Ցիլոն, բրոշկեն, բանանը, պեռաշկին, ժպիտը, ռաժոկը…մարդիկ զայրանում են, թե ինչու է հասարակությունը անկարևոր բաների վրա սևեռվում` շեղվելով կարևորից: Հավատացեք` ոչ ոք չէր էլ նկատի, թե ինչ է հագել, ինչ է ուտում, ինչպես է մարդամեջ դուրս գալուց իրեն պահում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, եթե նա այսքան աղետ ու կորուստ բերած չլիներ մեր երկրին:
Այնպես որ հենց այդ կարևոր բաներն են պատճառը, որ մարդիկ նկատում են անկարևորները: Ու զայրանում` բա էսքան ցավ ու ավեր բերես, հետն էլ մի գրամ ափսոսանքի, զղջումի, ամոթի զգացում չունենա՞ս: Լկտիության, ցինիզմի, անամոթության ռեկորդներ սահմանես….ձեռ առնես, հանրության ինադու բաներ անես ու ասես…
Արցախը կործանես ու Արցախի մասին քեզ հարց տան, Արցախ- Հայաստան միասնական քարտեզը ցույց տան, ատամներդ բացած հրճվե՞ս քո «հերոսության» վրա:
Գորիս-Կապան ճանապարհը` առանց մի կրակոցի թաքուն հանձնես թշնամուն ու գիշեր ցերեկ «խաղաղության խաչմերուկից» խոսե՞ս:
120 հազար մարդու անտուն թողնես, ամեն ինչ անես, որ Հայաստանում հալածեն էդ մարդկանց` ոչ աշխատանք գտնեն, ոչ տուն կարողանան առնել, ստիպված բռնեն գաղթի ճամփան ու ամբիոններից սփյուռք-Հայաստան հարաբերությունները զարգացնելուց խոսե՞ս:
Քեզ հարց տան, թե` հոգեբանորեն դժվար չի՞ հաշտվել էդ իրողության հետ, որ հազարամյակների հայկական հողում հայ չի մնացել, դու գնաս 88-90 թվեր, Ստալինին, Գորբաչովին ու Լիգաչովին հիշե՞ս: Տափակ ու տգետ հումոր անես` չընկալելով, խեղաթյուրելով հարցի իմաստը՞:
Փոխանակ գերիներին բերես, 24/7 ռեժիմով խաղաղությունից ես խոսում, բայց անգամ քո ֆետիշ սարքած խաղաղության թուղթը հակառակորդդ չի ստորագրում, իսկ Դուբլինում նոր պահանջներ է առաջ քաշում, թե` ձեր ջրային ռեսուրսները պետք է համատեղ օգտագործենք: Իսկ դա գիտե՞ք ինչ է նշանակում` որ այսուհետ մեր ՀԷԿ-երի ծախսած ջուրը, հողի ոռոգման համար օգտագործած ջրի քանակը Ադրբեջանն է վերահսկելու` քվոտաներ են սահմանելու, տվյալներ են պահանջելու, արգելելու են Հայաստանով հոսող գետերը մեր հայեցողությամբ օգտագործել, նոր ՀԷԿ-եր կառուցել: Սա է Նիկոլ Փաշինյանի բերած «ինքնիշխանությունը»:
Ու սրան զուգահեռ հիշեք` Ադրբեջանում դեռ հայ գերիներ կան, Ջերմուկի և մյուս գրավյալ տարածքներից թշնամու զինուժը դուրս չի եկել, Թրիփի անվան տակ միջանցքի պայմանագիր է կնքվել…սահմանը չի բացվել, դիվանագիտական հարաբերություններ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ չեն հաստատվել…
Բայց հայ ժողովրդի նվաստացումը շարունակվում է. խեղկատակի գլխարկը գլխին, ամոթալի բրոշկան կրծքին, անմեղսունակի ժպիտը դեմքին` աշխարհե աշխարհ ման է գալիս, վիզը ծռած` հանդիպում մեր ազգի դահիճների հետ, համաձայնում նրանց բոլոր պահանջներին: Արանքում էլ մի տեղ հեծանիվ է քշում, մի տեղ մուղամ լսում, մի տեղ բանան թռցնում, մյուսում կոշիկ հագնելն ու նվեր ստացած գուլպան ցուցադրում` դառնալով ալամ աշխարհի ծաղրի առարկան:
Մեզ համար` մղձավանջը, իրենց համար` վայելքները, շարունակվում են, որովհետև իրենք քանդելու, ավերելու ծրագիր ունեն, մենք դա կանխելու ծրագիր` չունենք…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան
Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում
Ինքը մոռացել է, որ պետությունը սոցցանցային հարթակ չէ, իսկ վարչապետի պաշտոնը՝ անձնական բլոգ