20/11/2026

EU – Armenia

Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում

Սպիտակ համայնքի՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 3 քաղաքական ուժ: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Արման Ավետիսյանին:

Հրապարակ թերթը գրել է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը: Գործող համայնքապետի դեմ են դուրս եկել նրա ենթակաները, որոնցից է նաեւ «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված Համլետ Մազմանյանը, որը Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է, վարչական համայնքի ղեկավարներ:

3 տարի առաջ ՔՊ-ն Մազմանյանին հեռացրել է կուսակցությունից՝ իրենց համայնքապետի հետ սուր հակասությունների պատճառով: Մազմանյանը Նիկողոսյանին մեղադրում էր որոշումներն առանց քննարկելու ընդունելու, համայնքն անարդյունավետ կառավարելու մեջ։

Այս ընտրական քարոզարշավը դեռ չսկսված՝ Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել է իր տեղակալներից մեկին եւ եւս երեք վարչական ղեկավարի: Օրեր անց թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմեց դատարան՝ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար, քանի որ նա չարաշահել է իր դիրքը, մասնավորապես՝ արձակուրդում գտնվող անձին ազատել է աշխատանքից:

Քաջայր Նիկողոսյանից հետաքրքրվեցինք՝ Ձեզ չի՞ մտահոգում, որ դատարանը Ձեր գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում կկայացնի։ «Չի մտահոգում, քանի որ դրա համար իրավական հիմք չկա: Ինչի՞ են դիմել, որ իբր ընտրարշավը որ սկսվել է, մենք քարոզարշավին խոչընդոտել ենք, ազատումներն են առաջ բերել: Դա աշխատանքային հարաբերությունների դադարեցում է, դա ոչ նախընտրական քարոզարշավին խանգարել է, նման բան չկա: Քարոզարշավը սկսվել է նոյեմբերի 4-ից, բայց այդ ազատումները եղել են հոկտեմբերի 29-ին՝ տեղակալի ազատումը, ամսի 30-ին՝ երեք վարչական ղեկավարներինը: Կրկնում եմ՝ սա զուտ աշխատանքային հարաբերությունների դադարեցում է, այս դեպքը նախընտրական քարոզարշավի հետ աղերս չունի: Մենք էլ ենք հասկանում, կա օրենք, կա խախտում, մենք ազատել ենք նրանց մինչեւ այդ եւ ազատել ենք, քանի որ այդ մարդիկ անընդհատ բացակայել են աշխատանքից, ունեցել կարգապահական տույժեր: Կային էլի աշխատակիցներ, որ խանգարել են, լավ չեն աշխատել, իրենց էլ կհանեինք, բայց չենք հանել: Եթե նրանց էլ ամսի 4-ից հետո հանենք, դա խախտում կլինի»:

– Նախապես իմացե՞լ եք, որ Ձեր ազատած մարդիկ չեն կիսում Ձեր գաղափարները եւ ընտրություններին Ձեր օգտին չեն աշխատի:

– Հիմա ես արձակուրդի մեջ եմ, ի՞նչ տարբերություն՝ ազատվել եմ, թե արձակուրդի մեջ եմ, ես հո վարչական ռեսուրս չե՞մ օգտագործում: Նույնն էլ՝ իրենք, իրենք պնդում էին, որ մնային աշխատանքի, իրենց համար նախընտրական ռեսուրս կունենային: Ես՝ որպես համայնքի ղեկավար, ազատել եմ 3 վարչական ղեկավարների, եթե ինձ իրենց տեղերը պետք լինեին, ես վաղուց իրենց տեղը մարդ կնշանակեի: Ավելին ասեմ՝ Լեռնավան, Նոր Խաչակապ համայնքների վարչական ղեկավարներն ամիսներ առաջ իրենց դիմումի համաձայն դուրս են եկել աշխատանքից, եթե նրանց տեղերն ինձ պետք լինեին, որ իմ նախընտրական գործերը լավ լինեին, ես վաղուց իմ թիմից այդ երկու համայնքներում նշանակած կլինեի վարչական ղեկավար: Ինձ պետք է գիտակ եւ սիրված մարդ, որոնց ընտրություններից հետո նշանակում կանեմ, խիղճս հանգիստ եւ ճիշտ ընտրությամբ:

