25/11/2026

EU – Armenia

«Չորրորդ հանրապետություն» է ուզում ձեւավորել, որ հիմք լինի երրորդ հանրապետության տարածքներից հրաժարվելու

Երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2018-ին Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը ամենաշատը քննադատում էր սահմանադրության փոփոխության համար եւ խոստանում էր, որ փոխելու է սահմանադրությունը, քանի որ այն «կարված» է Սերժ Սարգսյանի «հագով»։

Խոստանում էին վարչապետի լիազորությունները կրճատել, բայց տարիների ընթացքում պարզվեց, որ նրան դուր է գալիս սուպերվարչապետ լինելը, եւ վարչապետի լիազորությունների սահմանափակման հարցը դուրս եկավ օրակարգից, մնաց Անկախության հռչակագրի հղումը հանելու հարցը։

Սահմանադրության նախագծի մասին Հրապարակը զրուցել է սահմանադրական իրավունքի եւ իրավական հարցերի փորձագետ Արամ Օրբելյանի հետ։

– Ծանոթացե՞լ եք նոր սահմանադրության տեքստին, ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Սահմանադրության փոփոխության հիմնավորված անհրաժեշտություն չեմ տեսնում, հետեւաբար՝ այս փուլում առարկայազուրկ եմ համարում դրա նախագծի քննարկումն ու առանձին դրույթների մեկնաբանությունը։

– Այսինքն, ՀՀ սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն չկա՞։

– Ցանկացած երկրի ցանկացած սահմանադրություն միշտ կարելի է բարելավել, չկա մի իրավական փաստաթուղթ, որն այսօր մենք կազմենք, մեկ շաբաթ հետո ինչ-որ մի բան հնարավոր չլինի բարելավել։ Բայց սահմանադրությունների կարեւոր արժեքներից մեկը դրա կայունությունն է, այսինքն՝ սահմանադրությունները, որոնք հաճախ փոխվում են, կապ չունի՝ կառավարման ձեւի հետ կապված շատ բան կփոխեն, թե՝ քիչ, ամեն մի փոփոխություն քաղաքական համակարգի համար խոր սթրես է առաջացնում, եւ քաղաքական համակարգի ամբողջական ձեւավորում տեղի չի ունենում։ Պայմանական պլանավորում ենք կիսանախագահական կառավարման ձեւով մասնակցել ընտրությունների, նախագահի թեկնածու ենք ձեւավորում, նախագահի թեկնածուի անձի շուրջ է ամբողջ նախապատրաստական գործընթացը տեղի ունենում, ու հանկարծ անցնում ենք պառլամենտականի: Պարզվում է, որ կուսակցություններն են կարեւոր: Շարունակում ենք նախապատրաստվել ընտրությունների, պառլամենտական համակարգով աշխատում ենք, կուսակցություններ ենք ձեւավորում, մասնակցում ենք ընտրությունների, դասեր ենք քաղում, կուսակցություններում անհատները շատանում են, փորձում ենք ընդլայնել կուսակցությունը` հաջորդող ընտրություններին մասնակցելու համար, առաջնային կուսակցության գաղափարական մասն է մեծանում, ճիշտ է` այնտեղ առաջնորդների դերն էլ է կարեւոր, բայց բավարար չէ: Ու մեկ էլ կրկին կառավարման ձեւը փոխվում է, եւ անցնում ենք նախագահական կամ կիսանախագահական համակարգի, պարզվում է, որ արդեն իսկ ձեւավորված մոտեցումներն այլեւս չեն աշխատում, եւ ամեն ինչ կրկին սկսում ենք նորից: Օրինակ՝ կուսակցությունների դեպքում մինչեւ ընտրությունները կոալիցիա կազմելն ընդհանրապես սկզբունքային չէ, եթե 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորություն կա, կոալիցիան Ազգային ժողովում են կազմում, իսկ նախագահական ընտրությունների դեպքում միավորումների հարցն արդեն պետք է կազմեն մինչեւ ընտրությունը, որովհետեւ միայնակ չեն կարողանա որեւէ կերպ ազդել արդյունքի վրա։ Արդյունքում` նման հաճախակի փոփոխությունները նպաստում են բացառապես վարչական եւ ուժային ռեսուրսներին տիրապետողներին՝ գործող վարչակարգին: Հետեւաբար, եթե նույնիսկ սահմանադրությունն ունենում է «թերություններ», սակայն նման խնդիրները քաղաքական ճգնաժամի առջեւ չեն կանգնեցրել, այն էլ` անլուծելի ճգնաժամի, սահմանադրությունը չփոխելն ավելի ճիշտ է, քան՝ փոխելը։ Ընդ որում, նշվածը միայն կառավարման ձեւի կտրուկ փոփոխություններին չի վերաբերում, այլ՝ ցանկացած բովանդակային փոփոխության:

– Ի՞նչ ռիսկեր կան նոր սահմանադրության ընդունման դեպքում։

– Այսպես կոչված՝ «չորրորդ հանրապետության» ռիսկն այն է, որ երբ պետությունը դադարում է գոյություն ունենալ՝ երրորդ հանրապետությունը, ապա միջազգային իրավունքի տեսակետից նոր ձեւավորվող պետությունը՝ «չորրորդ հանրապետությունը», կարող է ձեւավորվել ցանկացած տարածքում, եւ չկա որեւէ կանոն, որ դա հենց նույն տարածքով պետք է լինի, ինչ ունեցել է նախորդ պետությունը (մանավանդ որ փոփոխությունները հենց տարածքի հետ կապված հարցով են պայմանավորում՝ Սահմանադրության նախաբանը եւ Անկախության հռչակագրին հղումը անելով)։ Այսինքն, դա նշանակում է, որ հնարավոր է, օրինակ, ՀՀ-ում երկու պետություն ձեւավորվի կամ մի պետություն ձեւավորվի, պետության մի մասն էլ անցնի ուրիշ պետության։ Սա նշանակում է, որ մենք ուղղակի հրաժարվում ենք Հայաստանի տարածքներից, որովհետեւ այս մնացած տարածքի վրա նոր պետություն ձեւավորեցինք։ Այս խնդիրն առավել սրվում է, եթե հաշվի առնենք, որ իրականում մենք նոր պետություն չենք ձեւավորում, անունն ուզում եք դրեք նոր սահմանադրություն, թե սահմանադրության փոփոխություն, ինչ անուն էլ դնեք, մենք անփոփոխելի հոդվածները չենք կարող փոփոխել, ներառյալ` նախաբանը։ Նշվածը չի բացառում սահմանադրական դրույթների իրավական բովանդակության՝ նշանակության որոշակի փոփոխություն` մեկնաբանման միջոցով: Նման կայունությունն է հենց պետության հարատեւության գրավականը, ինչի վառ օրինակն է ԱՄՆ-ն՝ իր արդեն 240-ամյա սահմանադրությամբ՝ նվազագույն փոփոխություններով:

– Իսկ պետությունը մեզանում չի՞ խախտում սահմանադրության դրույթները։

– Իրականում, ավելի լուրջ խնդիր է սահմանադրությունը պահպանելը, սահմանադրության պահանջները կատարելը, այլ ոչ թե այն փոփոխելը: Որ ասում են, թե սահմանադրությունը վատն է, գերվարչապետական է եւ այլն, դա այդպես է տեղի ունենում, երբ մենք մտքում ունենում ենք այդ գերվարչապետական՝ անձնակենտրոն համակարգը ու դրա մեջ ենք ամեն ինչ տեսնում, բայց սահմանադրությունը տարբեր սահմանադրական մարմիններին տվել է բազմաթիվ լիազորություններ, որոնք ուղղակի գործող վարչապետը յուրացնում է։ Օրինակ, նախագահի առաջնային գործառույթները զավթվել են, նախագահի արարողակարգային գործառույթը վարչապետն իրեն է վերագրել: Առաջին հայացքից ձեւական լիազորություն է, բայց երբ արարողակարգային հանդիպումներ գլխավոր դատախազի, դատարանների նախագահների, ԲԴԽ անդամների հետ ունենում է հանրապետության նախագահը՝ չունենալով այլ լիազորություններ, միջամտություն տեղի չի ունենում: Իրավիճակը նույնը չէ, երբ նույն գործողությունն իրականացնում է կառավարության ղեկավարը։ Մեզ մոտ ընկալումն այնպիսին է, որ նախագահը վարչապետի մոտ է աշխատում։ Նշվածի արդյունքում որոշակի կախվածության մեջ նե ընկնում դատական համակարգը, իրավապահ համակարգը, ինքնավար հանձնաժողովները եւ այլն. ստեղծվում է տպավորություն, որ դրանք կառավարությանը ենթակա մարմիններ են, իսկ այդ տպավորությունը բերում է արդեն փաստացի կախվածության: Դրա վառ օրինակն է Քննչական կոմիտեի եւ ԲԴԽ նախագահի հրաժարականը վարչապետի կարճ հաղորդագրությամբ ուղարկված «խնդրանքով»:

– 2018-ին Փաշինյանի իշխանությունը չէր խոսում հռչակագրի խնդրահարույց լինելու մասին, իսկ այսօր Ադրբեջանի պահանջով հանում է նախաբանից։ Սահմանադրությո՞ւնը չէ խնդիրը, միայն Ալիեւի հրահա՞նգն է կատարում իշխանությունը:

– Ադրբեջանը դա վաղուց է պահանջում։ Եթե այդպիսի սկզբունքային կարիք կար՝ սահմանադրությունը հանրաքվեի դնելու, ուզում էին փոխել` մինչեւ ընտրությունները, երբ դեռ 2/3 մեծամասնություն ունեին, թող փոխեին։ Չփոխեցին, որովհետեւ իրենց հետաքրքիր չէ արդյունքը, այլ՝ բուն գործընթացը եւ դրա արդյունքում պայքարի տպավորությունը։ Այս գործընթացում դուք բարձրաձայնում եք Ալիեւի կոնկրետ «հանձնարարությունը կատարելու» մասին, բայց ես գնահատում եմ այլ կերպ. սա Հայաստանը ոչնչացնելու խնդիր է, բոլորին վարկաբեկելու, նսեմացնելու խնդիր է դրված, խնդիր է դրված, որ բոլոր դատավորները, դատախազները, քննիչները լինեն վարկաբեկված՝ իրենց ներսում համոզված լինելով, որ իրենք ոչնչով լավը չեն քաղաքական իշխանություններից, քանի որ ապօրինի գործընթացների են մասնակցել, որ մեկը մի բան մտածի կամ խոսի, ասեն` «դու էս չե՞ս, որ մարդկանց ապօրինի կալանավորում ես կամ դատապարտում ես»։ Եթե ընդդիմությունն ինչ-որ կերպ համաձայնի կողմ քվեարկել եւ հանրաքվեի դնել սահմանադրությունը, ասվի` հաստատվեց, որ աթոռակռիվ է այս ամենը, այլ ոչ թե գաղափարական պայքար, երբ հնարավոր եղավ գաղափարից հետ կանգնելով ենթադրաբար հասնել գործող վարչապետի կրկին չառաջադրվելուն՝ համաձայնեցին: «Դուր չի գալիս` դուրս եկեք, հեղափոխություն արեք» պնդումով անուղղակի փորձում են ամբողջ գործընթացի հետ կապել ժողովրդին, որ միշտ հնարավոր լինի բարդել նշվածը հենց ժողովրդի վրա: Հայ ազգին «ոչնչացնելու» ծրագիր են իրականացնում։ Ես ասում եմ՝ սահմանադրությունը փոխվելու կարիք չունի, սահմանադրությունը կարող է լավը լինել կամ վատը լինել, դրա հետ պետք է ապրել՝ առնվազն այնքան, որքան հնարավոր է, ընդունենք` ծնողդ է. կարող է ինչ-որ հարցերում լավը լինել, ինչ-որ հարցերում՝ վատը, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն առիթով պարբերաբար փորձես նրանց փոխել: Փոփոխելը պետք է լինի այն դեպքում, երբ անլուծելի խնդիրներ են առաջացել, որոնք ուղղակիորեն խոչընդոտում են ապրել: ՀՀ բոլոր 3 սահմանադրական փոփոխություններն ուղղված են եղել որոշակի խնդիրներ լուծելուն․ լավ է, թե վատ՝ հիմա չեմ ուզում անդրադառնալ: Արդյունքում խնդիրը հետեւյալն է․ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրության փոփոխության «կարիք չունի», չկա այնպիսի խնդիր, որը չենք կարողանում լուծել առկա համակարգում, իսկ փոփոխությունները բերելու են ավելի խորքային նոր խնդիրների։ Մենք խնդիր ունենք այս սահմանադրությանը հետեւելու, այն հարգելու եւ ընդունելու, դրանով առաջնորդվելու որպես գործող իրավունք, ջանք գործադրելու, որ այն կիրառվի եւ լինի մեր կյանքի մասը։