25/11/2026

EU – Armenia

Դժգոհ են բոլորը

Երկրում դժգոհության ահռելի կուտակում կա` բոլորը բոլորից դժգոհ են: Շարքային քաղաքացիները դժգոհ են իշխանությունից, որ երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ պետության մայր օրենքն է փոխում` մեր թշնամիների պատվերով:

Հրապարակ թերթը գրել է․ Դժգոհ են ընդդիմությունից, որ չկարողացան իշխանափոխություն անել եւ երկրում նորմալ իշխանություն ձեւավորել կամ գոնե ինչ-ինչ հարցերում փոփոխություններ իրականացնել:

Ընդդիմությունը դժգոհ է ժողովրդից, որ գնաց եւ ձայն տվեց պարտված ու երկիրն այս վիճակին հասցրած թիմին, հիմա էլ փողոց դուրս չի գալիս` հեղափոխություն չի անում, չի աջակցում իրեն` հեղափոխություն անելու հարցում: Իշխանությունն էլ է դժգոհ ընդդիմությունից, որ թույլ չի տալիս սահմանադրությունը փոխել, խանգարում է իր ծրագրերի լիարժեք ու անարգել իրականացմանը:

Դժգոհ է նաեւ Արեւմուտքից, որը լիարժեք աջակցություն չի ցուցաբերում` ֆինանսի, անվտանգային երաշխիքների, իրենց խանգարողներին պատժելու տեսքով: Դժգոհ է Ռուսաստանից, որը սանկցիաներ է կիրառում Հայաստանի հանդեպ, պահանջներ դնում:

Իշխանությունը դժգոհ է նաեւ հասարակությունից, որն ընդդիմության «գլուխները չի ջարդում», իրենց է երբեմն քննադատում, պահանջներ է ներկայացնում` չգնահատելով այն «տիտանական ջանքերը», որով իրենք փորձում են երկիրը ցնցումներից զերծ պահել եւ վերջնական խաղաղություն հաստատել:

Դժգոհության, մուննաթի, ատելության, չարության այս ահռելի կուտակումը երկրում թույլ չի տալիս, որ ամեն մեկը զգա իր մեղքի ու պատասխանատվության բաժինը, օբյեկտիվ լինի սեփական քայլերի ու գործողությունների նկատմամբ:

Այս բոլոր դերակատարներից միայն ժողովուրդն է, որ իրավունք ունի դժգոհ լինել ե՛ւ իշխանություններից, ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ իր կյանքի որակից ու պահանջներ ներկայացնել բոլորին: