27/11/2026

EU – Armenia

Աննա Հակոբյանը այնքան է այդպիսի տեսանյութեր տարածելու, մինչեւ մի օր կարդանք, որ Տիգրան Ավինյանն ինքն է անցել կամուրջներից մեկի բազրիքը․․․

Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը, այս անգամ նա դա արել է Վիեննայից։ Հակոբյանը տարածել է տեսանյութ, թե ինչպես է 2 միլիոն բնակիչ եւ ամսեկան գրեթե 1 միլիոնից ավելի զբոսաշրջիկ ունեցող քաղաքը մաքրվում ձյունից, զերծ մնում դժոխային երթեւեկությունից, եւ այլն։ Ու նա եզրակացնում է, որ «չենք կարող կռահել անգամ, թե ինչպես են կարողանում լուծել խնդիրները»։

Աննա Հակոբյանը ի վերջո հասցնելու է իրավիճակը այն կետին, որ Տիգրան Ավինյանը «ինքնահրկիզվի» Երեւանի խցանումների ֆոնին։ Սա իհարկե կատակ է, բացարձակ կատակ, բայց իրավիճակը կարծես թե բավականին լուրջ է քաղաքական առումով։

Ի դեպ, հատկանշական է, որ Աննա Հակոբյանի նոր տեսանյութ–կսմիթը հրապարակվում է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային էջերում հրապարակվել էր ՔՊ նիստից տեսանյութ, որտեղ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվում է Երեւանի երթեւեկության խնդիրը։

Տպավորություն է, որ Փաշինյան–Հակոբյան զույգը մի կողմից «յուղում, մյուս կողմից դաղում» է Տիգրան Ավինյանին, ինչպես կասեր ժողովրդական խոսքը։

Սա իհարկե վկայում է այս հարցում բավականին լուրջ ներիշխանական բաժանարար գծերի մասին։ Կրկնեմ գնահատականս, որ տվել եմ ոչ միայն այս պատմության սկզբից, այլ դեռեւս խորհրդարանի ընտրությունից հետո։ Նիկոլ Փաշինյանն ընտրության արդյունք է ապահովել՝ նվազագույն անհրաժեշտ արդյունք է ապահովել այնպիսի մեծ գնով, որ դրա ծանրությունը հաղթահարելու, կամ ավելին՝ հաղթահարելու հնարավորություն պահելու համար կարող է իրենից պահանջվել քաղաքական էական «զոհաբերություն»։ Տիգրան Ավինյանը դիտվում է դրա թիվ մեկ թեկնածուն, ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներից։

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան ու տելեգրամյան ալիքներից