Արդարադատության նախարարությունը մտադիր է շարունակել Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման աշխատանքները՝ անկախ նրանից, որ խորհրդի անդամները պատրաստ չեն ամբողջությամբ ստանձնել փաստաթղթի բովանդակության պատասխանատվությունը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ մինչ այս պահը նախարարության մշակած դրույթները բազմիցս քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ, ընդ որում՝ նախագծի մի շարք հարցերի վերաբերյալ որոշումները կայացվել են հենց խորհրդի մասնակցությամբ։
Գալյանը նշել է, որ վերջին հանդիպման ընթացքում խորհրդի անդամները բարձրացրել են նաև այն հարցը, թե արդյոք իրենք պատասխանատվություն են կրելու Սահմանադրության նոր տեքստի համար։ Նախարարի համոզմամբ՝ խորհրդի անդամները պատրաստ չեն նման պատասխանատվություն ստանձնել, ուստի առաջարկվել է աշխատանքները շարունակել նախարարության անունից։
Նախատեսվում է, որ փաստաթուղթը հանրությանը կներկայացվի Արդարադատության նախարարության անունից, իսկ խորհրդի անդամները հնարավորություն կունենան ազատորեն արտահայտելու իրենց դիրքորոշումը նախագծի առանձին դրույթների վերաբերյալ։ Միաժամանակ Գալյանը կարևորել է գործընթացի ներառականությունը՝ վստահեցնելով, որ դեռևս չքննարկված բոլոր հարցերը ևս կքննարկվեն խորհրդի հետ։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող են խորհրդի անդամները քննարկումների մասնակցել, եթե ամբողջական տեքստին հասանելիություն չունեն, նախարարը պարզաբանել է, որ նախագծի պայմանականորեն առանձնացված 12 գլուխների շուրջ աշխատանքի 70-80 տոկոսն արդեն իրականացվել է։ Հետևաբար, նրա խոսքով, խորհրդի անդամները բավականին լավ պատկերացում ունեն փաստաթղթի բովանդակության մասին, թեև դեռ ծանոթ չեն ամբողջական տարբերակին։
Նախարարը հավելել է, որ նախագծի ամբողջական տեքստին պետք է ծանոթանա նաև հանրությունը, քանի որ այս պահին այն դեռևս հրապարակային քննարկման առարկա չէ։ Գալյանը հավաստիացրել է, որ գործընթացում գաղտնի որևէ հանգամանք չկա։
Խոսելով Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին՝ Գալյանը դրանք որակել է քաղաքական որոշման արդյունք, որը պետք է իր արտացոլումը գտնի Սահմանադրության տեքստում։ Նա նաև նշել է, որ խորհրդի ներսում եղել են այլ առաջարկներ, որոնցից մի քանիսին անդամների մի մասը կողմ է արտահայտվել, իսկ մյուս մասը՝ դեմ։
Գալյանը հատուկ ընդգծել է, որ անկախ խորհրդի անդամների մասնակցությունից և ներկայացված առաջարկներից՝ Սահմանադրության նոր տեքստի ամբողջական բովանդակության պատասխանատվությունը կրելու է Արդարադատության նախարարությունը։


Բաց մի թողեք
Որոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
Հայաստանի ներսում գործող գաղտնի պլանը ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի որոշ շրջանակներում ունի աջակցություն. վարչապետ
Հստակ է՝ նոր Սահմանադրության նախագիծը երբ է հրապարակվելու