«Գորիսի համայնքապետի պաշտոնում վերընտրված Առուշ Առուշանյանը, ըստ իր հայտարարագրի, շարունակում է տնօրինել հարյուրավոր միլիոն դրամների կանխիկ միջոցներ, մինչդեռ նրա տարեկան պաշտոնական եկամուտը չի գերազանցում 3 մլն դրամը։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է համայնքապետի՝ 2017-2025 թվականների գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչպես է տարիների ընթացքում փոփոխվել նրա ունեցվածքը։
Հոկտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Առուշ Առուշանյանի գլխավորած «Համերաշխություն» դաշինքը ստացել է 13 962 ձայն՝ քվեարկությանը մասնակցած 15 011 քաղաքացիների ձայների շուրջ 93 տոկոսը։ Այսպիսով, Առուշանյանը վերընտրվել է Գորիսի համայնքապետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ նախկինում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Առուշ Առուշանյանն այս անգամ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունն է վայելում։
Իսկ ի՞նչ ունեցվածքով է Առուշանյանը վերընտրվել համայնքապետի պաշտոնում։
Ուսումնասիրությամբ՝ 2025 թվականի հայտարարագրում Առուշանյանը ներկայացրել է 4 անշարժ գույք՝ արտադրական նշանակության շինություն, պետական գրանցում դեռևս չստացած շինություն և երկու հողամաս։ Արտադրական շինությունն ու հողամասերից մեկը ձեռք են բերվել 2017 թվականին, մյուս շինությունը՝ 2019 թվականի ապրիլի 19-ին՝ գնման եղանակով, իսկ երկրորդ հողամասը՝ նույն թվականի ապրիլի 15-ին՝ նվիրատվությամբ։ 2025 թվականին նա անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։
Համայնքապետը շարունակում է հայտարարագրել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին ձեռք բերած ZIL մակնիշի բեռնատարը։ Սակայն 2025 թվականի հայտարարագրում նոր հանգամանք կա. Առուշանյանը նշել է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է երրորդ անձին պատկանող, 2022 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենայի։
Ուշագրավն Առուշանյանի կանխիկ միջոցներն են։ 2025 թվականի սկզբին և տարեվերջին նա հայտարարագրել է միևնույն գումարները՝ 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո։ Այսինքն՝ ամբողջ տարվա ընթացքում հայտարարագրված կանխիկ միջոցների չափը չի փոփոխվել։
Մինչդեռ բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել է ընդամենը 95 հազար 498.5 դրամ, տարեվերջին՝ 134 հազար 789 դրամ։
2025 թվականին Առուշանյանի միակ հայտարարագրված եկամուտը եղել է Գորիսի համայնքապետարանից ստացած 2 մլն 771 հազար 933 դրամ աշխատավարձը։ Տարեվերջի դրությամբ վարկային պարտավորություններ չի ունեցել։
Օրաթերթը պարզեց նաև, որ Առուշանյանը շարունակում է ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը ձեռք է բերել դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ին։ Ըստ շահերի հայտարարագրի՝ 2025 թվականի օգոստոսի 4-ին ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնվել Ասյա Ղազարյանին՝ մինչև 2030 թվականի օգոստոսի 4-ը։
Իսկ ինչպե՞ս է փոխվել համայնքապետի ունեցվածքը նախորդ տարիներին։
2024 թվականին Առուշանյանը հայտարարագրել էր նույն 4 անշարժ գույքն ու ZIL բեռնատարը։ MERCEDES-BENZ ավտոմեքենայի փաստացի տիրապետման մասին տվյալ դեռևս չկար։ Կանխիկ միջոցները նույնն էին՝ 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո։ Բանկային հաշվի մնացորդը տարվա ընթացքում 268 հազար 487 դրամից նվազել էր մինչև 95 հազար 498.5 դրամ, իսկ աշխատավարձը կազմել էր 2 մլն 830 հազար 774 դրամ։
2023 թվականին ևս գույքային պատկերը գրեթե անփոփոխ էր։ Առուշանյանը հայտարարագրել էր նույն անշարժ գույքն ու բեռնատարը, նույն կանխիկ միջոցները։ Բանկային հաշվի մնացորդը 334 հազար 248 դրամից նվազել էր մինչև 268 հազար 487 դրամ, իսկ տարեկան աշխատավարձը կազմել էր 2 մլն 778 հազար 495 դրամ։ Վարկային պարտավորություններ չէին հայտարարագրվել։
2022 թվականին, սակայն, կանխիկ դրամական միջոցների որոշակի նվազում էր արձանագրվել։ Եթե տարեսկզբին Առուշանյանը հայտարարագրել էր 229 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո, ապա տարեվերջին դրամային միջոցները նվազել էին 19 մլն դրամով՝ կազմելով 210 մլն դրամ։ Արտարժույթով պահվող գումարները մնացել էին անփոփոխ։ Այդ տարվա աշխատավարձը կազմել էր 2 մլն 152 հազար 6 դրամ։
2021 թվականի հայտարարագրում համայնքապետը տարեսկզբին նշել էր 234 մլն դրամ, 300 հազար դոլար և 105 հազար եվրո կանխիկ միջոց, իսկ տարեվերջին՝ 229 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո։ Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել էր ընդամենը 84 դրամ, տարեվերջին՝ 304 հազար 32 դրամ։ Նրա միակ հայտարարագրված եկամուտը եղել էր 1 մլն 918 հազար 948 դրամ աշխատավարձը։ Վարկեր, փոխառություններ կամ 2 մլն դրամը գերազանցող ծախսեր հայտարարագրված չէին։
Հատկանշական է, որ այդ տարվա շահերի հայտարարագրում Առուշանյանը չէր նշել մասնակցություն առևտրային կազմակերպություններում, սակայն հայտարարել էր, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելի վաղ տարիներին Առուշանյանի հայտարարագրած կանխիկ միջոցներն անհամեմատ մեծ են եղել։
Մասնավորապես, 2019 թվականին նա հայտարարագրել էր 240 մլն դրամ, 380 հազար ԱՄՆ դոլար և 112 հազար եվրո կանխիկ միջոց։ Բանկային հաշիվներում գումար չէր ունեցել։ Անշարժ գույքի ցանկում ընդգրկված էին Գորիսում գտնվող առանձնատունը, արտադրական տարածքն ու երկու հողամասերը։
Այդ տարվա հայտարարագրված եկամուտը կազմել էր շուրջ 205 մլն 432 հազար դրամ, որից 3 մլն դրամը՝ համայնքապետի աշխատավարձը, 202 մլն 177 հազար դրամը՝ «Գոր Մետալ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը, իսկ 231 հազար դրամը՝ նվիրատվությունը։
Միաժամանակ, ըստ հայտարարագրի, Առուշանյանը տարվա սկզբին «Գոր Մետալ» ՍՊԸ-ին տրամադրած է եղել 250 մլն դրամի փոխառություն, որի մնացորդը տարեվերջին կազմել էր 62 մլն 823 հազար դրամ։
Առավել ուշագրավ է 2017 թվականի հայտարարագիրը, երբ Առուշ Առուշանյանն ընդամենը 26 տարեկանում ընտրվել էր Գորիսի քաղաքապետ։
Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել էր մեկ բնակարան, արտադրական նշանակության շինություն, VOLKSWAGEN PHAETON 4.2 և BMW X6 5.0 I մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև 86 մլն 860 հազար դրամի տրամադրած փոխառություններ։
Այդ ժամանակ Առուշանյանի կանխիկ միջոցները կազմել էին 312 մլն 500 հազար դրամ, 420 հազար ԱՄՆ դոլար և 122 հազար եվրո, մինչդեռ հայտարարագրված եկամուտը եղել էր ընդամենը 1 մլն 520 հազար դրամ աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Առուշանյանը դեռևս 2008 թվականին հիմնադրել էր «Գոր Մետալ» ընկերությունը, իսկ նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը, «Առանցք» ՍՊԸ-ի սեփականատերն է։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած հայտարարագրերի համաձայն՝ 2017-2025 թվականներին Առուշանյանի կանխիկ միջոցները նվազել են 102 մլն 500 հազար դրամով, 120 հազար դոլարով և 22 հազար եվրոյով։ Սակայն անգամ այդ նվազումից հետո համայնքապետը շարունակում է հայտարարագրել հարյուրավոր միլիոն դրամների համարժեք կանխիկ միջոցներ՝ տարեկան շուրջ 2.8 մլն դրամ պաշտոնական աշխատավարձի պայմաններում։
Հայտարարագրերը ցույց են տալիս գույքային դրության փոփոխությունները, սակայն ինքնին ամբողջական պատկերացում չեն տալիս այդ միջոցների սկզբնական ծագման մասին։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս և եկամտի ի՞նչ աղբյուրներից է ձևավորվել Առուշ Առուշանյանի հայտարարագրած խոշոր կանխիկ ունեցվածքը։
Օրաթերթը շարունակելու է ուսումնասիրել համայնքապետի գույքային հայտարարագրերն ու դրանցում արտացոլված ֆինանսական գործարքները»։


Բաց մի թողեք
2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով
Սևանում թեժ ընտրապայքար է սպասվում. Վահրամ Գևորգյանը հայտարարեց առաջադրվելու մասին․ Լուսանկար
Նկարիչների միությունը նոր նախագահ կընտրի