– Այս փուլում Լոռվա մարզպետն է Ձեր կողքին, որոշ ՔՊ-ականներ շատ ակտիվ քարոզարշավ են անում: Հաշվի առնելով, որ Ձեր ենթակաները Ձեր դեմ են պայքարում, ինչպե՞ս եք գնահատում Ձեր վերընտրվելու հնարավորությունը:

– Դուք որ ինձ ճանաչեիք, համոզված եմ, Դուք էլ իմ կողքին կլինեիք, որովհետեւ ես այդ տեսակն եմ: Ճիշտ է՝ թիմային աշխատանքն էլ է կարեւոր, որովհետեւ էս նույն թիմի համար եմ հոգ տարել: Ոնց եմ պատկերացնում իմ վերընտրվելու հնարավորությունը՝ իհարկե, ժողովուրդն է գնահատելու այս 5 տարիների իմ աշխատանքը: Սրանք ՏԻՄ ընտրություններ են, առավել փոքր համայնքներում անձով են պայմանավորում, իհարկե՝ քաղաքական ուժն էլ, կուսակցական պատկանելությունն էլ մեծ դերակատարում ունեն, բայց փոքր համայնքների մեջ ասում են՝ ով է առաջին համարը, ով է թեկնածուն: Գիտեք, ես երկար տարիներ «Հայփոստում» եմ աշխատել, միշտ շփվել եմ ժողովրդի հետ: Եթե «Հայփոստում» չաշխատեի, ես միգուցե երբեք չէի ընտրվի որպես համայնքի ղեկավար: Եթե այդ պաշտոնին չաշխատեի, ժողովուրդն ինձ չէր ճանաչի, միգուցե ճանաչեր վատով: Ես մի մասնիկն եմ այս ժողովրդի, ես հավատում եմ, որ կընտրվեմ նորից։ Իհարկե՝ առաջ Աստված, եթե համայնքի զարգացման համար ես եմ պետք, թող տա Աստված՝ ես ընտրվեմ, եթե ես կծուլանամ կամ չեմ աշխատի, տա Աստված, որ չընտրվեմ: Ինձ ընտրողը ժողովուրդն է, ես իրենց փոխարեն չեմ կարող ասել, բայց, իմ կարծիքով, շատ են սիրում ինձ, ավելի շատ մեր Քաջո են ընդունում, քան՝ համայնքի ղեկավար կամ այլ պաշտոնյա: Ժողովուրդս որպես իրենց տան անդամ է ինձ ընդունում:

– «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Համլետ Մազմանյանը, որի հետ լարված հարաբերություններ ունեք, Ձեզ մեղադրում է համայնքն անարդյունավետ կառավարելու մեջ։ Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես չեմ ուզում նման բանսարկու մարդկանց ասածով ինչ-որ հարցեր պարզաբանել, իմ բնավորությունն է այդպես, ու ես ճիշտ եմ անում: Նրանք ովքե՞ր են, որ նրանց ասածներին էլ պատասխանեմ: Այդ նույն մարդն ավագանու անդամ է ընտրված ՔՊ-ի ցուցակով եւ հեռացված է նույն կուսակցության կողմից: Առաջին մի տարին եկավ՝ խանգարեց, խանգարեց, իսկ վերջին 4 տարվա ընթացքում գեթ 1 անգամ չի եկել ավագանու նիստին, ընկերների հետ չի ներկայացել ավագանու նիստերին, որպեսզի մենք քվորում չապահովենք, ու նման մարդը խոսի բյուջեի եւ համայնքի զարգացման մասի՞ն: Մեր թանկ ժամանակը բեր չկորցնենք սրա վրա:

– Այնուամենայնիվ, եթե այնպիսի զարգացումներ լինեն, եւ Ձեզ 1 մանդատ պետք լինի համայնքապետ դառնալու համար, ո՞ւմ հետ կհամագործակցեք՝ Համլետ Մազմանյանի հետ գործարքի կգնա՞ք:

– Անձով պայմանավորված՝ բացառվում է։ Եթե պետք լինի՝ ժողովուրդը կընտրի, եթե ինձ են քվե տալիս, չի կարելի վիրավորել ժողովրդին: