06/10/2026

EU – Armenia

35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. Լուսանկար

«Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանն այժմ նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ո՞վ է նա և ի՞նչ ունեցվածք ունի։

Ռոբերտ Բազիկյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։

2001-2011 թվականներին Բազիկյանը զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության բաժնի օպերլիազորի, ավագ օպերլիազորի, պետի տեղակալի և բաժնի պետի պաշտոնները։ 2011-2019 թվականներին եղել է ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային վարչության պետը, իսկ 2019-2020 թվականներին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալը։ 2020-2021 թվականներին աշխատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։

Ըստ Բազիկյանի՝ 2025 թվականի հայտարարագրի՝ անցած տարվա ընթացքում նա ունեցել է ընդհանուր 35 մլն 110 հազար 919 դրամ եկամուտ։ Դրանից 19 մլն 34 հազար 15 դրամը կազմել է Պետական վերահսկողական ծառայությունից ստացած աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները։ 1 մլն 598 հազար 299 դրամ ստացել է եկամտային հարկի վերադարձից, 3 մլն 170 հազար դրամ՝ գյուղատնտեսական գործունեությունից, իսկ 2 մլն 565 հազար դրամ՝ կենսաթոշակից։

Բացի այդ, Բազիկյանը 2025 թվականին ստացել է երեք վարկ՝ համապատասխանաբար 2 մլն, 5 մլն և 1 մլն 743 հազար 605 դրամի չափով։

Պաշտոնյան հայտարարագրել է անշարժ գույքի 5 միավոր։ Դրանցից երկուսը Արարատի մարզի Լուսաշող և Դաշտաքար բնակավայրերում գտնվող հողամասեր են, մեկ այլ գույք Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տունն է՝ տնտեսական շինություններով։ Դաշտաքարում Բազիկյանը նաև ունի բազմամյա տնկի և հողամաս։ Նշված գույքը ձեռք է բերվել 2000-2017 թվականներին՝ այդ թվում՝ նվիրատվության և գնման եղանակներով։ 2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Բազիկյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա հայտարարագրում չկան նաև արժեթղթեր, ներդրումներ, բանկային ավանդներ կամ 4 մլն դրամը գերազանցող արժեք ունեցող գույք։

2025 թվականի սկզբին նրա երեք բանկային հաշիվներում առկա է եղել ընդհանուր 637 հազար 886.08 դրամ, իսկ տարեվերջին՝ 150 հազար 696.30 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները, սակայն, ավելացել են։ Տարվա սկզբին Բազիկյանը հայտարարագրել էր 3 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջի դրությամբ՝ 5 մլն դրամ։

Տարվա վերջում նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 26 մլն 366 հազար 582.8 դրամ։ Միաժամանակ, 2025 թվականին վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 8 մլն 329 հազար 294 դրամ։

Բազիկյանը 2025 թվականի ընթացքում չի հայտարարագրել 2 մլն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր, ճանապարհածախս և հյուրանոցային ծախսեր, վարձակալության, կրթության կամ վերանորոգման ծախսեր»։

Blog Image