ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նախօրեին այցելել էր Բաքու եւ «Ադրբեջանի ԱԳ նախարարությունում քննարկել TRIPP-ի իրականացումը եւ երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկելու համար կառավարող ընկերության ստեղծումը»։
Հրապարակ թերթը գրել է․ Այս լուրը վերջին օրերին դարձել է ներիշխանական քննարկումների գլխավոր թեման: Իշխող թիմում մտահոգ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ են քննարկել ամերիկացի եւ ադրբեջանցի պաշտոնյաները, եւ որ երկիրն է ստեղծելու հիշատակված «կառավարվող ընկերությունը»։
Պաշտոնական Երեւանը չի արձագանքել Բաքվի ԱԳՆ-ի տարածած լուրին, չի պարզաբանել, թե խոսքն ինչ ընկերության մասին է, եւ ինչ կարող էին քննարկել երկկողմ՝ առանց Հայաստանի, երբ ԹՐԻՓՓ համաձայնագրի կողմ է նաեւ Հայաստանը, ճանապարհն անցնում է Հայաստանով, ուստի Հայաստանն առնվազն պիտի մասնակցի ցանկացած քննարկման։ Քաղաքական կուլիսներում վարկածներ են առաջ քաշվում, որ հնարավոր է ԱՄՆ-ն որոշել է համաձայնագրով իրեն հասնող մասնաբաժինը վաճառել երրորդ կողմի, օրինակ՝ Ադրբեջանին, եւ գուցե դա է երկկողմ բանակցությունների պատճառը։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը երեկ մեզ վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել, ԱՄՆ-ն նույն համաձայնագրով, առանց Հայաստանի համաձայնության, չի կարող իր բաժնեմասը վաճառել։ Իրականում պարզից էլ պարզ է, որ այդ համաձայնությունը ստանալը րոպեների հարց է` Ալիեւը հերթական ճնշմամբ կարող է Փաշինյանից ցանկացած բան կորզել։
Այդ դեպքում ի՞նչ կարող էին քննարկել կողմերը եւ ինչո՞ւ առանց Հայաստանի։ Խանդանյանը դա տարօրինակ չի համարում․ «ԹՐԻՓՓ-ի մասին բոլորն են խոսում՝ Չինաստանից դեպի Պորտուգալիա։ Այս ուղով Ադրբեջանի Հանրապետությունը կապվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, ուստի պարզ է, չէ՞, թե ինչու է շահագրգռված Ադրբեջանը»։ Խանդանյանը հորդորում է չտրվել դավադրապաշտական տեսություններին։
Հիշեցնենք, որ Ալիեւն ու Փաշինյանը վերջերս հայտարարեցին՝ քանի որ TRIPP երթուղու երկայնքով երկաթուղիների եւ այլ ենթակառուցվածքների անցկացումը կարող է երկար տեւել, որոշվեց առաջնահերթություն տալ էլեկտրահաղորդման գծերի անցկացմանը։ Ալիեւն ասաց, որ իրենց մասնագետներն արդեն այցելել են Թրամփի երթուղի եւ նշել են էլեկտրասյուների տեղադրման վայրերը։ ՀՀ-ն հաստատեց դա։
Իսկ Դեյվիդ Ալենի այցի մասին կցկտուր լուրի երկրորդ վարկածն էլ այն է, որ ԱՄՆ ժամանակավոր դեսպանը գուցե Բաքու է գնացել, որ քննարկեն ադրբեջանցի մասնագետների եւ աշխատողների անվտանգությունն ապահովելու հարցերը, այն է՝ «երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկելու համար կառավարող ընկերության» ստեղծումը։ Բաքուն նախկինում հայտարարել էր, որ իրենք ճանապարհին չպետք է տեսնեն հայկական դեմք, Իրանը բազմիցս նախազգուշացրել է՝ եթե Հայաստանում ամերիկյան ուժերը հայտնվեն Իրանի հետ սահմանին, կդառնան Իրանի համար օրինական թիրախ։ Եվ Իրանը գրեթե վերջնագիր է ներկայացրել Հայաստանին. TRIPP-ի ուղին պետք է պաշտպանեն կա՛մ հայկական ուժերը, կա՛մ տարածաշրջանում արդեն իսկ ներկա երրորդ երկրների ուժերը, ենթադրվում է` Ռուսաստանը: Վերջին շրջանում Պուտինն էլ է հենց այս «բազարն» անում Փաշինյանի հետ, որ ներկայացվածություն ունենան ԹՐԻՓՓ-ում։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ռուսական ներկայացվածության տարբերակը քիչ հավանական է, եթե չասենք` անհավանական է, ուստի պետք է սպասել ադրբեջանական կողմի պարզաբանումներին, որ հասկանանք, թե իրականում ինչ են քննարկել կողմերը, եւ ովքեր են պաշտպանելու Հայաստանում գտնվող ադրբեջանցի մասնագետներին։

Բաց մի թողեք
Նման նշանակումները կարող են լինել նաև ներիշխանական սակարկությունների արդյունք
Մեր խեղճացված ժողովուրդը
Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում