02/10/2026

EU – Armenia

Ռուսաստանը սպասում է Երևանի` երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկի արձագանքին․ Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Երևանի` Հայաստանում երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկի արձագանքին։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Օվերչուկի խոսքով՝ դրանք կապ են ապահովում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Այսօր մենք, ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք հայկական երկաթուղիների երկու կարճ հատվածների վերականգնման հարցը, որոնք կոնցեսիոն կառավարման են հանձնված «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը։ Մենք նշեցինք, որ պաշտպանում ենք այդ երկու հատվածների վերականգնումը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին այդ հարցում՝ մասնավորապես ապահովելու տրանսպորտային կապը Երասխից դեպի Նախիջևան և Գյումրիից դեպի թուրքական սահման»,- ասել է փոխվարչապետը։

Պաշտոնյան ընդգծել է, որ այդ որոշումները կայացվել են նախագահական մակարդակով դեռևս հունվարին։ «Մենք սպասում ենք՝ տեսնելու, թե ինչպես կարձագանքի հայկական կողմը։ Կարծում եմ՝ մոտ ապագայում պետք է տեղի ունենան շատ կարևոր հանդիպումներ՝ այս հարցն առաջ մղելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ «գնդակն այժմ նրանց դաշտում է»։

Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ էլ աջակցել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապի ամրապնդմանը և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված նախագծերին։