Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն եւ հետեւողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման եւ միջազգային ներկայացման ուղղությամբ։
Հրապարակ թերթը գրել է․ Դիմումը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման եւ յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաեւ՝ այդ գործընթացը միջազգային հանրության կողմից լեգիտիմացնելու փորձերով։ Նախկին նախարարները պահանջում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ հրապարակային եւ հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող բարբարոս քաղաքականությանը, ձեւավորել մշտադիտարկման եւ փաստագրման գործուն պետական մեխանիզմներ, ինչպես նաեւ՝ հայկական ժառանգության պաշտպանության հարցը հետեւողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական եւ միջպետական հարթակներում։ Դիմումը ներառում է նաեւ Արցախի թանգարանային հավաքածուների պահպանության, դրանց իրավական կարգավիճակի փաստագրման եւ տեղահանված արցախահայության մշակութային հավաքածուների վերադարձի հարցը միջազգային օրակարգում բարձրացնելու պահանջ։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում եւ գործուն քայլեր։
Այս եւ այլ հարցերի մասին Հրապարակ թերթը զրուցել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ:
– Մեր զրույցը սկսենք օրերս Գանձասարում տեղի ունեցած խայտառակ միջադեպից: Ալիեւի օգնականը, ինչպես նաեւ մի շարք դիվանագետներ փաստացի ողջ աշխարհի աչքի առաջ ծաղրի ենթարկեցին հայկական պատմությունն ու մշակույթը եւ առհասարակ` հայ ժողովրդին: Մեծ խումբ հասարակական-քաղաքական գործիչներ էլ օրերս դիմել էին Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին՝ իրենց դժգոհությունը հայտնելով կատարվածի առնչությամբ:
– Ֆարս էր, շարքային ֆարս, որը միտված էր հաստատելու եւ նորմալիզացնելու էթնիկ զտումը, Ադրբեջանի կողմից Արցախը յուրացնելու քայլը: Մենք տեսանք, որ այն, ինչ կատարվեց, ուղղակի դուրս է մարդկային ու բարոյական բոլոր չափանիշներից: Ես կարող եմ միայն ընդգծել, որ մեր դիրքորոշումը՝ որպես Արցախի մշակույթի նախկին նախարարների, մեր սպասումներն ու ակնկալիքները Հայաստանի իշխանություններից, ներկայացրել ենք մեր հրապարակած բաց նամակի մեջ:
– ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից եւ, առհասարակ՝ գործող իշխանություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:
– Անկախ այն բանից, թե ինչ սպասելիքներ ունենք կամ առհասարակ ունենք, թե ոչ, մենք գտնում ենք, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցը Հայաստանի հարցն է, եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է ողջ ծավալով զբաղվի այդ հարցով: Մեր հիմնական ուղերձը դա է: Անկախ այն բանից, թե մենք ինչ կարծիք ունենք իշխանությունների մասին, կիսում ենք նրանց տեսակետները, թե չենք կիսում, Հայաստանի իշխանության պարտականությունն է՝ զբաղվել Արցախի մշակութային ժառանգության հարցերով: Մենք մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ նրանք պարտավոր են այդ հարցերը բերել իրենց օրակարգ եւ զբաղվել դրանցով:
– Ի՞նչը դրդեց, որ դիմեք նախարարին, Ադրբեջանն արդեն քանի տարի է՝ ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, ՀՀ իշխանությունը դրան չի արձագանքում, եւ, ըստ էության, դա նոր բան չէ:
– Այնպես չէ, որ հենց այս անգամ է, որ մենք մեր տեսակետներն արտահայտում ենք, չէ, մենք պարբերաբար մեր ելույթներում, հարցազրույցներում ու հոդվածներով խոսել ենք ու խոսելու ենք այդ խնդիրների մասին: Շնորհիվ Հաջիեւի կողմից կազմակերպված այդ խայտառակության, Հայաստանը կարծես խոր քնից արթնացավ, իսկ մենք որոշեցինք, որ պետք է ստեղծենք միասնական հարթակ, որտեղ կկարողանանք միասնական արտահայտել մեր տեսակետները՝ Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված:
– Իսկ ի՞նչ գնահատական կտաք եվրոպացի դիվանագետներին, որոնք Ադրբեջանում Հաջիեւից ոչ պակաս ծաղրեցին հայկական մշակույթը: Նրանց շարքերում էր նաեւ Փաշինյանի սիրելի Ֆրանսիայի դեսպանը, որը կարծես չառարկեց Հաջիեւի խոսքերին:
– Ես մեկ անգամ եւս պետք է ընդգծեմ, որ մեր վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանման իրավունքը Հայաստանի Հանրապետության գործառույթների մեջ պետք է լինի: Եթե Հայաստանը չի իրականացնում իր գործառույթները կամ իրականացնում է, սակայն ոչ բավարար ձեւով ու չափով, ապա մենք չենք կարող որեւէ օտարազգի դեսպանից ակնկալիքներ ունենալ:


Բաց մի թողեք
ՔՊ-ական Արման Եղոյանը նոր սկանդալի մեջ է հայտնվում
Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ …
Ինչո՞ւ խոշորացնել խոշորը. վանաձորյան մանիպուլյացիաներ