«Մարզերում առաջիկայում իրավապահ համակարգի կողմից նոր գործողություններ են սպասվում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները մարզերում արդեն իսկ սկսել են ակտիվորեն հավաքագրել և ստուգել օպերատիվ տեղեկությունները, իսկ որոշ ուղղություններով գործընթացները կարող են վերածվել քրեական վարույթների և ձերբակալությունների։
Մեր տեղեկություններով՝ իրավապահների ակտիվությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է մի քանի գործոնով՝ այդ թվում՝ մարզերում ստացված օպերատիվ տվյալներով և առաջիկա ՏԻՄ ընտրություններով։
Հատկանշական է, որ հոկտեմբերի 25-ին մի շարք մարզերում և համայնքներում նախատեսված են համայնքապետի ընտրություններ, և հենց այդ ընտրական գործընթացին ընդառաջ իրավապահների գործողությունները կարող են նոր թափ ստանալ։
Արդեն իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավապահների կողմից իրականացվող գործողությունները, այդ թվում՝ կալանավորումները, ցույց են տալիս, որ գործընթացը միայն նախնական փուլում չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենով, սակայն, իրավապահների ակտիվությունը չի ավարտվելու, և առաջիկայում այլ մարզերում ևս կարող են նոր գործողություններ լինել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են լինելու նաև այն համայնքները, որտեղ առաջիկայում ընտրական պայքարը կարող է առավել թեժանալ։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ ընտրություններից առաջ իրավապահների կողմից տարբեր համայնքներում տեղի ունենան ստուգումներ, խուզարկություններ, բերման ենթարկելու և այլ գործողություններ։
Թե հատկապես որ համայնքներում և ինչ դրվագներով են իրավապահները պատրաստվում գործողություններ իրականացնել, այս պահին հստակ չէ։ Սակայն ակնհայտ է, որ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզերում իրավիճակը գնալով թեժանում է, իսկ իրավապահ համակարգի ակտիվությունը կարող է դառնալ ընտրական գործընթացի կարևորագույն ուղեկիցը»։

Բաց մի թողեք
Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է
Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ
Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից