21/09/2026

EU – Armenia

Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին

Հայաստանի Անկախության հռչակագիրը չի կարելի դիտարկել որպես կոնֆլիկտի աղբյուր․ դրանում ամրագրված դրույթներն արտահայտում են հայկական պետականության վերաբերյալ երկարաժամկետ նպատակներն ու ապագայի տեսլականը։

Այս մասին «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով բաց քննարկման ժամանակ հայտարարել է իրավաբան, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը Անկախության հռչակագիրը համեմատել է մարդու ծննդյան վկայականի հետ՝ նշելով, որ այն փաստաթուղթը, որտեղ ամրագրված են մարդու հիմնական տվյալները, անհեթեթ կլիներ անվանել «կոնֆլիկտածին»։

«Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին։ Այն փաստաթուղթը, որտեղ գրված է ձեր ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, ազգանունը, հայրանունը։ Աբսուրդ է թվում, բայց մենք այսօր հենց այդ իրականության մեջ ենք ապրում»,- ասել է նա։

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետությունները, որպես կանոն, իրենց անկախության հռչակագրերը դիտարկում են որպես պետականության հիմնարար փաստաթղթեր և հպարտանում դրանցով։ Նրա գնահատմամբ՝ նման փաստաթուղթը կարելի է ընկալել նաև որպես պետության հիմնադիրների կողմից հաջորդ սերունդներին փոխանցված պատգամ։

Վարդևանյանը նշել է, որ Հայաստանի դեպքում ևս Անկախության հռչակագրի թե՛ ձևը, թե՛ բովանդակությունը պետք է դիտարկել այդ համատեքստում։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում հասարակական և քաղաքական ընկալումները կարող են փոխվել, սակայն պետությունը պետք է ունենա երկարաժամկետ համազգային նպատակներ, արժեքներ և ձգտումներ։

Նա նաև ընդգծել է, որ այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ անգամ «համազգային նպատակ» ձևակերպումն է ընկալվում որպես խնդիր։