02/10/2026

EU – Armenia

Միջուկային էներգիան խաղալիք չէ․ Լուսանկար

Ռուսաստանի էներգետիկ հսկայի՝ «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի այցից հետո պաշտոնական Երեւանը հայտնվել է երկու քարի արանքում: Ռուսական կողմը սեղանին է դրել հստակ առաջարկ՝ Հայաստանում պատրաստ է կառուցել 1 գիգավատ (1000 ՄՎտ) հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ:

Հրապարակ թերթը գրել է․ Բայց մենք հիշում ենք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երեւան եւ Փաշինյանի հետ ստորագրած համատեղ հայտարարությունը, որով ԱՄՆ-ն պատրաստվում է 9 մլրդ դոլարի ծրագիր իրականացնել Հայաստանում, որից 4 մլրդ-ն աջակցությունն է վառելիքի ու սպասարկման տեսքով: «Փոքր մոդուլային ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր»,- նշել էր Վենսը:

Ընդամենը 4 օր անց կոշտ պատասխան հնչեց Մոսկվայից: Փետրվարի 13-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասաց, որ ամերիկացիները Երեւանին առաջարկում են մի տեխնոլոգիա, որն անգամ իրենք իրենց երկրում դեռ չեն կառուցել ու չեն փորձարկել, որ ԱՄՆ-ն Հայաստանին դատապարտում է «ատոմային փորձարկումների»:

Նա չոր հիշեցրեց՝ Հայաստանը սեյսմիկ գոտի է, եւ խորհրդային ինժեներների կառուցած ատոմակայանը 1988-ին դիմացավ, իսկ ահա ամերիկյան «փորձարկումները» կարող են ողջ տարածաշրջանի համար միջուկային նոր աղետի վերածվել։ Սա նշանակում էր՝ եթե այդ մոդուլները սկսեն կառուցել, Ռուսաստանը ստիպված է լինելու հաշվի առնել «անվտանգության նոր ռիսկերը»։

«Ռոսատոմ»-ի ղեկավարի այցը Շոյգուի նախազգուշացումների շարունակությունն էր։ Նրա շուրթերից ո՛չ վերջնագիր հնչեց, ո՛չ սպառնալիք: Դրանք ենթատեքստում էին: Նախ, Լիխաչովը ասաց, որ իր այցը Երեւան Պուտին-Փաշինյան պայմանավորվածությունների ուղիղ հետեւանքն է՝ Փաշինյանին հիշեցնելով մոսկովյան հանդիպումները:

Ի՞նչ պայմանավորվածություններ էին դրանք: Նախ՝ 2025-ի սեպտեմբերին՝ մոսկովյան այցի ժամանակ, Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը որոշել է գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչեւ 2036 թվականը: Մոսկվայի համար սա նշանակում է՝ «քանի որ հինը մենք ենք պահում, նորն էլ պիտի մերը լինի»: Այնուհետեւ արդեն այս տարվա ապրիլին՝ Կրեմլում Պուտինի հետ դեմառդեմ հանդիպման ժամանակ Փաշինյանը հավաստիացրել էր, որ «Ռոսատոմի» առաջարկը մանրամասն քննարկվելու է: Լիխաչովի այս այցը հենց ապրիլյան հանդիպման ժամանակ տրված համաձայնության արդյունքն է:

Իսկ մոտ մեկ ամիս առաջ, Պուտինի հետ վերջին շփումներից հետո, Փաշինյանը լրագրողներին ասաց, որ արդեն պայմանավորվածություն կա, որ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կներկայացնի այն առաջարկները, որոնք այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ: «Ով մեզ լավագույն առաջարկն անի, գնալու ենք այդ առաջարկի հետեւից»,- ասել էր Փաշինյանը: Եվ ահա՝ Լիխաչովի այցը կայացավ, եւ Արեւմուտքի հետ Փաշինյանի սիրախաղերը մոռացության տված Մոսկվան «Ռոսատոմի» ղեկավարի շուրթերով ասում է. «Այստեղ պետք է լինի առնվազն մեկ էներգաբլոկ՝ առնվազն 1000 մեգավատ հզորությամբ։ Մեր առաջարկը լավագույնն է համաշխարհային շուկայում»։ Ու որպեսզի հայկական կողմը երկար չերազի ամերիկյան վիրտուալ մոդուլների մասին, նաեւ չոր հաշվարկ է ներկայացնում՝ առանց ռուսական նոր մեծ կայանի, հին ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելը կբերի «էլեկտրաէներգիայի գնի հնարավոր նույնիսկ կրկնապատկման»։
Եվ ի՞նչ է պատասխանում Փաշինյանը: Կրկին նույնը՝ «քննարկում ենք»:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ նա Լիխաչովին ասել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկների քննարկումները, եւ «որոշումը կկայացվի մոտ ապագայում»։ Ինչպե՞ս ենք դուրս գալու երկու քարի արանքից, ո՞րն է գերադասելի Հայաստանի համար՝ ամերիկյան տեխնոլոգիա՞ն, թե՞ ռուսականը:

Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանն ասում է՝ ռուսականը, բայց ոչ թե այն պատճառով, որ այն ավելի լավն է, այլ՝ այն, որ մեր մասնագետները կարողանում են այդ տեխնոլոգիաների հետ աշխատել՝ մեր ինժեներները, էքսպերտները, որոնք միակն են տարածաշրջանում, իսկ ամերիկյան տեխնոլոգիաները յուրացնելու համար կպահանջվի 50-60 տարի: «Միջուկային էներգիան խաղալիք չէ, չես կարող ասել՝ ռուսականը չեմ առնի, կվերցնեմ ամերիկյանը, ճապոնականը, ֆրանսիականը: Քաղաքական հայացքներ փոխելով չէ, դրանք լրջագույն տեխնոլոգիաներ են: Հայաստանում կա ինֆրաստրուկտուրա, որը կարող է աշխատել ВВЭР ռեակտորների հետ: Ռուսները հիմա արտադրում են ВВЭР-1200 տիպի ռեակտորներ, որոնց հետ մեր ինֆրաստրուկտուրան (մեր ռեակտորը ВВЭР-4 է) կարող է աշխատել: Այլոց հետ չի կարող: Ու մարդը, որը նստած է վերին աթոռին, պետք է գոնե մեկից խորհուրդ հարցնի՝ բերանը բացելուց առաջ: Եթե կարող են զուգահեռ աշխատեցնել, լավ կլինի: Դա կարող է անել Չինաստանի նման պետությունը, որտեղ կան ե՛ւ ամերիկյան, ե՛ւ ռուսական ռեակտորներ: Բայց Հայաստանը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Խելք է պետք ունենալ, հասկանալ, թե ինչ ես անում, ինչ բառ ես արտասանում, որ հետո իմանաս, թե ինչ անես»,- ասում է Արմեն Մանվելյանը:

Վենսի հետ 9 մլրդ-ի պայմանագիրը, ըստ նրա, խաբեություն է: «Ժողովրդին խաբում, ասում են, թե իբր այդ 9 մլրդ-ն ներդրում էր, իրականում, մենք պետք է վճարենք, որից 5 մլրդ-ն ռեակտորի գինն է, 4 մլրդ-ն՝ ծառայությունների: Սարսափելի բարձր գներ են դրանք: Բայց իրենց մասնագետները չեն ասում շեֆին այդ մասին, այլ նայում են նրա բերանին»: Փորձագետի կանխատեսմամբ՝ ամերիկյան կայանը Հայաստանում չի կառուցվելու: «Ռուսաստանում, եթե Կրեմլի հետ գալիս եք համաձայնության, դա բավարար է, որ «Ռոսատոմը» ձեզ մոտ ատոմակայան կառուցի: ԱՄՆ դեպքում քաղաքական համակարգն այդպես չի գործում: Դուք կարող եք պետքարտուղարի, Վենսի, Ռուբիոյի հետ ֆանտաստիկ պայմանագրեր կնքել, բայց դա չի նշանակում, որ, օրինակ, Westinghouse Electric միջուկային կայաններ կառուցող ընկերությունը ինչ-որ քաղաքական «մամայի արեւով» կգա ձեզ մոտ, կայան կկառուցի: Չի կառուցի: Այստեղ այլ որակի համաձայնություններ են պետք: Մեր քաղաքական գործիչ կոչվածները սովետաբոլշեւիկյան մտածելակերպի մարդիկ են, չնայած իրենց ուզում են արեւմտամետ ներկայացնել: Դա Արեւմուտքում չի աշխատում: Վենսը կգա, պայմանագիր կստորագրի, բոլորը կուրախանան, ընտրություններում մի քանի տոկոս ձայն կհավաքեն, ու դա կմնա թղթի վրա»:

Այսպես, հասել ենք մի վիճակի, երբ Ռուսաստանի դուռն աստիճանաբար փակվում է, իսկ Արեւմուտքինը չի բացվելու: Այդպես եղավ եվրոպական շուկայի հետ, նույնը, հավանաբար, կլինի միջուկային կայանի հարցում:

«Հրապարակ». Միջուկային էներգիան խաղալիք չէ