04/11/2026

EU – Armenia

ԳՇ պետը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի խոսքով՝ համապատասխան միջոցառումներ են իրականացվում՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը կանխելու նպատակով։

Լրագրողների հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, Ասրյանը պատասխանել է, որ հարցը բավականին ծավալուն է, և դրա մանրամասն ներկայացումը երկար ժամանակ կպահանջի։ Նա նշել է, որ տվյալ պահին նման հնարավորություն չունի։

Գլխավոր շտաբի պետը միաժամանակ ընդգծել է, որ զինծառայողների մահվան դեպքերի կանխարգելման խնդիրը բանակի ղեկավարության համար առաջնային նշանակություն ունի, և այն իրենց առավելապես է մտահոգում։

Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերին՝ Ասրյանը տեղեկացրել է, որ դրանց հանգամանքներն ուսումնասիրելու և պատճառները պարզելու ուղղությամբ աշխատում է մասնագիտական հանձնաժողով։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մանրակրկիտ հասկանալ, թե ինչ գործոններ են հանգեցնում նման ողբերգական դեպքերի: