06/11/2026

EU – Armenia

Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակում

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, Շամշյանին էր զանգահարել 35-ամյա Սասմա Ա․-ն, մանկատունն ավարտելուց հետո բնակվել է Երևանում՝ Գարեգին Նժդեհի փողոցի 56 Ա շենքի նախկին հանրակացարանում տրամադրված սենյակներից մեկում։

Կնոջ խոսքով՝ այդ սենյակը տարիներ շարունակ եղել է իր մշտական բնակության վայրը։ Նա այնտեղ բնակվել է, երեխա ունեցել, հասցե է ստացել, ջուր անցկացրել և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծել, սակայն բնակարանի սեփականության վկայական այդպես էլ չի ստացել։

Նրա փոխանցմամբ՝ 2023 թվականի մարտի 19-ին ընտանեկան բռնության հետևանքով ստիպված է եղել անչափահաս երեխայի հետ լքել Հայաստանը։ Բացակայության ընթացքում, իր պնդմամբ, սենյակը զբաղեցրել են այլ անձինք, որոնք այժմ հրաժարվում են անգամ բացել դուռը։ Վերադառնալուց հետո կինը դիմել է տարբեր պետական կառույցների, սակայն, նրա խոսքով, մինչ օրս որևէ լուծում չի ստացել։

Այս պահին մանկատան նախկին սանը 9-ամյա որդու հետ անօթևան է։ Նա խնդրում է իրավասու մարմիններին պարզաբանել, թե ինչ հիմքով է իր տարիների բնակության սենյակը տրամադրվել այլ անձանց, և աջակցել իրեն ու երեխային՝ կա՛մ բնակության իրավունքը վերականգնելու, կա՛մ ժամանակավոր կացարան տրամադրելու հարցում։