07/10/2026

EU – Armenia

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը

«Հանրությանը իրազեկելու և պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունն ապահովելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանի 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը։

2023 թվականի մարտի 28-ից Մհեր Ափրիկյանը զբաղեցնում է ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ դրանից առաջ Մհեր Ափրիկյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը։

Մհեր Ափրիկյանն ունի 4 բնակարան

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին և տարեվերջին Մհեր Ափրիկյանի անունով առկա է եղել 4 բնակարան։ Դրանցից մեկը Երևանում գտնվող բնակարան է՝ 1/4 բաժնային սեփականությամբ, մյուսը՝ Ծաղկաձորում գտնվող բնակարան՝ 1/2 բաժնային սեփականությամբ, իսկ Աբովյանում նա ունի երկու բնակարան՝ համատեղ սեփականության իրավունքով։

2025 թվականին Ափրիկյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Տրանսպորտային միջոց նույնպես չի հայտարարագրել։

Եկամուտը՝ 21 մլն 404 հազար 657 դրամ

2025 թվականին Մհեր Ափրիկյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 21 մլն 404 հազար 657 դրամ։

Դրանից 17 մլն 629 հազար 450 դրամը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ են՝ ՀՀ դատախազությունից։ Նա նաև ստացել է 1 մլն 448 հազար 530 դրամ եկամտային հարկի վերադարձ, 156 հազար 677 դրամ այլ եկամուտ և բանկերից ստացել է 2 մլն 170 հազար դրամ փոխառություններ։

Բանկային հաշիվներն ու կանխիկ գումարը

2025 թվականի տարեվերջին Ափրիկյանի բանկային հաշիվներում առկա է եղել 4 մլն 34 հազար 712 դրամ և 400 դոլար։ Բանկային ավանդների մասով նա ունեցել է ևս 1 մլն 700 հազար դրամ։

Կանխիկ միջոցների մասո տարեվերջին հայտարարագրել է 11 մլն դրամ, 12 հազար դոլար, 2 հազար եվրո և 2 հազար ֆունտ ստեռլինգ։

Այսպիսով, միայն դրամային բանկային հաշիվներում և ավանդներում Ափրիկյանի մոտ տարեվերջին եղել է 5 մլն 734 հազար 712 դրամ, իսկ կանխիկ՝ ևս 11 մլն դրամ։

Վարկերը՝ 46 մլն 880 հազար 617 դրամ

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մհեր Ափրիկյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 46 մլն 880 հազար 617 դրամ։ Դրանցից երկու վարկերի հիպոտեքի առարկան բնակելի անշարժ գույքն է։

Ափրիկյանը 2025 թվականին հանգստի համար կատարել է 3 մլն դրամի ճանապարհածախսի և կեցության ծախս։

Այսպիսով, հայտարարագրի համաձայն՝ Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանի ունեցվածքում առկա են 4 բնակարան, բանկային հաշիվներ և ավանդներ, ինչպես նաև տարբեր արժույթներով կանխիկ միջոցներ։ Միաժամանակ նրա վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 46 մլն 880 հազար 617 դրամ»։