ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽԽՎ-ում հակադարձեց բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լինի պնդումներին, որ «աշխարհի հնագույն ազգային եկեղեցին` Հայ առաքելական եկեղեցին, հալածվում է իր իսկ պետության կողմից, ապօրինաբար կալանավորվում են հոգեւորականներ»:
Հրապարակ թերթը գրել է․ Իր ելույթում ՔՊ-ականը ՀԱԵ վերաբերյալ հնչած հայտարարությունները որակեց «խիստ անտեղյակ» եւ պնդեց, թե Հայաստանի կառավարությունն ու պետությունը ոչ թե պայքարում են Եկեղեցու դեմ, այլ պաշտպանում են այն։ «Եպիսկոպոսների նկատմամբ ձեռնարկված գործողությունները կապված չեն նրանց՝ հոգեւորական լինելու հանգամանքի հետ: Եպիսկոպոսները չեն ձերբակալվել այն պատճառով, որ եպիսկոպոս են։
Նրանց նկատմամբ կան քրեական գործեր։ Վերջնական որոշում կայացնողը մենք չենք, դա դատարանի իրավասությունն է: Քրեական գործերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։ Պատճառն այն է, որ Հայոց կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ասաց Գրիգորյանը, բայց նրա ելույթն ընդհատվեց նախագահողի կողմից, որը հորդորեց խոսել բացառապես զեկույցի մասին։
Իրավապաշտպան, քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Այն, որ արեւմտյան տարբեր հարթակներում ստիպված են լինելու արձագանքելու, ի դեպ՝ բավականին կոշտ, դա փաստ է, սակայն այդ արձանագրումներն անելու են զուգահեռաբար՝ սատարելով Նիկոլ Փաշինյանին: Ես այդ կանխատեսումը վաղուց եմ արել: Այլեւս հնարավոր չէ չտեսնել իրենց իսկ սահմանած խաղի կանոնները: Դա հնարավոր բան չէ: Բայց խնդիրն այն է, որ մի կողմից տեսնում են եւ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում, սակայն մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանն այս ժամանակաշրջանի համար շատ ձեռնտու տարբերակ է: ԵԽԽՎ-ն «ստրախովկա» է անում, որովհետեւ վաղը հայ ժողովուրդն իրենց մի պարզ հարց է տալու` բա դուք ո՞ւր էիք, ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞ւ ձեր իսկ սահմանած խաղի կանոններով չէիք առաջնորդվում, ու քանի գնաց, ավելի կոշտ հայտարարություններ են տարածելու: Ինչքան հայ հասարակությունը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս ընդունելի չէ, ինչքան աղմուկ բարձրացավ, թեկուզ ֆեյսբուքյան տիրույթում, այնքան ավելի կոշտ են արձագանքելու Նիկոլի գործողություններին: ԵԽԽՎ-ի պարտականությունն է՝ նման իրավիճակներում արձագանքելը: ԵԽԽՎ-ն գործել է իր մանդատին համապատասխան, սակայն երկար ժամանակ նրանք այս ամենը չտեսնելու էին տալիս: Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է չափ ու սահմանն անցել, որ այլեւս չտեսնելու տալը հնարավոր չէ, դա արդեն իրենց է վարկաբեկում: Որքան էլ որ Հայաստանը փոքր երկիր է, նրանք չեն ցանկանում, որ վատ համբավ ձեռք բերեն այստեղ»:

Բաց մի թողեք
Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին
Հետ նայողների ազգ
Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին