11/09/2026

EU – Armenia

Կրթության ոլորտում որոշումներ կայացնողները պետք է անհապաղ փոխվեն

Հայաստանի աշակերտները գրագիտության ցուցանիշով վերջինն են տարածաշրջանում, նրանք զիջում են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի աշակերտներին։ Խոսքը մասնավորապես 15 տարեկանների մասին է։

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) PISA 2025 (Programme for International Student Assessment) ուսումնասիրել է աշակերտների գրագիտությունը մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից։ Հետազոտությանը մասնակցել է 91 երկրի 760 հազար աշակերտ։ Ողջ աշխարհում վիճակն առանձնապես լավ չէ, սակայն մեզ մտահոգում է ՀՀ-ում տիրող իրավիճակը։

Հրապարակ թերթը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ:

– Հայաստանը, PISA 2025 հետազոտության համաձայն, 15 տարեկանների գրագիտության եւ կրթվածության առումով, վերջից երրորդ տեղում է: Այս տվյալները մեծ աղմուկ են առաջացրել, եւ շատերը կարծում են, որ Հայաստանում կրթության ոլորտը ծանր վիճակում է: Ձեր կարծիքով` այս հետազոտություններն ինչի՞ մասին են վկայում, եւ ո՞վ է այս վիճակի պատասխանատուն:

– Հայաստանում կրթության որակը շատ ցածր է, եւ դա նորություն չէ, որովհետեւ այդ մասին բարձրաձայնում ենք արդեն քանի տարի: Նույնիսկ սրանից 5-6 տարի առաջ, երբ այսօրվա 15 տարեկանները 9-10 տարեկան էին, կրկին հետազոտություն էր կատարվել, եւ այդ ժամանակ ցուցանիշները ցույց էին տվել, որ անգրագիտության մակարդակը 10 տարեկանների շրջանում հասնում էր մեկ երրորդի, ինչը կազմում էր 33 տոկոս: Այսինքն` 10 տարեկան երեխաներից մեկ երրորդը դեռ այն ժամանակ կարդացածի իմաստը չէր հասկանում, եթե անգամ գիտեր տառերը, այժմ այդ նույն երեխաները դարձել են 15 տարեկան, եւ նրանց անգրագիտության աստիճանը կրկնապատկվել է: Ընթերցանությունից դրական գնահատական է ստացել 15 տարեկանների 19 տոկոսը: Դա նշանակում է, որ 15 տարեկանների 81 տոկոսը չի կարողանում իր կարդացած տեքստը վերարտադրել, հասկանալ դրա իմաստը եւ այն վերլուծել:

– Ի՞նչ խնդիր է սա: ԿԳՄՍ նախարարությունը, իրար հերթ չտալով, հաղորդագրություններ է տարածում եւ որպես արդարացում ասում է, որ հետազոտված աշակերտները հին չափորոշիչներով են կրթվել, եւ դա է այս ցուցանիշի պատճառը: Չափորոշիչները կապ ունե՞ն այստեղ:

– Միանշանակ, կապ չունեն չափորոշիչները: Սրանից 10 տարի, 15 տարի եւ 20 տարի առաջ էլ այդ հին չափորոշիչներով են կատարվել հետազոտությունները, սակայն երբեք վիճակն այսքան վատ չի եղել, ավելին` հարեւան երկրների հետ համադրելի էր, համադրելի էր ԽՍՀՄ նախկին երկրների հետ եւ այլն: Հիմա իրավիճակն աղետալի է, իսկ հիմնական պատճառը որոշումների սխալ կայացումն է եւ բարեփոխումների սխալ ուղղությունը: Ասում են` բարեփոխումները ճիշտ ուղու վրա են, սակայն նրանց պետք է հարցնել` արդյո՞ք չափել եք այդ բարեփոխումների արդյունքը: Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն, կրթության ոլորտում որոշումներ կայացնողները պետք է փոխվեն, այդ մարդիկ կոմպետենտ չեն, չունեն հետագիծ եւ ուղի` կրթության ոլորտում:

– Օրինակ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փոխտնօրենը մեզ հետ զրույցում ասում է, որ միջազգային հետազոտություններին պետք չէ մեծ ուշադրություն դարձնել, որ մեր երեխաները գրագետ են, որ մեծահասակները պետք է իրենց վրա աշխատեն, այլ ոչ թե երեխաները:

– Կրթության տեսչությունը տարբեր տարիներին կատարել է ստուգումներ, հետազոտություններ, իսկ արդյունքը մշտապես եղել է մտահոգիչ, նախորդ տարիներին էլ ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ Համաշխարհային բանկը կատարեցին հետազոտություններ, եւ էլի Հայաստանի հետընթացի մասին խոսվեց` կրթության որակի առումով: Այո, կան նաեւ լավ երեխաներ, ոչ ոք չի ասում, որ խելացի երեխաներ չկան, կան, պարզապես կազմում են 1 տոկոս, իսկ Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ, երբ շրջանավարտների ճնշող մեծամասնությունն անգրագետ է: Այդ անգրագետ կադրերը չեն կարողանալու արդարացնել իրենց հետագայում, իսկ լավ սովորողների գերակշիռ մեծամասնությունը, ցավոք, հեռանում է Հայաստանից:

– Ինչպե՞ս են PISA-ի հետազոտությունները կատարվում:

– Հատուկ մշակված մեթոդաբանություն է: Առաջարկում են նույնատիպ խնդիրներ` բոլոր երկրների նույն տարիքի երեխաներին, նույն հարցերն են տալիս բնագիտությունից, մաթեմատիկայից, լեզուներից եւ այլն, որպեսզի ստուգեն դրանց կիրառելիության մակարդակը: Երեխաները պետք է հասկանան դրանք, վերլուծեն, ընդ որում` խնդիրները լրիվ նույնն են` Հայաստանում էլ, Չինաստանում էլ, բայց Չինաստանում երեխան գերազանց արդյունքներ է արձանագրում, 50 տոկոսից ավելին ունի գերազանց ցուցանիշներ, իսկ Հայաստանում մեկ տոկոսն է հաղթահարում շեմը:

«Հրապարակ». Կրթության ոլորտում որոշումներ կայացնողները պետք է անհապաղ փոխվեն