04/11/2026

EU – Armenia

2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են․ Լուսանկար

Արագածոտնի թեմն օրերս հայտարարություն էր տարածել՝ խստիվ դատապարտելով կարգալույծ հռչակված նախկին հոգեւորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն)՝ կիրակի օրը Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում կատարած կեղծ պատարագը։

Նա 2018-ին «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման առաջնորդն էր` Եկեղեցու դեմ առաջին պայքարողներից մեկը: Թեմայի շուրջ Հրապարակ թերթը զրուցել է նրա հետ։

– Արագածոտնի թեմը հայտարարություն էր տարածել, որ Դուք` որպես կարգալույծ հոգեւորական, իրավունք չունեք պատարագ մատուցել, դատապարտել էին Ձեր քայլը։ Ինչպե՞ս կարձագանքեք։

– Թող իրենց պատարագները կեղծ որակեն։ Ես 2018-ից մինչեւ այսօր ամեն կիրակի Աստծո կամոք պատարագել եմ, մկրտություններ, պսակներ, իմ հոգեւոր ծառայությունը երբեք չեմ դադարեցրել։ Իրենք գուցե ուղտի ականջում քնած են եղել, իրենց թվացել է, որ Հայր Կորյունին կարգալույծ են արել, ինչ-որ մի գրչի հարվածով կարող են մարդկանց կյանքերը խորտակել, ես երբեք, կոպիտ ասած, շան տեղ չեմ դրել, հաշվի տեղ չեմ դրել, իմ օծումն Աստծուց ստացել եմ եւ վերջ։ Այդ աննորմալ մոտեցումը, որ բազում լրատվականներ, իրավաբաններ ներկայացնում են, որ բա` ոնց է, որ երբ ձեռնադրվում էիք կաթողիկոսի ձեռնադրմամբ, այն ժամանակ ինքը կաթողիկոս էր, իսկ հիմա` ոչ։ Ես ասում եմ, որ ես կաթողիկոսից չեմ ստացել ձեռնադրությունը, եւ որեւէ հոգեւորական կաթողիկոսից չի ստանում։ Ձեռնադրությունը եպիսկոպոսներն են կատարում։ Կարող եք փնտրել ու կտեսնեք, որ իր՝ կաթողիկոս լինելու տարիներին մեկ կամ երկու դեպք է եղել, որ կաթողիկոսը ձեռնադրել է, էն էլ, օրինակ, իր քրոջ տղային, որ անպայման ուզել է, որ քեռին ձեռնադրի։ Միայն եպիսկոպոսական ձեռնադրություններ են լինում, որին ինքը մասնակցում է որպես ավագ եպիսկոպոս, այսինքն՝ եպիսկոպոսների մեջ առաջինն է` ըստ պաշտոնի։

– 2018-ին կարգալույծ հռչակվելուց հետո միայն Գառնահովիտի Սուրբ Գեւորգ եկեղեցո՞ւմ եք պատարագներ մատուցել։

– Ոչ միայն Գառնահովիտի, այլեւ տարբեր եկեղեցիներում, վանքերում։ Այստեղ խնդիրն այն է, որ քանի որ Գառնահովիտ գնացել էի` Տեր Թադեի տարածքն էր, որին կրկին կարգալույծ են արել, բայց մարդն իր համայնքում հովվում է։

– Երբ Դուք «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը սկսեցիք, իշխանությունները Ձեզ չաջակցեցին, եւ այդ շարժումը կարճ կյանք ունեցավ։ Ձեր կարծիքով` Փաշինյանի իշխանությունը փոշմանե՞լ է, որ Ձեզ չի աջակցել այն ժամանակ։

– Եթե այն ժամանակ իշխանությունը գոնե մեզ չխանգարեր, մենք հաջողության կհասնեինք։ Իշխանությունը մեզ արգելեց, պարտադրեցին, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում չհավաքվենք, վերջին շրջանում մենք անգամ այլեւս իրավունք չունեինք այդ տարածք մտնելու, դրա համար ցույցերը դադարեցրինք, բայց մեր պայքարը շարունակվում է մինչ այսօր։

– Վերջին շրջանում եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ սկսված արշավից հետո Նիկոլ Փաշինյանի կամ նրա արշավին միացած հոգեւորականների հետ հանդիպե՞լ եք, հայտնե՞լ եք Ձեր աջակցությունը։

– Չէ, չեմ էլ իմացել, ես համացանցից եմ տեղեկացել` բոլորի նման, Տեր Արամի գրության մասին, որը շատ արագ տարածվեց, եւ այդպես ամեն ինչին սկիզբ դրվեց։ Դրանից հետո էլ ես որեւէ կապ չեմ ունեցել իշխանությունների հետ, որեւէ մեկն ինձ ոչինչ չի ասել։ Հետագայում ընդամենը իմանալով, որ այդ ամեն ինչը բացեիբաց կառավարության մակարդակով եղավ, ես նորից սկսել եմ իմ շարժումը, բայց ոչ իր ծավալով, իր նախկին տրամաբանությունով, քանի որ արդեն ամեն ինչ ավելի բարձր մակարդակի վրա է, եւ դրա անհրաժեշտությունը չկա։

«Հրապարակ». 2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են