Կազմակերպությունների տնօրենների հաճախ փոփոխությունը այդ ընկերությունների կողմից իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու խոչընդոտ է եւ չի նպաստում կազմակերպությունների կայուն զարգացմանը։
Հրապարակ թերթը գրել է․ Վերջին տարիներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ղեկավարության փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ աշխատակիցները չեն հասցնում նորմալ ծանոթանալ տնօրենների հետ։
Սեպտեմբերի 18-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Հայրապետյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել։ Առաջին հարցը հետեւյալն է․ «Ե՞րբ է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանն ազատվել պաշտոնից, Դուք ե՞րբ եք նշանակվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»։
Սեպտեմբերի 30-ին «Հայանտառ»-ից հայտնել են․ «Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սեւակ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է 2025 թվականի ապրիլի 28-ին։ Արտյոմ Հայրապետյանը Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2026թ․ սեպտեմբերի 18-ից»։
Իսկ այդ ժամանակամիջոցում՝ 2025թ․ ապրիլի 28-ից մինչեւ 2026 թ․ սեպտեմբերի 18-ը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ն այլ ղեկավար է ունեցել։ Արտյոմ Հայրապետյանի` տնօրենի ԺՊ նշանակվելուց առաջ կազմակերպության տնօրենի ԺՊ-ն Գարեգին Միրզոյանն էր։ Ի դեպ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում Արտյոմ Հայրապետյանն այժմ ներկայացված է որպես կազմակերպության տնօրեն։
Սեպտեմբերի 18-ին Ա․ Հայրապետյանին նաեւ այլ հարցապնդում եմ արել․ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնյաներից ովքե՞ր ունեն անտառագետի կամ բնագետի մասնագիտություն։ Մյուս պաշտոնյաներն ի՞նչ կրթություն ունեն»։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից հայտնել են․ «Կազմակերպության ղեկավար պաշտոններից 5 աշխատակից ունի բնագետի, անտառային ոլորտի կրթություն․ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Հայկ Գալստյան՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, «Բնապահպանություն եւ բնօգտագործում», «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Արթուր Ծատուրյան՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Բույսերի պաշտպանություն», «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Վազգեն Սահակյան՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, «Անտառային եւ անտառապուրակային տնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Վիտալի Դոլունց՝ Գորիսի պետական համալսարան, «Կենսաբանություն», «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Մհեր Արզումանյան՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, «Անտառային եւ անտառապուրակային տնտեսություն»»։
Ինչպես տեսնում ենք` ո՛չ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, ո՛չ նրա տեղակալները, օգնականը, խորհրդականը, «Հայանտառի» բաժինների պետերն անտառագետի կամ բնագետի կրթություն չունեն, այդպիսի կրթություն ունեն միայն 5 անտառտնտեսությունների` մասնաճյուղերի ղեկավարները, որոնք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար աշխատողներ չեն, այլ՝ միջին աստիճանի ղեկավարներ։ Առանց համապատասխան մասնագիտական կրթության, առանց հիմնարար գիտելիքների, «Հայանտառի» ղեկավարներն ինչպե՞ս են այդ կազմակերպության, Հայաստանի անտառների կառավարման վերաբերյալ արդյունավետ որոշումներ ընդունում եւ իրականացնում։ Շուրջ 16 ամիս է, ինչ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքը չի գործում, այն գտնվում է տեխնիկական վերազինման փուլում։ Արտյոմ Հայրապետյանին հարցրել եմ նաեւ․ «Ե՞րբ է ավարտվելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքի տեխնիկական վերազինումը, ե՞րբ է կայքը վերագործարկվելու»։ Պատասխանել է․ «Կազմակերպության պաշտոնական կայքէջի վերաթողարկման գործընթացը գտնվում է ավարտական փուլում։ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարության կողմից համապատասխան համաձայնություն ստանալու դեպքում կայքէջի գործարկման վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի Կազմակերպության պաշտոնական սոցիալական հարթակների միջոցով»։


Բաց մի թողեք
Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը
Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին
Այս «ապագան» էին խոստանո՞ւմ