21/11/2026

EU – Armenia

Ինչ է կանխատեսել The Economist-ը 2027-ի համար

Բրիտանական հեղինակավոր The Economist հանդեսը հրապարակել է իր ամենամյա The World Ahead հատուկ թողարկման՝ 2027 թվականին վերաբերող համարը։ Այն նվիրված է հաջորդ տարի աշխարհում սպասվելիք սպառնալիքներին եւ քիչ թե շատ կարեւոր իրադարձություններին։

The Economist-ի կանխատեսմամբ, 2027 -ին աշխարհը կարող է առերեսվել քաղաքական ցնցումների, ֆինանսական ճնշումների եւ նոր ռիսկերի հետ, որոնք կապված են արհեստական բանականության հետ։

Շապիկի կազմին գլոբալ հակամարտությունների սիմվոլներն են, տնտեսական անկայունությունը եւ տեխնոլոգիական փոփոխությունները։ Հրապարակումը բուռն արձագանքի է արժանացել սոցկայքերում, օգտատերերը փորձել են հասկանալ «մեսիջները»՝ ապագա աղետների եւ աշխարհակարգի փոփոխությունների հետ կապված։ Գլխավոր կանխատեսումներից մեկը վերաբերում է ԱՄՆ-ին։ Հեղինակները կարծում են, որ հաջորդ տարի Միացյալ Նահանգներում կսկսվի ակտիվ պայքար Դոնալդ Թրամփի քաղաքական ժառանգության համար, իսկ նախագահն էլ կարող է ավելի խորացնել իր առճակատումը քաղաքական հակառակորդների հետ եւ նոր արտաքին քաղաքական նախաձեռնություններով հանդես գալ։ Տնտեսական կանխատեսումների առումով էլ է իրավիճակը բավականին տագնապեցնող։ The Economist-ը կարծում է, որ հաջորդ տարի հնարավոր է լինեն ճգնաժամային իրավիճակներ պետական արժեթղթերի շուկաներում՝ հաշվի առնելով զարգացած երկրների պարտքի աճը։

Հնարավոր է, որ արհեստական բանականության հետ կապված՝ ընկերությունները հայտնվեն դժվարությունների առաջ։ Առանձին ուշադրություն է հատկացվում կիբեռսպառնալիքներին եւ Իրանի դեմ պատերազմի հետեւանքներին, որոնք զգալի են լինելու էներգետիկայի եւ պարենային անվտանգության ոլորտներում։ Միջազգային սպառնալիքների շարքից առանձնացրել են Թայվանը։ The Economist-ը հիշեցնում է, որ չինական բանակը նախապատրաստվում է Թայվանում գործողություն իրականացնել, եւ դա կարող է լինել 2027-ին։

Եվրոպայում առանցքային նշանակություն կունենան Ֆրանսիայի նախագահական ընտրությունները։ Մարին Լը Պենի հնարավոր հաղթանակը կարող է քաղաքական ու ֆինանսական ցնցումների պատճառ դառնալ։ Սոցցանցային մեկնաբանություններում էլ կանխատեսում են, որ կարող է լինել մասշտաբային գլոբալ կիբեռհարձակում կամ բանկային խուճապ, կամ բախում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։ The Economist-ը կանխատեսում է նաեւ նոր կլիմայական ռեկորդներ, քաշի նվազեցման դեղամիջոցների ոլորտում նոր նվաճումներ եւ տիեզերական թռիչքների էժանացում։