Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Վարդենիս համայնքներում հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Մարտունի համայնքի ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Հովեյանը, որն այժմ երդվյալ ՔՊ-ական է եւ առաջիկա ընտրություներում ՔՊ-ի թեկնածուն, 2000-2005 թթ. Վարդենիկի գյուղապետարանում բաժնի պետ է եղել, 2005-ից՝ Վարդենիկի համայնքապետ, իսկ 2021 թ․ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար։
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ պատմեցին, որ Հովեյանն իր պաշտոնավարման տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների եւ շենք-շինությունների աճուրդ-վաճառքներ է արել կամ վարձակալությամբ տվել խնամի-ծանոթ-բարեկամներին, մերձավորներին: Բայց Հովեյանին հաջողվել է նաեւ համայնքում մի քանի փոփոխություն անել, ինչով արժանացել է վարդենիկցիների վստահությանը:
Ի դեպ, նա 2010 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի», 2015-ի հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Իսակով», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով: Իսկ ԶՈՒ «Ծովակալ Իսակով» մեդալով պարգեւատրվում են «բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները եւ ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները»:
«Անդրանիկ Օզանյան» մեդալով էլ պարգեւատրվում են «ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն եւ կազմակերպչական հմտություններ դրսեւորած ՀՀ ԶՈՒ սպաները եւ ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները»: Հետաքրքիր է՝ ո՞ր ավանդի համար է նա արժանացել այս մեդալներին:
Ընտրություն է տեղի ունենալու նաեւ Վարդենիսում, որտեղ ՔՊ թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է։ Նա 1996-2021թթ․ զբաղեցրել է Տորֆավան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ սատարում էր ՀՀԿ-ին: 2021-ին ընտրվել է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար՝ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների կոալիցիայի արդյունքում, սակայն հետագայում ՔՊ-ն նրան «վերբովկա» արեց։
Բայց Խաչատրյանը շարունակում է հերքել, թե ինքը ճամբարափոխ է եղել՝ ի սկզբանե կանգնած է եղել այս իշխանության կողքը: Նրան հարցրինք՝ Դուք անձա՞մբ եք որոշել ՔՊ-ի ցուցակով առաջադրվել, թե՞ ՔՊ-ն է այդպես որոշել։ Ահարոն Խաչատրյանն ասաց. «Երկուսով՝ իրար հետ: Ես միշտ այդ կուսակցության կողքն եմ եղել, ես միշտ իշխանության կողքն եմ եղել, վարչապետի կողքն եմ եղել, ես այս կառավարության կողքն եմ եղել: Երբ իմ թեկնածությունը դրել եմ «Ահարոն Խաչատրյան» դաշինքով, ես այդ ժամանակ եմ ասել, որ այս իշխանության կողքն եմ»:
Իշխանությունն ի՞նչ լծակներ է օգտագործել Ձեր, Ձեր ընտանիքի, բարեկամների նկատմամբ, օրինակ ՝ քրեական գործեր հարուցել, ստուգումներ անել։ «Իմ հետ կապված՝ ոչ մի բան չի եղել, բացարձակապես ոչ մի բան»,- ասաց նա: Մեր տեղեկություններով՝ Ահարոն Խաչատրյանի՝ ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու հարցում մեծ դեր է խաղացել Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, որի հետ Խաչատրյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Բացի այն, որ Ահարոն Խաչատրյանն ընտրություններից առաջ սկսել է տարբեր աշխատանքներ կատարել քաղաքում, սեպտեմբերի 20-ին էլ Փռի փառատոն է կազմակերպել, որին ներկա կգտնվի ՔՊ վերնախավը:
Իսկ Գավառում, մեր տեղեկություններով, ՔՊ-ի թեկնածուն գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն է:
Փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն նա չի սիրում հարցերի պատասխանել եւ մեզ հորդորեց հարցերը գրավոր ուղարկել: Գուրգեն Մարտիրոսյանը եւս երկար տարիներ համայնք է ղեկավարել, 2002-2005 թթ. զբաղեցրել է Գավառի փոխքաղաքապետի պաշտոնը: 2005 թ․ ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Գավառի քաղաքապետի պաշտոնում եւ վերընտրվել է 2008, 2012, 2016 թվականներին: 2021 թ․ դեկտեմբերի 5-ին Գուրգեն Մարտիրոսյանն ընտրվել է Գավառ խոշորացված համայնքի ղեկավար: 2010-2011 թթ․ Գավառի համայնքապետ Մարտիրոսյանի հետ կապված քրեական գործի պատմության մասին գրվեց մամուլում՝ նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես ծանր հանցագործության պարտակման (փախուստին օժանդակելու) համար։ Գործը կապված էր Գավառում իր ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած սպանության փորձի հետ: Գուրգեն Մարտիրոսյանի եւ այլոց վերաբերյալ 2025-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել քրեական գործ, ըստ որի՝ նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2005-ից զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնը եւ ունենալով համայնքի անունից հանդես գալու լիազորություն, հանդիսանալով պաշտոնատար անձ, համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Ռազմիկի Բոշյանի, ավագանու անդամներ Հարություն Հայրապետյանի, Գարեգին Ղարիբյանի, Խաչատուր Բադալյանի, Գեւորգ Բադեյանի, Գուրգեն Սիրունյանի, Կամո Եդոյանի, Արմեն Հովեյանի, Անահիտ Շահզադյանի, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Սեւակ Դվոյանի, վերջինիս մորեղբոր որդի Բաբկեն Բաղդասարյանի եւ «Էյֆֆել Քոնսալթ» ՓԲ ընկերության գնահատող Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ, Գավառ համայնքին պատկանող, այդ պահին իրականում 29 մլն 350 հազար ՀՀ դրամ արժեք ունեցող՝ Զորավար Անդրանիկի 1-ին փողոցի թիվ 20/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը 2007 թ․ նոյեմբերի 22-ին շուկայականից էական ցածր արժեքով՝ 1 մլն 644 հազար 500 ՀՀ դրամով, վաճառել է Բաբկեն Մարտինի Բաղդասարյանին՝ այդպիսով վատնման եղանակով կատարելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 27 մլն 705 հազար 500 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, ինչի հետեւանքով Գավառ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Չի բացառվում, որ հենց այս գործի շրջանակում է ՔՊ-ն նրան երկընտրանքի առաջ դրել՝ կա՛մ ՏԻՄ ընտրություններում դառնում ես մեր թեկնածուն, կա՛մ հայտնվում ես բանտում, եւ նա «բնական» ընտրություն է կատարել:
Բացի այս 3 համայնքներից, նոյեմբերի 19-ին Սեւան քաղաքում էլ է ՏԻՄ ընտրություն նշանակված: Եթե այս 3 համայնքներում ՔՊ-ն ունի իր թեկնածուները, ապա Սեւանում թեկնածուի փնտրտուքի մեջ է: Սեւանը թերեւս միակ քաղաքն է, որն իր դռները փակել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի առաջ, որին հաջողվել է մյուս 3 համայնքների ղեկավարներին իր թրի տակով անցկացնել, իսկ Սեւանը չի հաջողվել: Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանն այս ընտրություններին առաջադրվելու է «Սարգիս Մուրադյան» դաշինքով, եւ, մեր տեղեկություններով, անգամ նախկին համայնքապետերն ու նախկինում առաջադրված համայնքապետի թեկնածուները համախմբվելու են Մուրադյանի շուրջ:

Բաց մի թողեք
Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է
Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից
Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