Հնարավոր է՝ մեզ սպասվում է ԱԲ-ի հետ կապված ապոկալիպսիս։ Եվրոպացի առաջնորդները, սակայն, չեն ցանկանում խոսել այդ մասին։
Եվրոպական միությունը ստեղծված չէր այնպիսի հսկայական և էկզիստենցիալ մարտահրավերների դիմագրավելու համար, ինչպիսին, օրինակ, մարդկության՝ ԱԲ-ի կողմից ոչնչացվելու հավանականությունն է։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում ԵՄ ղեկավարները, թեկուզ դժվարությամբ, բայց հաղթահարել են ճգնաժամը ճգնաժամի հետևից․ սկսած այն պահից, երբ Հունաստանը հայտնվել էր եվրագոտուց դուրս մղվելու եզրին, մինչև Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, որը միլիոնավոր մարդկանց ստիպեց ապաստան փնտրել ԵՄ-ում։ Ամեն անգամ նրանք ելք են գտել։ Դա է ԵՄ-ի գործելաոճը։
Արհեստական բանականության պարագայում, սակայն, իրավիճակն այլ է։
Տեխնոլոգիական ոլորտի փորձագետները, արդյունաբերության ներկայացուցիչները և նույնիսկ կառավարությունները նկարագրում են Եվրոպայի մայրաքաղաքներում տիրող կաթվածահար վիճակը, ուշադրության ցրվածությունն ու պարտվողական տրամադրությունները։ Խոսուն փաստ է, որ 2022 թվականի նոյեմբերին ChatGPT-ի գործարկումից հետո չորս տարի պահանջվեց, որպեսզի ԵՄ ղեկավարները, ի վերջո, որոշեն քննարկել արհեստական բանականության հարցը ուրբաթ օրը Դուբլինում կայացած գագաթնաժողովում։
Ընդ որում, նույնիսկ այդ քննարկման ժամանակ թեմայի հանդեպ մեծ ոգևորություն չնկատվեց։
«Կան շատ ավելի կարևոր հարցեր», — հանդիպմանը մտնելիս արհամարհական տոնով ասաց Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը՝ նկատի ունենալով մի հրատապ խնդիր (որը, թերևս, քաղաքակրթության վախճանին չի հանգեցնի)․ թե ով պետք է ներկայացնի ԵՄ-ն Ռուսաստան-Ուկրաինա խաղաղ բանակցություններում։
Երկու ամիս առաջ հրապարակված մի զեկույցի հեղինակները, որոնց թվում են արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի հիմնադիրներից երկուսը, ինչպես նաև OpenAI-ի և Anthropic-ի բարձրաստիճան ղեկավարները, չէին համաձայնի Կուլբերգսի գնահատականի հետ։ Զեկույցում նախազգուշացվում է, որ արհեստական բանականության «ինտելեկտի պայթյունը» կարող է հանգեցնել իշխանության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների լրջագույն թուլացմանը՝ թե՛ պետությունների, ընկերությունների ու իշխանության ճյուղերի ներսում, և թե՛ դրանց միջև։


Բաց մի թողեք
ԵՄ պատժամիջոցներ է սահմանել 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Wildberries-ի հիմնադրի նկատմամբ
Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին
Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին