04/11/2026

EU – Armenia

Մտածում էի՝ հրաժարական կտայիք. Ատամհատիկը ե՞րբ է

ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կոշտ քննադատության է ենթարկել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը։

Պատգամավորը նշել է, որ չէր սպասում նախարարին տեսնել խորհրդարանում՝ գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո։

Հիշեցնենք, որ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել վնասվածքներ։

Ղազարյանը հիշեցրել է, որ ՆԳ նախարարության պատասխանատվության շրջանակում են վարորդական վկայականների տրամադրումը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության վերահսկողությունը, ճանապարհային նշանների տեղադրումն ու տեսադիտարկման համակարգերի աշխատանքը։ Նրա խոսքով՝ այս բոլոր մեխանիզմների առկայությամբ մեկ օրվա ընթացքում 9 քաղաքացու մահը լուրջ հարցեր է առաջացնում ոլորտի պատասխանատուների գործունեության վերաբերյալ։

Պատգամավորը նաև զուգահեռներ է անցկացրել նախկին ողբերգական դեպքերի հետ՝ հիշեցնելով Ազատի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհը, որի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել, ինչպես նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը, որի հետևանքով 16 քաղաքացի էր մահացել։ Ղազարյանի դիտարկմամբ՝ այդ դեպքերից հետո ևս պատասխանատու նախարարները շարունակել են պաշտոնավարել։

«Կարծում եմ՝ այսօրվա հետևությունը ձեզ համար միայն մեկը պետք է լիներ՝ ձեր այս մեծ ձախողումն արձանագրել հրաժարականով ու հեռանալ պաշտոնից»,– հայտարարել է պատգամավորը։

Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատության է ենթարկել նոր կենսաչափական անձնագրերի ներդրման գործընթացը՝ հարցեր ուղղելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Մանուկյանը, անդրադառնալով նոր անձնագրերի շուրջ իշխանությունների ոգևորությանը, հեգնանքով հարցրել է, թե երբ և որտեղ է նախատեսվում դրանց «ատամհատիկը»՝ նկատելով, որ ներկայացվող գործընթացն այնպիսի տոնայնությամբ է մատուցվում, կարծես երկրում դրանից ավելի մեծ իրադարձություն չի եղել Ավարայրի ճակատամարտից ի վեր։

Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանն ընդունել է, որ նախարարությանը դեռ չի հաջողվել հանրությանը լիարժեք բացատրել կենսաչափական համակարգի էությունը։ Նրա խոսքով՝ փոփոխությունները չեն սահմանափակվում անձնագրի արտաքին տեսքի, գույնի կամ դիզայնի վերափոխմամբ։

Գեղամ Մանուկյանը, սակայն, պնդել է, որ նոր անձնագրերն ի սկզբանե կեղծված են։ Նա որպես օրինակ բերել է Խոր Վիրապի պատկերը՝ նշելով, որ հայ ժողովրդի սերունդները դաստիարակվել են Արարատի պատկերով, մինչդեռ նոր անձնագրերում այդ պատկերն աղավաղված է։

2027 թվականի պետական բյուջեի նախագծով Ներքին գործերի նախարարության ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 44 տոկոսով։ Այս հանգամանքը հարցեր է առաջացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի մոտ, որը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից փորձել է պարզել՝ ինչով է պայմանավորված այդչափ զգալի աճը։

Պատգամավորը կասկածի տակ է դրել հատկացումների ավելացման անհրաժեշտությունը՝ հետաքրքրվելով, թե ինչ նոր խնդիրներ են առաջացել ՆԳՆ-ի առջև, որոնք պահանջում են բյուջետային միջոցների նման ծավալով ավելացում։

Ղազարյանը նաև հիշեցրել է, որ նախորդ տարիներին նախարարության որոշ ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը, ֆինանսական աջակցություն են ստացել միջազգային գործընկերներից։ Նա նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք հաշվառվում են արտաքին ֆինանսական միջոցները, որպեսզի նույն ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից կրկնակի հատկացումներ չկատարվեն։

Ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ ՆԳՆ-ում մի քանի տարի առաջ սկսված բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար է նախատեսվել ֆինանսավորման 44 տոկոս աճը։

Նախարարը նաև ընդգծել է, որ ՆԳՆ-ի գործունեությունը չի սահմանափակվում առանձին անձանց անվտանգությամբ, այլ ուղղված է ամբողջ հասարակության պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է միջազգային ֆինանսավորմանը, Հովհաննիսյանը նշել է, որ նման աջակցության մասին տեղեկություն չունի։

Այս պատասխանը զարմացրել է Էդգար Ղազարյանին։ Պատգամավորը նկատել է, որ առաջին անգամ է լսում, որ ֆինանսների նախարարը տեղյակ չէ մի քանի միլիոն դոլարի հասնող արտաքին ֆինանսական աջակցության մասին։