Երկու շաբաթ առաջ Սահմանադրական դատարանին չհաջողվեց ընտրել ՍԴ նախագահ։ Նշենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։
Հրապարակ թերթը գրել է․ Արման Դիլանյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, իսկ այսօր գործող դատարանի կազմից դատավորները պետք է ընտրեն նոր նախագահ, որին ընտրվելու համար 9 դատավորից 6-ի ձայնն է հարկավոր։ Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ Սահմանադրական դատարանի աշխատակարգով։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի պաշտոնը թափուր մնալու պահից տասնօրյա ժամկետում։ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորը, ինչպես նաեւ՝ դատավորը կարող է ինքնառաջադրվել։
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում են ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը եւ ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը: Մեկ անգամ արդեն ընտրության համար աշխատակարգային նիստ է գումարվել, սակայն թեկնածուներից ոչ մեկը բավարար քանակի ձայն չի ստացել։ Մեկ ամսվա ընթացքում նորից պետք է նիստ գումարվի՝ նույն հարցով։ Տեղեկացրել էինք, որ նախորդ նիստում Վլադիմիր Վարդանյանն ինքնառաջադրվել էր, իսկ Էդգար Շաթիրյանին առաջադրել է ՍԴ անդամներից մեկը: Սա թերեւս նշանակում է, որ ՍԴ հին կազմը դեմ է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը եւ ՍԴ նախագահի սեփական թեկնածուն ունի՝ հանձին Էդգար Շաթիրյանի, եւ դա է պատճառը, որ նրանցից ոչ մեկը բավարար քանակի ձայն չի ստացել:
Էդգար Շաթիրյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ՍԴ նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 6-ին։ Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ նախապե՞ս են թեկնածուներն առաջադրվում, թե՞ նիստի ժամանակ։ «Առաջադրումներ այս փուլում չեն կարող լինել մեկ պարզ պատճառով` առաջադրումները եւ ինքնառաջադրումները տեղի են ունենում աշխատակարգային նիստի ընթացքում: Կհրավիրվի նիստ, եւ դրանից հետո պարզ կլինի, թե ով կամ ովքեր են առաջադրվելու»:
Շաթիրյանը չցանկացավ խոսել իր առաջադրման մասին՝ նշելով, որ այս փուլում զերծ է մնում այդ թեմայի մասին խոսելուց: Նաեւ խուսափեց գնահատական տալ այն հանգամանքին, որ ՍԴ դատավորներն աջակցում են իրեն, իսկ իշխանությունն ամեն գնով ցանկանում է այդ պաշտոնում տեսնել նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, որին հենց ՍԴ նախագահ նշանակելու պատճառով էլ խորհրդարանից տեղափոխեցին Սահմանադրական դատարան: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի թիրախներից մեկն էլ այս տարիներին եղել է ՍԴ-ն։ Նա իշխանություն ստանալու օրվանից պայքարում էր ՍԴ նախկին կազմից ազատվելու համար եւ մի քանի տարի դաժան պայքար մղեց, որ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Արեւիկ Պետրոսյանն ու Ֆելիքս Թոխյանը չլինեն ՍԴ դատավորներ։
Այդ նպատակի համար անգամ սահմանադրական հանրաքվե էր պատրաստվում անել, բայց քովիդի համաճարակը խանգարեց դրան։ Ի վերջո, Սահմանադրության մեջ ապօրինի փոփոխությամբ ազատվեց նախկին դատավորներից եւ իր կողմից կառավարելի անձանցով համալրեց ՍԴ-ն, որ անմռունչ կատարեն իր հրահանգները՝ Անկախության հռչակագրի չեղարկում, ընտրությունների արդյունքների ճանաչում, բոլոր միջազգային համաձայնագրերի հաստատում, անկախ նրանից՝ բխում են ՀՀ շահերից, թե՝ ոչ։



Բաց մի թողեք
Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում
Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են
Փաշինյանը գլխացավանքի մեջ է․․․