Երբեմնի ընդդիմադիր գործիչ, Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էլ իր ընկերոջ` Առուշ Առուշանյանի նման նետվել է իշխանությունների գիրկը եւ անգամ կարկառուն ՔՊ-ականների ծնունդներին ու հարսանիքներին է մասնակցում:
«Հրապարակ» թերթը գրում է. Սյունիքում 21 թվականին Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպած «ջերմ ընդունելությունից» եւ «սյունյաց ողջույններից» հետո նա առաջինն էր, որ ուշքի եկավ եւ կարմիր վարդերի մեծ փնջով դիմավորեց Աննա Հակոբյանին, ինչը հնարավորություն ընձեռեց, որ մնա, պաշտոնավարի եւ ԶՊՄԿ-ի մատակարարումների գործում էլ մեծ մասնակցություն ունենա: Բայց պարզվում է՝ ՔՊ-ական իշխանությունը դեռ մահակը նրա գլխից չի հեռացրել․ դեռեւս 2021 թվականին նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթները չեն փակվել: Թեեւ առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է, բայց դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, եւ դատաքննությունը նոր փուլ է մտել։ Ի դեպ, սա էլ է մտածված ձեռագիր` դատարաններն արդարացնում են, դատախազությունը բողոքարկում է, բայց պարզվում է` «անզոր» է, ի վերջո՝ «հաղթում է արդարությունը», եւ իշխանության հետ ջերմ հարաբերություններ հաստատած անձն ազատվում է պատժից, ինչպես եղավ Առուշ Առուշանյանի դեպքում:
Ինչ վերաբերում է Փարամազյանի նկատմամբ հարուցված գործերին, ապա դրանցից առաջինը վերաբերում է Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված խարդախություններին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, ինչի պատճառով նա 2021 թվականին նույնիսկ կալանավորվել էր, իսկ հետո ազատ արձակվել` 50 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ի դեպ, շատ ավելի մեղմ մեղադրանքներով Վանաձորի նախկին քաղաքապետը 2․5 տարի նստեց: Առաջին ատյանի Հակակոռուպցիոն դատարանը նրան անմեղ է ճանաչել այս մեղադրանքներով, վերացրել խափանման միջոցը եւ վերադարձրել 50 միլիոն դրամ գրավը, դատախազությունը հետագայում բողոքարկել է դատավճիռը։
Մենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի արդարացման որոշումը։ Այնուհետեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է տարել վերաքննիչի որոշման դեմ, որն այս տարվա հուլիսի 20-ին ընդունվել է վարույթ. առաջիկայում վճռաբեկը պետք է որոշի այս գործով Մանվել Փարամազյանի ճակատագիրը։ Կարծում ենք՝ այն նույնը կլինի, ինչ եղավ Գորիսի քաղաքապետի դեպքում․ արդարացումը կմնա ուժի մեջ:
Այս մեղադրանքին զուգահեռ, նրա անունը շոշափվում էր նաեւ 2020 թվականի պատերազմի օրերին տեղի ունեցած մարդու առեւանգման եւ բռնության վերաբերյալ մի քրեական գործում, որը քննվում է արդեն շուրջ 6 տարի։ Մանվել Փարամազյանին եւ 4 անձի՝ Մարատ Ստեփանյանին, Խորեն Միրզոյանին, Բաբկեն Համբարձումյանին եւ Լեւոն Համբարձումյանին մեղադրում են այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ առեւանգել էին Շավարշ Մարգարյանին: Այս քրեական գործը եւս երկար ճանապարհ է անցել։
Առաջին ատյանի դատարանում մեղադրյալներն արդարացվել են, կրկին դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Գործի վերաբերյալ փորձեցինք զրուցել մեղադրյալներ Մարատ Ստեփանյանի եւ Խորեն Միրզոյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ: Նա ասաց, որ իրենք վերաքննիչի որոշումը բողոքարկել են վճռաբեկ դատարան, որը վարույթ չի ընդունել․ «Հիմա Գորիսի դատարանում անցել ենք հիմնական դատալսումների՝ Հրաչ Դաջունցի վարույթում»։ Տեղեկացանք նաեւ, որ դատարանն այս գործով Փարամազյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը փոխել է գրավով, որպեսզի Քաջարանի ղեկավարն անարգել ելումուտ ունենա, մեկնի արտերկիր։
Գլխավոր դատախազությունը մի վարույթ էլ Փարամազյանի դեմ սկսել էր ապօրինի գույքի բռնագրավման կարգով` 2024 թվականին դիմել են դատարան եւ պահանջել են Մանվել Փարամազյանից եւ նրան փոխկապակցված անձանցից՝ հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք եւ դրամական միջոցներ: Այս քաղհայցը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է, դեռ քննվում է։

Բաց մի թողեք
Ռուսաստանը չի լքել Կովկասը, բայց կորցրել է խաղի կանոնները միայնակ որոշելու իրավունքը. Լուսանկար
Վառարանի վրա ձեռքերը տաքացնելով ունեցվածքի տեր է դարձել․ Լուսանկար
Տավուշում գործազրկություն է, մարզպետարանում 11 հաստիք թափուր է