ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից դիմել է իշխող ուժի ներկայացուցիչներին՝ բարձրացնելով Ադրբեջանի պահանջների և Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։
Նրա խոսքով՝ եթե հայկական կողմը համաձայնի Ադրբեջանի նախագահի պահանջով փոխել երկրի Սահմանադրությունը, դա կարող է Բաքվի համար ազդակ դառնալ, որ նման ճնշման գործելակերպն արդյունավետ է և կարելի է շարունակել այն կիրառել։
«Եթե մենք՝ որպես հանրություն, Ալիևին ցույց տանք, որ նրա պահանջով Սահմանադրություն փոխելը մեզ համար ընդունելի է, և նա տեսնի, որ «արեք սա, հակառակ դեպքում պատերազմ կլինի» գործիքը գործում է, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվի այն շարունակաբար օգտագործելուց։ Ո՞րն է տրամաբանությունը, որ նա այլևս չի կիրառի այդ մեթոդը։ Սա անկախության հարց է»,- հայտարարել է Վարդանյանը։
Քրիստինե Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից դիմել է ՔՊ ներկայացուցիչներին՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխության և Ադրբեջանի հետ հարաբերությունների թեմային։
Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի կարող երաշխիք լինել, որ Ադրբեջանը կհրաժարվի ռազմական ագրեսիայից։
«Սահմանադրություն փոխեք, չփոխեք, եթե Ադրբեջանը պատերազմ ուզենա, առիթը կգտնի։ Ասենք՝ ձեր նստած ձևը իր դուրը չի գա»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։
Բյուջետային քննարկումների ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ վերջին հայտարարություններին։
Գալստյանի խոսքով՝ իշխանությունները չպետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստանձնած քաղաքական պարտավորությունները ներկայացնեն որպես ընտրողների պահանջ։
Նա հակադարձել է նաև հանրաքվե անցկացնելու առաջարկին՝ նշելով, որ դրա միջոցով ժողովուրդն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը։
«Մի՛ փորձեք Ալիևին տված ձեր խոստումն ու քաղաքական հանձնառությունը ներկայացնել որպես ընտրողների կամք։ Առաջարկում եք հանրաքվե անցկացնել, որպեսզի ժողովուրդը հայտնի՝ վստահո՞ւմ է ձեզ, թե՞ ոչ։ Բայց այդ հանրաքվեն արդեն կայացել է՝ հունիսի 7-ին։ Ժողովուրդը ձեզ Սահմանադրություն փոխելու մանդատ չի տվել, ավելին՝ նման փոփոխության հանրային պահանջ էլ չկա»,- հայտարարել է պատգամավորը։


Բաց մի թողեք
«Ո՞նց կարող ա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
Հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը
Ուր է ադրբեջաներեն բնօրինակը. Էդգար Ղազարյան