01/09/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանը փորձում է հայկական երկաթուղու կոնցեսիան վերցնել «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունից

Նիկոլ Փաշինյանը փորձում է հայկական երկաթուղու կոնցեսիան վերցնել «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունից, ուզում է դա անել, այսպես ասած, բարեկամաբար, կարող էր անել թշնամաբար, բայց ինքը բարի է, առայժմ:

Ռուսաստանի իշխանությունները չեն գնահատում նրա բարի կամքը, համառորեն հայտարարում են, որ չեն պատրաստվում այդ կոնցեսիան զիջել որեւէ մեկին: Եթե լավով չի ստացվում, կարող ենք խլել վատով:

Օգոստոսի 30-ին հերթական վթարը գրանցվեց հայկական երկաթուղում․ Անի եւ Արագած կայարանների միջեւ գտնվող տարածքում վթարվել էր էլեկտրահաղորդման գիծը, վնասվել էր այնպես, որ վթարն արագ վերականգնել չէր հաջողվել:

Գյումրի- Երեւան էլեկտրագնացքը մնացել էր ճանապարհին, գնացքի բազմաթիվ ուղեւորներ մնացել էին գնացքի մեջ, տասնյակ եւ հարյուրավոր ուղեւորներ գնացքի էին սպասում հաջորդ կայարաններում:

Հարցը, իհարկե, լուծվեց, էլեկտրագնացքը տարհանելու համար ուղարկվեց ջերմաքարշ, որն աշխատում է դիզելային վառելիքով, էլեկտրագնացքը տարհանվեց, ուղեւորներն ուշացումով, բայց տեղ հասան: Սա կարելի էր պատահականություն համարել, եթե չլիներ մեկ այլ պատահականություն եւս․ այս վթարից ուղիղ 15 օր առաջ նման մի վթար էլ եղել էր Արմավիրի մարզում, դարձյալ Երեւան-Գյումրի էլեկտրագնացքի հետ, էլեկտրահաղորդման գիծը պոկվել էր, ընկել գնացքի վրա, բարեբախտաբար, մարդիկ չէին տուժել: Վթարի մասին որեւէ պաշտոնական հաղորդում չեղավ:

Երբ պատահականությունները, վթարները դառնում են հաճախակի, կարող ես մտածել, որ դրանք այնքան էլ պատահական չեն կամ կազմակերպված «պատահականություններ» են: Մարդը, ուղեւորը մյուս անգամ տրանսպորտային միջոց ընտրելիս անպայման կմտածի՝ իսկ արդյոք իմաստ ունի՞ ընտրել էլեկտրագնացքը, արդյոք այս անգա՞մ էլ այն չի վնասվի, արդյոք նորից էլեկտրալարը չի՞ ընկնի գնացքի վրա եւ հրդեհ չի բռնկվի, արդյոք ստիպված չե՞մ լինի մի քանի ժամ անցկացնել գնացքի մեջ:

Իսկ մենք մտածում ենք` արդյո՞ք այս պատահական վթարները հայկական երկաթուղին Ռուսաստանի երկաթուղուց վերցնելու, այս դեպքում արդեն` բռնի խլելու ծրագրի մի մասն են:

Դուշանբե մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը կարող էր Ռուսաստանի իշխանություններին հիշեցնել, որ չնայած հայկական երկաթուղին հանձնված է իրենց կոնցեսիոն կառավարմանը, բայց Հայաստանի բաշխիչ ցանցերն արդեն խլել են Սամվել Կարապետյանից եւ երբ ուզենան, կարող են խափանել երկաթուղու էլեկտրամատակարարումը, իսկ չկա էլեկտրաէներգիա` չկա երկաթուղի: Իհարկե, հիմա դա կարող է արվել պատահական կազմակերպված վթարների միջոցով, բայց դա ընդամենը ակնարկ է՝ հասկացնելու, որ այդ վթարները կարող են կրկնվել, դրանց պարբերականությունը կարող է աճել, եւ, ընդհանրապես՝ իրենց իշխանությունը կարող է ուզած ժամանակ հոսանքազրկել երկաթուղին:

Դա կվնասի Հայաստանին` կկանգնեն ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները, հարյուրավոր մարդիկ կմնան գործազուրկ, տնտեսությունը վնաս կկրի, բայց մի՞թե մարդկանց կամ երկրի ճակատագիրը երբեւէ մտահոգել է Նիկոլ Փաշինյանին, կարեւորն արտաքին հրահանգը ճշտորեն կատարելն է: Նրա իշխանությունն ամեն անգամ այդպես է վարվում, երբ որոշում է ինչ-որ մեկից ինչ-որ բան խլել. նախ փակում է այդ ընկերությունը, կազմալուծում է դրա գործունեությունը, իսկ հետո միայն անցնում են ունեցվածքը խլելուն:

Մարդիկ մի քանի օր կամ շաբաթներ անգործ են մնում, հազարավոր մարդիկ, նաեւ երկիրը միլիարդների ֆինանսական վնասներ է կրում` հետո ի՞նչ, կարեւորն արդյունքն է: Հերթական խոշոր ընկերությունն է անցնում Փաշինյանի հսկողության տակ, հերթական եկամտաբեր ընկերությունն է անցնում նրա տնօրինությանը, եւ այդ եկամուտները սկսում է տնօրինել անձամբ:

Իհարկե, ռուսներն էլ կարող են ինչ-որ հակաքայլեր ձեռնարկել, կարող են պատահական վթարներ կազմակերպել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրա եւ դրանով խափանել Հայաստանի գազամատակարարումը, բայց դա Փաշինյանի համար նույնիսկ օգտակար կլինի: Նա եւ նրա իշխանությունն առաջնորդվում են ոչ թե Հայաստանի տնտեսական շահերով, այլ ուղիղ հրահանգով, իսկ այդ հրահանգի իմաստը Ռուսաստանից կախվածությունը թուլացնելն է: Գերմանիայում էլ պայթեցրին Ռուսաստանից եկող գազատարները, եւ Գերմանիան հիմա ռուսական էժան գազի փոխարեն գնում է 2-3 անգամ ավելի թանկ ամերիկյան գազ, երկրի տնտեսությունը փլուզվում է, միայն ավտոարդյունաբերության մեջ հարյուր հազարավոր մարդիկ են գործազուրկ դարձել: Իսկ դա ո՞ւմ է հետաքրքիր, կարեւորը՝ Գերմանիան եւ Եվրոպան ազատվեցին ռուսական էներգետիկ կախվածությունից, ճիշտ է` դեռեւս ոչ ամբողջովին, եւ ընկան ԱՄՆ-ից էներգետիկ ավելի ծանր կախվածության մեջ:

Նույնն էլ Հայաստանի դեպքում է, կարելի է քանդել ամբողջ երկիրը, մարդկանց սարքել գործազուրկ եւ սոված թողնել, բայց արտաքին տերերի հրահանգը սրբորեն կատարել, իսկ հրահանգի իմաստ մեկն է` Հայաստանի ոչնչացման գնով անգամ ազատվել ռուսական կախվածությունից: