Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, սակայն չնայած քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններին` երկու երկրների ժողովուրդներին առաջվա պես կապում են ընդհանուր պատմությունն ու հոգևոր-բարոյական արժեքները:
Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որն անցկացվում է Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:
«Այս միասնության շնորհիվ մենք միասին հաղթեցինք մարդկության պատմության ամենածանր պատերազմում: Հենց սա է պետք պահպանել հանուն ապագա սերունդների»,- ընդգծել է դիվանագետը:
Կոպիրկինի խոսքով՝ աշխարհում աննախադեպ տուրբուլենտության ֆոնին Ժողովրդական միասնության օրը առանձնահատուկ արդիականություն է ստանում, քանի որ այն հիշեցնում է հանրային համերաշխության և ընդհանուր նպատակներին հասնելու համար համախմբվելու կարևորության մասին:
Դեսպանը նաև նշել է տոնական միջոցառումը Գյումրիում՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու խորհրդանշական լինելը:
«Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1612 թվականին Ռուսաստանը փրկած տարբեր դասերի, ազգությունների և դավանանքների ներկայացուցիչների հիշատակին, խորապես խորհրդանշական է այս տոնը դիմավորել այստեղ՝ Գյումրիում` Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, որի անձնակազմը մեր սահմանապահների հետ համատեղ պատվով ծառայություն է իրականացնում հանուն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման»,-հայտարարել է Կոպիրկինը:


Բաց մի թողեք
Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իր հիվանդ քաղաքացուն տեր կանգնել
Գուցե մտածելու ժամանակն է, ով գիտե
Սակայն կարող էր Սրբուհի Գալյանը չօգտագործել նման բառապաշար, եթե …