19/11/2026

EU – Armenia

Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 18-19-ը պետք է գործուղվեր ՌԴ՝ ԵԱՏՄ առեւտրային քաղաքականության հարցերի եւ ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցելու։ Երեկ, սակայն, այցը չեղարկվել է, ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։

«Հրապարակ» թերթը գրում է. Թերեւս, չեն ցանկացել ընդունել հակառուսական հայտարարություններ հնչեցրած նախարարին։ Իսկ Պապոյանը երեկ պարզաբանել է․ «Նախարարները պետք է քննարկեին մաքսասակագնային եւ առեւտրի կարգավորման հարցեր, բայց գործընկեր 2 նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը»։ Պապոյանի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը մեզ հայտնեց, որ նախատեսված էր երկու հանդիպում՝ նախարարների եւ փոխնախարարների մակարդակով: Փոխնախարարների մակարդակով նիստը, ըստ նրա, տեղի կունենա, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը Մոսկվայում է եւ կմասնակցի հանդիպմանը: Ուշագրավ է, որ Մոսկվա մեկնած նոր փոխնախարար Տիգրան Գասպարյանի գործուղման մասին կառավարության կայքում երեկ տեղադրված որոշում չկար։

Ի դեպ, Պապոյանի հռետորաբանությունը մի քանի օրվա ընթացքում կտրուկ մեղմացել է․ երեկ նա խորհրդարանում ասել է, որ առավելագույն ջանքերն են գործադրում, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պահեն ամենաբարձր մակարդակում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝ անընդհատ հետաձգելով հարցի քննարկումը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ կառույցներում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները ճանաչել որպես առևտրային խոչընդոտ։ Սակայն նոյեմբերի 3-ին նախատեսված քննարկումը Հայաստանի նախաձեռնությամբ հետաձգվեց, նոյեմբերի 10-ին էլ այն չկայացավ։ Թե ինչու է հայկական կողմը սեփական պահանջի քննարկումն այսքան ձգձգում, Պապոյանը հստակ չի բացատրում։

Իսկ երեկ նախարար Պապոյանն արդեն հայտարարեց, որ Հայաստանը հարցը ԵԱՏՄ-ում կներկայացնի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ իր առաջարկն ընդունվելու է։ Հակառակ դեպքում չի բացառվում նույնիսկ ԵԱՏՄ դատարան դիմելը։ Միաժամանակ Պապոյանը կրկին վստահեցրեց, որ ամեն ինչ անում են առաջիկայում դրական արդյունք ունենալու համար։

Ուշագրավ է նաև նախարարի՝ Մոսկվա չմեկնելու հանգամանքը։ Թեև նոյեմբերի 18-19-ին նա պետք է մասնակցեր ԵԱՏՄ առևտրային քաղաքականության հարցերով խորհրդակցություններին, Պապոյանն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հանդիպումը նախարարների մակարդակով չեղարկվել է, քանի որ գործընկեր երկու նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել։ Փոխարենը հանդիպելու են փոխնախարարները։

Պապոյանը շտապել է նաև ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես գործընկեր, և իրենք առավելագույն ջանքերն են գործադրում հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար։

Ստացվում է՝ մի կողմից Հայաստանի տնտեսության համար կարևոր հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները շարունակում են մնալ չլուծված, տնտեսությունը գահավիժում է, մյուս կողմից՝ պաշտոնական Երևանը դեռ սպասում է, թե երբ և ինչ պայմաններում հնարավոր կլինի այդ հարցը բարձրացնել ԵԱՏՄ-ում։ Իսկ Պապոյանի հայտարարություններից այդպես էլ պարզ չի դառնում՝ Հայաստանը կոնկրետ ինչ պայմանավորվածությունների է սպասում, ինչու են քննարկումները կրկին ու կրկին հետաձգվում, և ի վերջո ե՞րբ են հայկական արտադրողները կարողանալու իրենց արտադրանքը վաճառել ՌԴ-ում»