01/10/2026

EU – Armenia

Երկու կարևոր զարգացում՝ հայ գերիների դատավարության հետ կապված

Բաքվում պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը բանտից ուղերձ է հղել՝ հայտնելով, որ իրենց տրամադրվել է վերաքննիչ դատարանի որոշումը, իսկ երեք անձի պաշտպաններ արդեն վճռաբեկ բողոք են ներկայացրել Ադրբեջանի Գերագույն դատարան։

Բաբայանի խոսքով՝ վերջին օրերին իրենց դատավարության հետ կապված երկու կարևոր զարգացում է եղել։

«Ամսի 18-ին մեզ ներկայացվել են արդեն վերաքննիչ դատարանի վճիռները, մեզ տրամադրել են էլեկտրոնային տարբերակը։ Բնական է, որ այնտեղ, ինչպես նաև նախկինում, ոչ մի ստորագրություն չկա, ոչ մի պաշտոնական նմուշ անգամ չկա, բայց, այնուամենայնիվ, բերել և տվել են մեզ՝ 47 հատոր ընդհանուր ծավալով»,- ասել է Բաբայանը։

Երկրորդ զարգացումը, ըստ նրա, վերաբերում է վճռաբեկ բողոքներին։

«Մեր պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք իրենց Գերագույն դատարան։ Իհարկե, ոչ բոլորինն է․ երեք հոգու պաշտպաններն են ներկայացրել, մյուսներին չեն ներկայացրել կամ տեղյակ չենք»,- նշել է նա։

Բաբայանը պնդում է, որ վերաքննիչ դատարանի որոշումն էականորեն չի տարբերվում առաջին ատյանի դատարանի որոշումից և մեղադրող կողմի ներկայացրած փաստարկներից։ Վերաքննիչ ատյանի փաստաթղթերում իր ներկայացրած որոշ հակափաստարկներ կամ դրանց կարևոր հատվածներ դուրս են թողնվել ու գրաքննվել։

Բաբայանը որպես օրինակ անդրադարձել է իրեն վերագրվող՝ «հանցավոր միավորման» անդամ լինելու մեղադրանքին։

«Ես ասում եմ՝ եթե դա հանցավոր միավորում է, ինչո՞ւ է ձեր համազգային առաջնորդը, որը ներկայիս նախագահի հայրն է, մեր հանրապետության հետ գործունեություն ունեցել, ուղղակիորեն առնչվել է, պաշտոնապես բանակցություններ վարել։ Հիմա վերաքննիչ դատարանի նյութերում այդ ամենը հանված է, անունը հանված է»,- ասել է Բաբայանը։
Նա անդրադարձել է նաև իրեն ներկայացված տնտեսական բնույթի մեղադրանքներին՝ պնդելով, որ դրանցում ևս հակասություններ և փաստական անհամապատասխանություններ կան։

Բաբայանը շնորհակալություն է հայտնել պաշտպաններին՝ Գերագույն դատարան ներկայացված բողոքների համար։

«Բավականին լավ մեկնաբանված բողոք են ներկայացրել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ պաշտպանին, որովհետև այնտեղ նշված են այդ բոլոր չարաշահումները հենց օրենքների նկատմամբ։ Նման մոտեցումն իրոք մեծ խիզախության, մարդասիրության և պրոֆեսիոնալիզմի դրսևորում է»,- ասել է նա։

Նա նաև մատնանշել է իրեն ներկայացված մեղադրանքների ժամանակագրության հետ կապված անհամապատասխանություն։ Բաբայանի խոսքով՝ իրեն մեղադրում են 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 28-ը որոշումներ ընդունող ինչ-որ կառույցի գործունեությանը մասնակցելու մեջ, մինչդեռ այդ ժամանակ ինքը դեռ անչափահաս էր։

«Ինձ մեղադրում են, թե 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 28-ը եղել եմ ինչ-որ կոմիտեում, որը որոշումներ է ընդունել պատերազմի, խաղաղության մասին։ 1988 թվականի սեպտեմբերը պարզ է՝ 10 տարեկան եմ եղել, միգուցե սա է չափանիշը, իհարկե՝ չակերտներում»,- հեգնել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ դրանով մեկնարկում է գործի քննության հաջորդ՝ Գերագույն դատարանի փուլը։ Բաբայանը նշել է, որ ակնկալիքներ չունի այդ գործընթացից, սակայն կարևոր է համարում նաև այդ ատյանն անցնելը՝ հետագա հնարավոր քայլերի համար։

Արցախի նախկին արտգործնախարարը նաև պնդել է, որ իրենց տրամադրված նյութերի 47-րդ հատորը՝ 333 էջ ծավալով, հնարավոր չէ ընթերցել, թեև դրանում, ըստ նրա, ներկայացված է վերաքննիչ ատյանի որոշումների հիմնավորումը։

Ուղերձի վերջում Բաբայանը հայտարարել է, որ չի հուսահատվում և շնորհակալություն է հայտնել իրենց աջակցող մարդկանց։