Կոտայքի մարզի Նաիրի համայնքում եւս դեկտեմբերի 13-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ թեժ ընտրապայքար է սպասվում՝ առաջադրվել է 5 ուժ։
Համայնքի գործող ղեկավար Նորայր Սարգսյանը գլխավորելու է «Միասին՝ հանուն համայնքի» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կազմած «Համերաշխություն» դաշինքի ցուցակը։ ՀՅԴ ցուցակը գլխավորում է Էդուարդ Թովմասյանը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության համայնքապետի թեկնածուն Ռուբեն Մկրտչյանն է։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը նույնպես մասնակցում է՝ ցուցակը գլխավորում է Վարդան Մարտիրոսյանը։ Ընտրությանը մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունը 12 թեկնածուից բաղկացած ցուցակ է ներկայացրել` առաջին համարն արցախցի հայտնի բժիշկ Վլադիմիր Սարգսյանն է։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է ընտրությունը կանգ առել Վլադիմիր Սարգսյանի թեկնածության վրա, Առաքելյանը նշեց․ «Մեր թիմակիցն է, որն ավելի քան 40 տարի համայնքի տարբեր բուժհաստատություններում բժիշկ է աշխատել, ծնունդով Արցախից է, 80-ականներին տեղափոխվել է Հայաստան, Եղվարդում բժիշկ է աշխատել, համայնքում հայտնի է, բավականին բարձր հեղինակություն ունի, սիրված է բնակչության կողմից։ Վերջին մեկ տարին էլ չի աշխատում արդեն։ Իսկ թիմում ներգրավված են մի շարք երիտասարդներ՝ համայնքին նվիրված, հետաքրքիր գաղափարներով»։ Հարցին՝ մտավախություններ չունե՞ք, որ հնարավոր է բռնաճնշումների ենթարկվի ձեր թիմը, Առաքելյանն արձագանքեց․ «Հինգ տարի է՝ մենք ամենաշատ ՏԻՄ ընտրություններին մասնակցող, ամենաշատ բռնաճնշումների ենթարկված ու նաեւ թիմակցի կորուստ տված կուսակցությունն ենք, մեր պայքարը շարունակվում է: Ոչ թե չենք վախենում, այլ ընդունել ենք ի գիտություն այդ ապօրինությունները եւ դրա դեմ պայքարելով՝ գնում ենք առաջ»։



Բաց մի թողեք
CNN Türk-ը՝ Հայաստանի նոր սահմանադրության քննարկումների մասին
Առանձնահատուկ հուզմունքով եմ ընդունել Դավիթ Բաբայանին հովանավորելու առաջարկը. Լուսանկար
«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը