31/10/2026

EU – Armenia

Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու

Սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկտավական հարցում եմ արել, թե մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական քանի՞ դպրոց չունի վարչատնտեսական մասի համակարգող, ե՞րբ են նշանակվելու այդ դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողները։

Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Տավուշի մարզի հանրակրթական 14 դպրոց սեպտեմբերի 7-ի դրությամբ վարչատնտեսական մասի համակարգող չունի: Տավուշի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում են վարչատնտեսական մասի համակարգողների թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները»:

Սեպտեմբերի 7-ից հետո մարզպետ Հայկ Ղալումյանի հրամաններով Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական, Իջևան համայնքի Այգեհովտի և Աչաջրի միջնակարգ, Իջևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցներում նշանակվել են այդ ուսումնական հաստատությունների վարչատնտեսական մասի համակարգողներ։ Այսպիսով՝ Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 66-ն ունի վարչատնտեսական մասի համակարգող։

Հանրակրթական դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողն իրականացնում է դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական գործընթացների ղեկավարումը, նրա գործառնույթն է ապահովել դպրոցի բնականոն նյութատեխնիկական և ֆինանսական գործունեությունը, որպեսզի դպրոցի տնօրենը կենտրոնանա բացառապես կրթական ու բովանդակային մասի վրա: Տավուշի մարզում գործող 76 հանրակրթական դպրոցներից 30-ը 100-ից պակաս աշակերտ ունի։ Տավուշի մարզպետի աշխատակազմից ստացված տեղեկատվությամբ՝ Աճարկուտ գյուղի հիմնական դպրոցն ունի 10 աշակերտ, Բարեկամավանի միջնակարգ դպրոցը՝ 13, Իծաքարի հիմնական դպրոցը՝ 26․ Լուսահովտի հիմնական դպրոցը՝ 28, Ակնաղբյուրի հիմնական դպրոցը՝ 35, Գոշի հիմնական դպրոցը՝ 37, Կիրանցի և Դիտավանի հիմնական դպրոցները՝ 40, Աղավնավանքի միջնակարգ դպրոցը՝ 41, Ջուջևանի միջնակարգ դպրոցը՝ 42, Դեղձավանի հիմնական դպրոցը՝ 46, Չինչինի միջնակարգ դպրոցը՝ 48, Վարագավանի և Այգեպարի միջնակարգ դպրոցները՝ 52 աշակերտ և այսպես շարունակ։

Հարց է ծագում` Երևանի հանրակրթական դպրոցների 1-2 դասարանի չափ աշակերտ ունեցող Տավուշի մարզի դպրոցի տնօրենն ինչքա՞ն է ծանրաբեռնված դպրոցի կրթական ու բովանդակային մասով, որ չի կարող ղեկավարել նաև այդ դպրոցի վարչատնտեսական մասը։ Մի քանի տասնյակ աշակերտ ունեցող դպրոցներն ինչո՞ւ պետք է համամատաբար բարձր վճարվող աշխատավարձով վարչատնտեսական մասի համակարգող ունենան, եթե միջոցներ խնայելու համար, դպրոցների միավորման անվան տակ նախատեսված է փակել մարզի Աճարկուտի, Ակնաղբյուրի հիմնական դպրոցները, ՀՀ-ում՝ մոտ 230 դպրոց։

Տավուշի դպրոցներից տեղեկացանք նաեւ, որ միաժամանակ 2 ղեկավարի՝ դպրոցի տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի առակայությունը որոշ դպրոցներում երկիշխանություն է ստեղծել, պառակտել դպրոցի աշխատակազմը, կոնֆլիկտների պատճառ դարձել։ Վարկերի, պարտքերի տակ կքած ՀՀ իշխանությունը բյուջետային կայունություն ապահովելու համար արտերկրից նոր վարկեր է վերցնում, քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողների հաստիքներ պահում։ Իշխանությունը հույս ունի, որ իրենց կողմից պաշտոններ ստացած դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողները դրա համար երախտապատ կլինեն, կսատարեն իշխանությանը` նեղ պահին։