Մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական Միության համար:
Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել էր «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա այցելել Մատենադարան և տեսնել հայկական հնագույն հրաշալի հավաքածուները։ Ես տեսա այդ ժառանգության իսկական գեղեցկությունն ու խորությունը և խորապես տպավորված եմ։ Շատ շնորհակալ եմ ընդունող կողմին այս հնարավորությունն ընձեռելու համար և համոզված եմ, որ մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական Միության համար»,- շեշտել է Մագդալենա Գրոնոն։
Ավելի վաղ Գրոնոն եղել էր Ադրբեջանում, այցելել էր Ղարաբաղ, ինչից հետո սոցցանցային գրառում էր կատարել՝ նշելով՝ «որոշ վայրերի ծագման վերաբերյալ խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ կան»՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ նկատի ունի։ Այդ գրառումը Հայաստանում քննադատությունների առիթ էր հանդիսացել: Գործակալության թղթակցի հարցին, թե ինչպես է ԵՄ ներկայացուցիչը մեկնաբանում իր այդ գրառումը, Գրոնոն պատասխանել է.
«Ես, անշուշտ, չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը։ Անցյալ շաբաթ Քելբաջարի (այցելել է Դադիվանք-խմբ.) և Աղդարայի (այցելել է Գանձասար-խմբ.) շրջաններ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում։ Ուրախ էի նաև այսօր կրկին այցելել Երևանի Մատենադարան։ Այս ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ զերծ մնալով չհիմնավորված քաղաքականացումից և շահարկումներից»։

Բաց մի թողեք
«Սարսափ երկնքում». Ուկրաինան շտապում է լուծում գտնել ռուսական ռեակտիվ շարժիչով անօդաչուների դեմ
7 բան, որոնց մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը կխոսի «Եվրամիության վիճակի մասին» իր ելույթում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին