում է, Ադրբեջանը շահում է. մենք՝ կորցնում… Կորցնում ենք մեր երկրի տարածքը, մեր տնտեսության մնացորդները, ավելի խորը թաղվում շրջափակման մեջ: Դեռ չենք խոսում այն մասին, թե ինչեր տեղի կունենան, եթե մեր «բուֆերը» («փուչիկը») հաջողացնի ոչնչացնել նաեւ ՀՀ Անկախության հռչակագիրը, հանձնել Սյունիքը, 300 հազար ադրբեջանցի բերել, փոխել Հայաստանի անունը՝ դարձնելով Արեւմտյան Ադրբեջան: Նկատենք, որ ո՛չ մեր Անկախության հռչակագիրը, ո՛չ Սյունիքի եւ Սեւանի հանձնումը, ո՛չ TRIPP միջանցքի լինել-չլինելը կարմիր գիծ չէ Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար: Այս ամենից, քանի դեռ Ռուսաստանն ու Արեւմուտքը կօգտվեն Փաշինյանի բուֆերային վիճակից, կշահեն Ադրբեջանն ու Թուրքիան, ինչու ոչ՝ նաեւ Փաշինյանը:

ՀԳ. Հանկարծ Բիշքեկից «ղրղզած» չգա՞… Աստված չանի՝ Պուտինը մի հատ էլ շնորհավորի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Էլ հետը խոսել չի լինի: