Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոցը կարող է փակվել։ Արդեն քանի օր է՝ այս մասին մտահոգություն են հայտնում գյուղի բնակիչներն ու աշակերտների ծնողները՝ գրում են ֆեյսբուքյան որոշ օգտատերեր:
Մարմարիկի միջնակարգ դպրոցում սովորում է 60-ից ավելի աշակերտ, իսկ նախակրթարան հաճախում է 4 երեխա, ինչը գյուղական դպրոցի համար քիչ չէ։ Գյուղի վարչական ղեկավար Արթուր Քարամյանի խոսքով՝ դպրոցի փակման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն ինքը դեռ չի ստացել։ Նշում է, որ նման խոսակցություններ նախկինում եւս եղել են, սակայն գյուղում դեմ են դպրոցի փակմանը։
«Այս պահին դպրոցի փակման վերաբերյալ պաշտոնական որոշման մասին տեղեկություն չկա»,- նշում է նա: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ կրթության փորձագետներն ահազանգել էին, որ կառավարությունը մտադիր է լուծարել բոլոր այն դպրոցները, որտեղ 100-ից պակաս սովորող կա:
Մարմարիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Արզումանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Այս թեման այնքան արծարծվեց, որ ավելի շատ մեզ խանգարեց, քան օգնեց: Ո՛չ որոշում կա, ո՛չ հրաման կա, ոչ մի պրոցես դեռեւս չկա, ուղղակի կառավարության որոշում կա, որ 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները փակվելու են: Մեր դպրոցում 67 աշակերտ կա, մենք, այսպես թե այնպես, մտնում ենք դրա մեջ, սակայն, որպես այդպիսին, առանձին եւ հատուկ ինչ-որ բան չի եղել: Միակ շրջաբերականը, որ եղել է մեր աշակերտներին, 2000-ական դրամներ տրամադրելու մասին է, որպեսզի նրանք հաճախեն Մեղրաձորի դպրոց, բայց ծնողները, բնականաբար, դեմ են, չեն ուզում իրենց գյուղի դպրոցը թողնել, գնալ Մեղրաձոր, ո՞վ կուզի իր աչքի առաջ դպրոցը թողնել, գնալ այլ գյուղ հասնել: Ծնողները նամակ-դիմում են գրել ԿԳՄՍ նախարարություն, ասել են, որ համաձայն չեն այդ որոշման հետ, չեն ցանկանում իրենց երեխաներին այլ գյուղ տանել, եւ մեզ հարկավոր չեն այդ 2000 դրամները: Մենք ունենք մանկավարժներ, եթե հարկավոր լինի, նրանք կխոսեն, բայց այս պահին ավելորդ է այդ մասին խոսելը, կասեն` ինչի՞ հիման վրա եք աղմուկ բարձրացնում, եթե չկա որոշում: Պետք է հստակ որոշում լինի, նոր միայն մենք պայքարենք: Մենք պատկան մարմիններին ենք դիմել, տալիս են նույն պատասխանը, որ դեռ չկա որոշում»: Առնվազն անհասկանալի է՝ ինչ որոշման մասին է խոսքը, եթե արդեն տրանսպորտային ծախսերն են փոխհատուցում եւ ուղղորդում են դեպի այլ գյուղի՝ Մեղրաձորի դպրոց, ուրեմն որոշումը կայացված է, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է այդ 2-հազարական դրամները տային։
Իսկ Մեղրաձորի դպրոցի տնօրենը մեզ ասաց. «Մենք մարզպետարանի միջոցով ստացել ենք նախարարության համապատասխան շրջաբերականը, որը վերաբերում է Մեղրաձորի եւ Մարմարիկի դպրոցներին։ Ըստ այդ որոշման՝ երկու կրթօջախները պետք է միավորվեն հավասար հնարավորությունների ու իրավունքների սկզբունքով, իսկ որպես գործունեության տարածք՝ ճանաչվել է Մեղրաձորի միջնակարգ դպրոցի նոր վերանորոգված շենքը։ Անցած շաբաթ մեզ մեկօրյա ժամկետով գրություն ուղարկվեց՝ պահանջելով ներկայացնել, թե իրազեկման ինչ աշխատանքներ ենք կատարել ծնողների ու սովորողների շրջանում, եւ թե քանի հոգի է հավանություն տվել յուրաքանչյուր աշակերտին տրանսպորտի համար առաջարկվող օրական 2000 դրամի փոխհատուցմանը։ Ես անձամբ զանգահարեցի նախարարություն՝ ճշտելու՝ արդյոք դա վերաբերում է նաեւ Մեղրաձորի՞ երեխաներին։ Պատասխանեցին, որ ոչ. աջակցությունը նախատեսված է միայն տրանսպորտով եկողների, այսինքն՝ Մարմարիկի սովորողների համար»:
Սա արդեն համատարած ձեռագիր է դառնում։ Այնպես, ինչպես Արարատ Միրզոյանն ասում է՝ Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ սահմանադրությունը, բայց խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմանը Սահմանադրությունը փոխելն է։ Բառերի մանիպուլյացիայով, մարդկանց խաբելով՝ փորձում են իրենց պլանավորածն անել՝ օգտվելով մարդկանց միամտությունից։ Օրինակ, Մարմարիկի դպրոցի տնօրենին համոզել, թե դեռ որոշում չկա, բայց դուք ձեր աշակերտներին ուղարկեք Մեղրաձոր։


Բաց մի թողեք
Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. Լուսանկարներ
«Նկարները չեն կարող փոխանցել աշխատանքի ապշեցուցիչ նրբությունը»․ Անդրեասյանը՝ Մեծամորի նոր գտածոների մասին. Լուսանկարներ