07/11/2026

EU – Armenia

«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել

Նոյեմբերի 20-22-ը Երեւանում նախատեսվում է հերթական մասշտաբային միջոցառումն անցկացնել` DigiTec 2026 ցուցահանդեսը, որը կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունը։

Միջոցառման համար, ցուցահանդեսի պատշաճ կազմակերպման եւ իրականացման նպատակով, ԲՏԱ նախարարությունը 15 մլն դրամ է տրամադրել։ Մինչդեռ ընդամենը օրեր առաջ «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվեց COP17 համաժողովը, որի շրջանակներում «Մերիդիան»-ին փոխանցվել էր 5 մլրդ 775 մլն դրամ։

Այդ գումարով պետք է նաեւ կենտրոնում կատարվեին շինարարական աշխատանքներ։ Այս անգամ DigiTec 2026 ցուցահանդեսի համար հատկացված 15 մլն դրամից 4 մլն-ն ուղղվելու է սրահի, սրահի պատերի կառուցմանն ու ձեւավորմանը, բեմահարթակի ձեւավորմանը եւ բեմի բրենդավորմանը։

Նշենք, որ ցուցահանդեսի թեման Արհեստական բանականություն (ԱԲ) եւ ԱԲ արժեշղթայի 5 շերտերն են՝ էներգետիկա, չիպեր, ենթակառուցվածք, AI մոդելներ եւ հավելվածներ։

Նախատեսվում է, որ այցելուների թիվն անցնելու է 30 հազարը, իսկ մասնակից ընկերությունների թիվը՝ 200-ը։ Ցուցահանդեսին խոսնակ է լինելու 100-ից ավելի միջազգային մասնագետ։ Բայց ընդգծենք, որ միջոցառման վրա ծախսվող գումարը չի սահմանափակվում 15 մլն դրամով։ Սա միայն տեխնիկական ծախսերի համար է հատկացվել։