«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորված էր, սակայն այժմ կալանքը կրում է տանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրդուխանյանը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով։
ArmLur.am-ը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է քննվում ՀՀ քննչական կոմիտեում և ինչ կարգավիճակ ունի նա։
Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։
Նշենք, որ Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ հերթականության, 2025 թվականին պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է նաև մեկ այլ քրեական գործով, որն արդեն դատարանում է։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Օրդուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով ու օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա։
Նկատենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է այն ժամանակվա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական։
Բացի այդ, 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս նա ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Օրդուխանյանը նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրն է։
Նրա անունը նախկինում ևս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, ինչպես նաև ունեցել է գրավատուն և զբաղվել այլ բիզնես գործունեությամբ»։


Բաց մի թողեք
Վայր իջիր երկիր
Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»
Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին