06/11/2026

EU – Armenia

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը. Էդգար Շաթիրյան

Այսօր տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու, ինչպես նախորդ անգամ, առաջադրվել են երկու թեկնածու` ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Գաղտնի քվեարկության արդյունքով առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ` 6 ձայն 9 հնարավորից։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիրմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում կրկին այս հարցն էր ընդգրկված։ Որպես թեկնածու առաջադրվել էին դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը, սակայն նրանցից ոչ ոք առաջին փուլով նախագահ չէր ընտրվել, ընտրությունը մեկ ամսով հետաձգվել էր:

Այսօր մենք կապվեցինք Էդգար Շաթիրյանի հետ: Նա «Հրապարակի» հետ զրույցում խուսափեց հստակ գնահատականներ հնչեցնել նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասին, որը Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով է դատավոր նշանակվել, ապա ՍԴ նախագահ դարձել: Շաթիրյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը բարձագույն դատարանում, որի ղեկավարը քաղաքականացված անձ է, իշխանության ներկայացուցիչ. «Այդ հարցի լուծումը թողեք ինձ` առանց մեկնաբանությունների: Ես իմ աշխատանքը շարունակելու եմ որպես դատավոր, որպես փոխնախագահ վայր եմ դնում իմ լիազորությունները: Ստեղծված իրողությունների պայմաններում անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը»: Ինչո՞վ է անհնար փոխնախագահ աշխատելը. «Դա էլ իմ անձնական որոշման տիրույթում թողեք մնա»:

Մենք նաև փորձեցինք ճշտել` ինչո՞ւ թեկնածուներից ոչ մեկը բավարար չափով ձայներ չէր ստացել առաջին փուլում, և ինչպե՞ս է ստացվել, որ Վ. Վարդանյանը երկրորդ փուլով ընտրվեց ՍԴ նախագահ, Շաթիրյանն ասաց. «Այս պահին դա ոչ մի նշանակություն չունի, փաստն այն է, որ երկու թեկնածուներից մեկը ընտրվեց, ի՞նչ նշանակություն ունի, թե ով ում է քվեարկել: Առնվազն անհրաժեշտ կողմ ձայները ստացել է»:

Պարզ է, որ իշխանությունների միջամտությամբ եւ հրահանգով է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը. Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ հասավ իր ուզածին: Տարիներ շարունակ պայքարում էր Հրայր Թովմասյանին հանելու համար` հայտարարելով, որ նա Հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ-ի շահերն է ներկայացնում: Հիմա ՔՊ-ի վառ ներկայացուցչին կարգեց ՍԴ նախագահ: