Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայում երեք ժամից ավելի բանակցել են Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հաջորդ կանգառը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումն է։
Սա ինքնին ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել ուկրաինական պատերազմի դիվանագիտական փուլը․ Վաշինգտոնը փորձում է այլևս ոչ միայն աջակցել կողմերից մեկին, այլ միջնորդել պատերազմի ավարտի պայմանների շուրջ։
Կրեմլը հանդիպումը նկարագրում է «կառուցողական, չափազանց անկեղծ և վստահելի»։ Սակայն դիվանագիտության մեջ ջերմ ածականները համաձայնություն չեն նշանակում։
Մոսկվան կրկին պահանջում է վերացնել պատերազմի «արմատական պատճառները»՝ այն ձևակերպումը, որի տակ Ռուսաստանը տարիներ շարունակ տեղավորել է Ուկրաինայի անվտանգության և արտաքին քաղաքական ընտրության նկատմամբ իր պահանջները։
Ուստի առանցքային հարցը մնում է նույնը՝ խաղաղությո՞ւն է բանակցվում, թե՞ պատերազմի արդյունքների քաղաքական ամրագրում։
Ռուսաստանը բանակցային սեղանի մոտ գալիս է ռազմաճակատի մասին իր պատկերացմամբ՝ ընդգծելով բանակի հաջողությունները։ Դա դասական մեծապետական բանակցային մեթոդ է. ռազմաճակատում ձեռք բերածը վերածել դիվանագիտական կապիտալի։ Մոսկվայի հաշվարկը պարզ է՝ եթե ժամանակն աշխատում է իր օգտին, ապա հրադադարը պետք է ստանա քաղաքական գին։
Ամերիկացիների խնդիրը հակառակն է՝ կանգնեցնել պատերազմը՝ առանց այնպիսի համաձայնության, որը աշխարհին կասի, թե սահմանները կարելի է փոխել ուժով, իսկ հետո այդ փոփոխությունը բանակցությունների միջոցով օրինականացնել։
Այստեղ է Ուկրաինայի համար վտանգավոր սահմանը։ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայից Կիև են տանելու ռուսական «դիտարկումներն ու գնահատականները»։ Բայց միջնորդությունը լեգիտիմ է միայն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան բանակցությունների սուբյեկտ է, ոչ թե ուրիշների միջև համաձայնեցված խաղաղության հասցեատեր։
Եվրոպայի համար սա ևս գոյաբանական հարց է։ Ուկրաինական պատերազմի ավարտի ձևը կարող է սահմանել եվրոպական անվտանգության հաջորդ տասնամյակների կանոնը։ Եթե ագրեսիան պարգևատրվի տարածքով և հարևանի ինքնիշխանությունը սահմանափակելու իրավունքով, խնդիրը չի ավարտվի Ուկրաինայում։
Կստեղծվի նախադեպ, որ ռազմական ուժը կրկին կարող է վերաշարադրել եվրոպական սահմաններն ու պետությունների ընտրության իրավունքը։ Այդ պատճառով Ուիթքոֆ–Քուշներ առաքելության հաջողությունը չի չափվելու միայն նրանով, թե որքան արագ կդադարեն կրակոցները։
Վատ խաղաղությունը երբեմն պարզապես հաջորդ պատերազմի զինադադարն է։ 1919-ի Վերսալը ցույց տվեց, որ պատերազմի ավարտը դեռ խաղաղության կառուցում չէ։ Յալթան ցույց տվեց հակառակը՝ մեծ տերությունների միջև կայունությունը երբեմն ձեռք է բերվում փոքր պետությունների ընտրության հաշվին։ Ուկրաինայի շուրջ այսօր վտանգավոր է կրկնել երկուսից որևէ մեկը։
Թրամփի վարչակազմի իրական փորձությունը, հետևաբար, Պուտինին և Զելենսկուն համաձայնության հասցնելը չէ միայն։ Այն շատ ավելի դժվար է՝ ավարտել պատերազմը՝ առանց խաղաղությունը Ռուսաստանի հաջորդ պատերազմի նախապատրաստության ժամանակի վերածելու և առանց Ուկրաինայի ճակատագիրը Ուկրաինայից դուրս որոշելու։ Մոսկվայում երեք ժամ տասը րոպե խոսել են պատերազմի ավարտից։ Այժմ ամենակարևոր հարցը Կիևում է հնչելու՝ ի՞նչ գնով։

Բաց մի թողեք
Մի ժամանակ կայսրությունները երկաթուղի էին կառուցում, հիմա՝ չիպեր
Աթենքում Թուրքիան և Հունաստանը չեն լուծել իրենց պատմական հակասությունները
Հայաստանը չունի պահուստային արժույթ, հսկայական ներքին շուկա