Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նախօրեին Ազգային ժողովում մի շարք հայտարարություններ ու պնդումներ էր արել, որոնք բուռն քննարկման առարկա էին դարձել։
Հրապարակ թերթը գրել է․ Նա որոշել էր հետ չմնալ իր շեֆից եւ ստանձնել էր ադրբեջանցի ահաբեկչին արդարացնելու սեւ գործը:
Նաեւ անդրադարձել էր բանակում ինքնասպանությունների ու սպանությունների թվի աննախադեպ աճին՝ նշելով, որ դրա պատճառն աղանդներն են, որոնք ներթափանցել են բանակ` ինքնասպաններն աղանդավոր են, տարօրինակ դաջվածքներ ունեն իրենց վրա։
Զրուցել ենք Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ազգային հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ։
– Որքանո՞վ է արդարացված Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից հայ երեխաներին ու կնոջը վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինվորականին արդարացնելը: Ասում է, որ նա ոչ մի հայի վնասելու մտադրություն չի ունեցել։ Փորձում են մեղմե՞լ այն բոլոր ադրբեջանցի սահմանախախտների հանցագործությունները, որոնք հետագայում կարող են լինել։
– Հնարավոր է, որ Դուք ճիշտ եք ասում, որովհետեւ հենց առաջին օրվանից էլ այս իշխանությունները փորձում էին մեղմել, ինչ-որ արդարացնող տեսակետ արտահայտել ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ: Այնինչ, դրա պատասխանը կարող է տալ խոր եւ համապարփակ հետաքննությունը: Ընդ որում, հետաքննություն, որը որ պետք է անցկացվի մինիմում 3 պետական կառույցների կողմից՝ պաշտպանության նախարարության, ԱԱԾ սահմանապահ ծառայության եւ Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում։ Միայն խոր եւ երկարատեւ վերլուծությունից հետո նրանք կարող են համապատասխան եզրակացություն կատարել։ Ես չեմ լսել, թե Քննչական կոմիտեի ղեկավարությունն ինչ է ասել, բայց կարծում եմ, որ դեռեւս շուտ է, որպեսզի վերջնական տեսակետ արտահայտվի: Ընդ որում, հանրության մեջ կասկածները շատ են` արդյոք դիվերսանտ է, թե չէ, մյուս կողմից՝ մոլորվե՞լ է, շփոթվել է, թե՞ ճնշել են, ու փախել է իր դիրքերից։ Եթե մոլորվել է, շփոթվել է կամ փախել է, այնուամենայնիվ, հանցագործություն է կատարել եւ դրա համար պետք է պատասխան կրի։ Եվ, ի վերջո, եթե դիվերսանտ է, պետք է հասկանանք՝ ցանկացած դիվերսանտ պետք է ամեն ինչ անի, որ չբռնվի, չհայտնաբերվի, բայց եթե հայտնաբերվել է, բռնվել է, պետք է ամեն ինչ անի, որ ցույց տա՝ ինքը դիվերսանտ չէ, հասարակ մոլորված զինվոր է։ Ուզում եմ նշել նաեւ, որ այդ օրերին զորավարժություններ էին անցկացվում Ադրբեջանի Հանրապետությունում` նախիջեւանյան հատվածում: Չմոռանանք, որ այդ զինծառայողն անցել է մեր պետության ամենափոքր խորություն ունեցող հատվածում։
– Իսկ Քննչական կոմիտեի նախագահի հայտարարության մասով ի՞նչ կասեք։
– Քննչական կոմիտեի ղեկավարի այդ կանխամտածված պատասխանը կարծում եմ, որ լիարժեք չի արտահայտում եւ վերջնական չէ: Պնդելով Ձեր ասած վարկածը՝ այսօրվա իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, արդարացնել ադրբեջանցու հանցանքը։ Իրենք Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած բան արդարացնում են՝ Հայաստանի Հանրապետության վրա որպես ճնշումներ, հետապնդումներ։
– ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը բանակում սպանությունների ու ինքնասպանությունների թվի աճը պատճառաբանում է բանակում ինչ-որ աղանդի առկայությամբ։ Սա պատասխանատվությունն իրենց վրայից թոթափելու փո՞րձ է։
– Զինված ուժերում ցանկացած արտակարգ պատահար` մահվան ելքով եւ այն կասկածանքով, որ միջանձնային հարաբերությունների արդյունքում եղել է սպանություն եւ ինքնասպանություն, նույնպես խոր վերլուծության արդյունքում պետք է գնահատական տրվի: Հիշեցնում եմ, որ յուրաքանչյուր զորամասում նման դեպքից հետո զորամասի հրամանատարը նշանակում է ծառայողական քննություն, տեղեկացնում է վերադասին եւ իրավապահ մարմիններին, որպեսզի զուգահեռ գործընթաց իրականացվի՝ ծառայողական քննություն եւ իրավական նախաքննական գործընթաց։ Բայց չեմ կարծում, թե վերահսկող կամ իրավապահ կառույցները կարող են լիարժեք պատասխանել այդ հարցին: Դրա լիարժեք պատասխանը կարող է տալ միայն պաշտպանության նախարարությունը, որովհետեւ ՊՆ-ն է տիրապետում բարոյահոգեբանական ապահովման, դաստիարակչական աշխատանքների եւ այն պատճառներին, որոնք բերում են միջանձնային հարաբերությունների խախտման, ոչ կանոնադրական հարաբերությունների։ Միջանձնային հարաբերությունների խախտման առիթն անհանդուրժողականությունն է, որի պատճառները հիմնականում բռնությունն է, քրեական ենթամշակույթը, արատավոր բարքերն են, փողոցային ենթամշակույթը եւ այն ատելությունը, որը որ սերմանվում է այսօր պետության կողմից, եւ դա օրինակ է հանդիսանում: Եթե երկրի ղեկավարն է առաջինը դրա կրողը, մյուսները փորձում են օրինակ վերցնել նրանից, դրա համար հիմնական պատասխանատուները, որքան էլ վերահսկող օրգանները իրականացնեն գործունեություն, այն մարդիկ են, ովքեր անմիջապես աշխատում են զինծառայողների հետ: Դա հրամանատարն է, նրա անձնակազմի հետ տարվող աշխատանքների կամ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալն է, դա սպա հոգեբաններն են, հրամանատարների սոցիալ-իրավական գծով սպա օգնականներն են:
– Անդրադառնանք գնդերեցների ծառայությանը բանակում` ինչ դե՞ր էին նրանք կատարում, ինչպե՞ս էր դա ազդում բանակում ներքին համերաշխության, փոխադարձ հարգանքի վրա՝ միջանձնային հարաբերությունների տեսանկյունից: Նախկին գնդերեցների բացակայությունն ինչպես կանդրադառնա բանակի վրա։
– Չմոռանանք, որ բանակում կա մի կառույց, որը փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության եւ, ինչու չէ` փոխադարձ սիրո սերմանման մեջ ամենամեծ ներգործությունը կարող է ունենալ։ Դրանք հոգեւոր ծառայողներն են, գնդերեցներն են… հաշվի առնելով մարդկանց հետ աշխատելու իրենց փորձը, խոսույթը, ի վերջո, նաեւ Աստծո խոսքը` Աստված սեր է նաեւ մեկը մյուսի նկատմամբ: Այսօր գնդերեցների այդ համակարգի գործունեությունը մի քիչ խեղաթյուրվել է, բավականին մեծ քանակությամբ գնդերեցներ կրճատվել են: Ոչ մի իրավապահ, ոչ մի այլ կառույց չի կարող աշխատել այն մեծ քանակությամբ հրամանատարների եւ սպաների փոխարեն, որոնք զինված ուժերում աշխատում են, բայց դաստիարակչական աշխատանքները մեծ, ծավալուն գործունեություն են: Իսկ իշխանության ղեկավարների կողմից հնչում է հետեւյալը, որ այդ ամեն ինչը գալիս է հասարակությունից: Իհարկե, շատ երեւույթներ բանակ ներթափանցում են հասարակությունից, բայց տարիներ առաջ ես, օրինակ, իմ անձնական փորձից ելնելով՝ արգելել էի երկու արտահայտություն՝ բանակը հասարակության հայելին է, չնայած դա այդպես է, եւ երկրորդը՝ բոլոր բանակներում էլ լինում են նման դեպքեր: Բայց երբ որ բանակի ղեկավարությունը եւ բանակի հրամանատարական կազմն են դրա մասին խոսում, դա նշանակում է, որ իրենք փորձում են արդարացնել այն իրավիճակը, որը տիրում է բանակում: Առավել եւս վատ է, երբ երկրի ղեկավարությունն է դրա մասին խոսում, որովհետեւ, ի տարբերություն քաղաքացիական ազատ հասարակության, որտեղ ցանկացած արատավոր երեւույթ կարող է ազատ կերպով զարգանալ, պետությունն ունի ամբողջ գործիքակազմ` ե՛ւ գերատեսչություններում, ե՛ւ իրավապահ ոլորտներում, ե՛ւ ուժային կառույցներում, որպեսզի անհաշտ պայքար մղի արատավոր բարքերի դեմ, որոնք ծնում են խախտումներ միջանձնային հարաբերություններում: Առավել եւս՝ բանակը դրա հնարավորությունն ունի: Բանակի դրվածքը, բանակի հիմնական գործունեությունը, ուղղահայաց ենթարկվածությունը, կարգապահության մակարդակը, դաստիարակչական աշխատանքների ամբողջ համակարգը հնարավորություն ունեն այնպես անելու, որ բանակը վերջին զտիչ օրգանը կարող է հանդիսանալ այդ արատավոր բարքերի դեմ պայքարելիս: Սա երկրի ղեկավարության, ՊՆ-ի, իրավապահ ոլորտի ղեկավարությունը եթե չհասկանա, որքան էլ որ տարբեր վերահսկողներ լինեն, այնուամենայնիվ, իրենք չեն կարող յուրաքանչյուր զինծառայողի հետ աշխատել այնպես, ինչպես հրամանատարական կազմը կարող է աշխատել: Այս առումով երկարատեւ աշխատանք է պետք: Հիմա` աղանդներն են դրա պատճառը, թե չգիտեմ որն է, լուրջ աշխատանքի արդյունքում կարող է պարզվել: Կարծում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարի արած հայտարարությունը ժամանակավրեպ է, հապճեպ է, եւ ամբողջության չի բնութագրում այն բոլոր խախտումները, որ տեղի են ունենում ոչ կանոնադրական հարաբերությունների եւ միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում:
– Գլխավոր շտաբի պետն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ համապատասխան աշխատանքներ տանում են զինծառայողների հետ, սակայն դա շատ ծավալուն է՝ ներկայացնելու համար: Ձեր կարծիքով՝ եթե այդ աշխատանքները պատշաճ կերպով տարվեին, սպանություններն ու ինքնասպանությունները կշատանայի՞ն, թե՞ դրանց քանակը կնվազեր:
– Ինչ-որ բան ճիշտ է ասում, որ լուրջ, համակարգված, համապարփակ աշխատանք է պահանջվում, բայց այն, որ խախտումները շարունակվում են, նշանակում է, որ այսօրվա տարվող աշխատանքները բավարար չեն, թերացումները շատ են, մանավանդ՝ մասնագիտական հանձնաժողովը չէ, որ դրա համար պիտի պատասխանատվություն կրի, այլ՝ պաշտպանության նախարարության ողջ հրամանատարական կազմը եւ այն մարդիկ, որոնք աշխատում են անձնակազմի հետ: Ամենակարեւորը` յուրաքանչյուր այդպիսի դեպքից հետո նաեւ վերլուծության արդյունքում մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն: Ես մի անգամ ասել եմ` եթե ՊՆ գերատեսչության ներսում են համապատասխան աշխատանքներ իրականացնում, ապա հիմնական որոշում ընդունողը պետք է լինի ՊՆ ղեկավարությունը` պատասխանատվության առումով: Եթե վարչապետի որոշմամբ է ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով, նշանակում է՝ այդ դեպքերի համար պատասխանատվություն պետք է կրեն բոլորը՝ ամենավերեւի հատվածից սկսած:


Բաց մի թողեք
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ Լուսանկար
Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանն ու Ալեն Սիմոնյանը մատնեցին իրենց