Հինգշաբթի օրը՝ կառավարության նիստից հետո, Նիկոլ Փաշինյանի ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Փաշինյանին հարց էր ուղղել` նրա ելույթին հղում անելով։
«Բուլդոզերը մեքենա է, որը նախատեսված է հողը փորելու, քանդելու, տեղափոխելու համար: Երեկ սպառնում էիք, ասում էիք՝ բուլդոզերով կգամ, կանգ չեմ առնելու: Ի սեր Աստծո, Եռաբլուրում ինչքան հող կա, փորվել է, ինչքան տեղափոխելու է, տեղափոխել եք, ինչքան քանդելու է, քանդել եք: Հերիք չէ՞: Էս ձեր ատելության, սպառնալիքների դոզան, կիրքը մինչեւ ո՞ւր է հասնելու: Դուք արդեն որերորդ անգամ նայում եք հայ մարդու աչքերի մեջ ու առանց աչքը թարթելու հարցնում՝ բա դուք խի՞ չեք զոհվել: Ասենք՝ իրենք էլ զոհվեին, դա Ձեզ ի՞նչ էր տալու: Ձեր քյարը ո՞րն է»,- ասաց Ջեբեջյանն ու Եռաբլուրի լուսանկարներ ցույց տալով հավելեց. «Եռաբլուրի պատկերն է՝ տապանաքարերը, դիակները, պարկերով դիակները… Էս ամեն ինչը հերիք չէ՞: Որ Դուբլին գնացել էիք, Ալիեւին հարցրե՞լ եք՝ բա դու հորդ հետ ինչի՞ չես մեռել… Ինչի՞ եք անընդհատ հայերին գալիս ասում: Ու ընդհանրապես, կներեք արտահայտությանս համար, Դուք խի՞ եք սաղ: Ձեր Կոնջորյանը, Խանդանյանը, Արայիկ Հարությունյանը, Վահան Կոստանյանը, չծառայածներով, ձեր թիմով դուք ինչի՞ եք սաղ մնացել: 8 տարի է՝ սպառնում եք՝ կկզըցնեմ, կսատկըցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով… Մի հատ ինձ կասե՞ք՝ ո՞նց է լինում, որ մի գյումրեցի աղջիկ Ֆեյսբուքում խնդրանք է գրում՝ «հաջորդ անգամ ադրբեջանական դրոշի տեղը Նիկոլ Փաշինյանի թրաշը վառեք», իրեն 1.5 տարի դատարաններում քաշ են տվել: Ուրեմն Ձեր թրաշն ավելի թանկ է, քան այս մարդկանց կյանքե՞րը»:
Այս հարցը հունից հանեց Փաշինյանին, նա կրկին հիստերիայի մեջ ընկավ: «Նախ՝ պիտի արձանագրենք, որ Դուք այնքան էլ խեղճ աղջիկ չեք, որ Ձեզ հետ ոչ մի բան տեղի չի ունենում՝ անկախ նրանից, թե ինչ եք ասում: Եվ թույլ տվեք նկատել, որ Դուք՝ անձամբ, եւ Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ եւ քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական եւ ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տեւական ժամանակ դարձրել եք քաղաքական եւ հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետեւ դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը»,- փրփրեց Փաշինյանը: «…Էն ստահակները, ովքեր 5 տարի ասում են՝ 5000, 7000 զոհ՝ Միշիկի եւ Սերժիկի գլխավորությամբ… Այո՛, սատկացնելու եմ` Միշիկի գլխավորությամբ: Եվ բոլոր՝ Եռաբլուրը մանրադրամ սարքողներին… Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ Դուք… Եռաբլուրը մանրադրամ դարձնող բոլոր ճողոպրածներին, ովքեր ինձ կմեղադրեն հող հանձնելու մեջ, ես կասեմ՝ ինչի՞ չեք զոհվել, ու ճիշտ կանեմ ու ասում եմ բոլոր փախածներին, որովհետեւ այդպես խոսողների 90%-ը փախածներ են, մյուս 10%-ը էդ տղերքի թիկունքում թաքնվածներ են»,- չէր հանդարտվում Փաշինյանը::
«Ազգ» պարբերականի երկարամյա խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով կատարվածի մասին, ասաց. «Լրագրողները պետք է բոյկոտեն ու հարց չտան այդ մարդուն: Ոչ ոք իրավունք չունի լրագրողին նման պիտակներ կպցնելու: Լրագրողական համայնքն անպայման պետք է սատարի իրենց գործընկերոջը: Բայց ես վստահ եմ, որ բոյկոտ երբեք չեն անի` այսքան ժամանակ չեն արել: Պետք է թողնել, որ այդ մարդն ինքն իրեն խոսի, ի վերջո՝ կգտնի իր նման մի քանիսին, ու վերջ: Այս մարդը չի հետեւում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մարդը չի տեսնում, որ անգամ Թրամփի պես ղեկավարը, երբ որոշեց, որ լրագրողներից մի քանիսը չպետք է մուտք գործեն Սպիտակ տուն, ամբողջ ամերիկյան մամուլը ոտքի կանգնեց, եւ նա ստիպված եղավ իր թքածը լիզել: Եվրոպայում խնդիր է դրված՝ ատելության խոսքը դարձնել քրեական հանցագործություն: Նիկոլ Փաշինյանը կտրված է այս ամենից: Նա միայն իր անձնական օգուտների մասին է մտածում, սակայն իրավունք չունի իր մաղձը թափել լրագրողների վրա: Իր խոսքում նաեւ բարերարության դեմ խոսեց, ծաղրեց նրանց, ասաց, որ բարերարը պետությունն է, բայց պետությունը կատարող է, չի կարող լինել բարերար: Իր պարտականությունն է բարեխիղճ աշխատելը: Նա դրա համար ահռելի գումարներ է պետությունից ստանում: Հայաստանը 8 միլիարդ պարտքի տակ է գցել ու դեռ հոխորտո՞ւմ է»:


Բաց մի թողեք
Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ
Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. Լուսանկար
Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել