18/09/2026

EU – Armenia

Տավուշում գործազրկություն է, մարզպետարանում 11 հաստիք թափուր է

Բազում կիրթ երիտասարդներ, աշխատանք չգտնելով, Տավուշից տեղափոխվում են Երեւան կամ արտագաղթում։ Մարզում որակավորում պահանջող աշխատատեղերի պակաս կա, սակայն Տավուշի մարզպետի աշխատակազում թափուր հաստիքներ կան, որոնք տարիներով չեն համալրվում։

Հրապարակ թերթը գրել է․ Աշխատակազմն ունի 66 աշխատակից՝ մարզպետը, տեղակալները, օգնականները, խորհրդականները, տեղակալի օգնականները, գլխավոր քարտուղարը, վարչությունների պետերը, բաժինների վարիչները, աշխատակազմի գլխավոր, ավագ մասնագետները եւ այլն։ Մարզպետի աշխատակազմը ընդամենը 2 ոլորտ է կառավարում՝ գյուղական պետական բժշկական հիմնարկները՝ ամբուլատորիաներ, բուժկետներ եւ մանկապարտեզներ, որովհետեւ հանրակրթական դպրոցները սեպտեմբերի 1-ից ենթարկվում են ԿԳՄՍՆ-ին, միայն դպրոցների վարչատնտեսական մասն է գտնվում մարզպետի ենթակայության ներքո։

Մարզպետի աշխատակազմի հաստիքներն ուռճացված են, եւ բազում թափուր հաստիքներ կան։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Սեպտեմբերի 7-ի դրությամբ մարզպետի աշխատակազմում քանի՞ թափուր հաստիք կա, ինչքա՞ն է այդ հաստիքների աշխատավարձը, ի՞նչ է արվում դրանք համալրելու համար»։ Աշխատակազմը պատասխանել է․ «Տավուշի մարզպետի աշխատակազմում սեպտեմբերի 7-ի դրությամբ առկա է 11 թափուր հաստիք, որից 2-ը՝ մարզպետի խորհրդականի, 2-ը՝ բաժնի պետի, 3-ը՝ գլխավոր մասնագետի, 3-ը՝ ավագ մասնագետի եւ 1-ը՝ մասնագետի: Նշված հաստիքների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Թափուր հաստիքները համալրելու նպատակով պարբերաբար տրվում են հայտարարություններ»:

Հարկ չեն համարել նշել, թե թափուր հաստիքների համար որքան աշխատավարձ է սահմանված, որով­հետեւ կպարզվեր, որ գոր­ծազրկության մեծ տոկոս ունեցող Տավուշում տեւական ժամանակ համեմատաբար բարձր աշխատավարձով 11 հաստիք թափուր է, զբաղեցնել ցանկացողներ չկան։ Չեն հայտնել նաեւ, թե թափուր հաստիքները զբաղեցնելու համար հայտարարությունները որտեղ են տեղադրվել, որ մարզի կիրթ, գործազուրկ խավը դրանցից անտեղյակ է` չի մասնակցում մրցույթներին։ Ինչո՞ւ այդ հայտարարությունները չեն տեղադրվում Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում։ Կարծում եմ՝ դրա պատճառը հետեւյալն է. անցյալում, հիմա՝ եւս Տավուշի մարզպետարանում պաշտոնները բաշխվել են «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով, պատահական մարդկանց աշխատակազմում գործի չեն ընդունում։

Իսկ 2018թ․ ապրիլին Իջեւան քաղաքում կայացած բազմամարդ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով պաշտոնների չեն նշանակվելու: Սակայն, ինչպես շատ դեպքերում, այս անգամ էլ նրա խոստացածի հակառակը եղավ։ Նիկոլ Փաշինյանն իր դասընկեր, իր ամուսնության քավոր Հայկ Ղալումյանին 2021թ․ ապրիլի 8-ին նշանակեց Տավուշի մարզպետ։ Նախկինում Տավուշի մարզպետարանում աշխատում էին նաեւ մարզի Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան համայնքների բնակիչներ, այժմ Տավուշի մարզպետի աշխատակազմում միայն Իջեւանի բնակիչներ` մարզպետի «զեմլյակներն» են աշխատում։